Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերը»՝ հանրության դատին

Հունվար 26,2010 00:00

«Սասնա ծռեր» էպոսի հիման վրա Արման Մանարյանի նկարահանած անիմացիոն ֆիլմն արդեն հանդիսատեսի դատին է հանձնվել: Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում ֆիլմի շնորհանդեսն էր, իսկ դրանից առաջ «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը: Նա նշեց, որ 8 տարի սպասել են ֆիլմին եւ կարծում են, որ արդյունքը կփոխհատուցի թափված ջանքերը: Գ. Գեւորգյանի խոսքով, ֆիլմը երկար ճանապարհ է անցել, մինչեւ 2001-ը չեն կարողացել գտնել ֆինանսական աղբյուրներ, եւ, ի վերջո, այն նկարահանվել է պետական բյուջեով եւ «Գրանդ Քենդի» ընկերության աջակցությամբ:

Բանախոսը նաեւ նշեց, որ տարեկան նկարահանվել է ֆիլմի մեկ սերիա, այսինքն՝ տասը րոպե. «Շատերը հարցնում են՝ ինչո՞ւ է տասը րոպե նկարահանվել, եւ այդքան երկար ձգձգվել նկարահանումները: Ես էլ պատասխանեմ՝ ֆիլմը բարդ էր, եւ բարձր որակի մասնագետների պակաս ունեինք՝ անիմատորներ, նկարիչներ, մուլտիպլիկատորներ, հետո էլ փորձեցինք ներգրավել Ռուսաստանի ուժերը: «Սոյուզմուլտֆիլմի» հետ էլ փորձեցինք համագործակցել»:

Ազգային կինոկենտրոնի տնօրենը շարունակում է՝ որպեսզի այլ մուլտիպլիկացիոն ֆիլմերի ստեղծման համար էլ գումար ունենային, նախընտրեցին աշխատել երկար եւ հայ մասնագետների հետ, այդ թվում՝ Ռոբերտ Սահակյանցի, Գայանե Մարտիրոսյանի, Նարինե Մուրադյանի եւ այլոց: Պարոն Գեւորգյանն ասաց, որ մոտ 80 րոեանոց ֆիլմն ունի պատկառելի բյուջե. «Միջազգային չափանիշներին համապատասխան ֆիլմ է, արդեն հայտ ենք ներկայացրել Կաննի փառատոնին մասնակցելու համար ու միայն Կաննով չենք սահմանափակվելու: Ֆիլմը նկարչական բարդ աշխատանք է, եւ նկարիչներից հիմնականում մեծ աշխատանք է տարել Վարդան Զաքարյանը, մի շրջան կար, որ նա ցանկանում էր մեկնել ԱՄՆ՝ աշխատանքային պատվեր ուներ, բայց մենք կարողացանք համոզել նրան՝ մնալ ու վերջնականապես ավարտել ֆիլմը»:

«Սասնա ծռերում» հնչում են Կարեն Ջանիբեկյանի, Երվանդ Մանարյանի, Ժենյա Ավետիսյանի, Խորեն Աբրահամյանի ձայները: Երաժշտության հեղինակն էլ Հայկ Մանարյանն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել