Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքի ամենաքաղցր ամիսը

Հունվար 26,2010 00:00

Հին Ռուսաստանում մասսայական զբաղմունք էր վայրի մեղուների մեղր հավաքելը: Խիտ անտառները նպաստում էին առատ մեղրի հավաքմանը: Մեղրը տնտեսության կարեւոր ճյուղ էր համարվում եւ բնական մթերքը Եվրոպա էր արտահանվում: Մեղրը նաեւ ամենօրյա ուտելիքի մեջ էր մտնում, ինչպես նաեւ կրոնական ու սովորութային ծեսերի բաղկացուցիչ մաս էր կազմում: Հարսանիքին նորապսակներին 5-10 կգ տարայով մեղր էին նվիրում, ինչը նրանք պիտի մեկ ամսում ուտեին: Այստեղից էլ գալիս է մեղրամիս անվանումը:

Հետաքրքիր է, որ եվրոպական երկրներում ամուսնության առաջին ամիսը նույնպես մեղրամիս է կոչվում: Իսկ սովորությունը՝ մեղրամսին ճանապարհորդության գնալ, գալիս է միջնադարյան Վենետիկից, երբ բարձր խավի ներկայացուցիչները հարսանիքից հետո չորս շաբաթ լողում էին Ադրիատիկ ծովով, գեղատեսիլ կղզիներ այցելելով: Չմտածեք, որ նրանք դա հակասանիտարական պայմաններում էին անում, թավալվելով խոտերի մեջ: Ոչ մի նման բան: Հիմնականում ափ էին իջեցնում մի շքեղ մահճակալ, որը միջատներից պաշտպանող ցանց ուներ նաեւ: Երիտասարդներից ոչ այնքան մեծ հեռավորության վրա պահապաններն էին լինում: Ճիշտ է, նրանք պետք է մեջքով կանգնեին, բայց ականջները հո չէի՞ն կարող փակել:

Հանդարտ եւ հանգիստ հարսանեկան ճամփորդությունը բոլորին չէ, որ դուր է գալիս: Շատերն ուզում են այնպես անել, որ այդ ամիսը մշտապես մնա իրենց հիշողության մեջ:

Այսպես Ժոզեֆ Միշել Մոնգոլֆիեն՝ օդապարիկը հայտնաբերող եղբայրներից մեկը, 1784թ., հարսանիքից հետո մեկ շաբաթ անցկացրել է օդապարիկի մեջ: Ամեն օր նա լցնում էր օդապարիկը եւ նորահարսի հետ մի քանի ժամով օդ բարձրանում: Հենց ծուխը ցրվում էր, օդապարիկը իջնում էր: Ճիշտ է, այս ամենը մի շաբաթ տեւեց, բայց, ամուսինների կարծիքով, դա մի ամիս արժեր: Այդ հիանալի ժամանակի մասին իր հիշողությունները Ժոզեֆը մտցրել է իր ինքնակենսագրական՝ «Փարիզի տանիքների վրայով» գրքի մեջ:

Հռչակավոր ավտոմոբիլային ընկերության տնօրեն Հենրի Ֆորդ կրտսերը՝ հանրահայտ Ֆորդի թոռը, Դեթրոյտի շրջակայքում 55 մետր բարձրությամբ միջնադարյան ոճով աշտարակ էր կառուցել: Այն համալրված էր 1946թ. համար հասանելի տեխնիկայի վերջին խոսքով: Աշտարակի մուտքը փակել էին, եւ նորապսակները մեկ ամսից շուտ այնտեղից չէին կարող դուրս գալ: Ամեն օր այդ երջանիկ զույգին ուտելիքը ֆրանսիական հայտնի «Մաքսիմ» ռեստորանից էին հասցնում: Այդ նպատակով Ատլանտյան օվկիանոսն ամեն օր կտրում-անցնում էր իրենց սեփական ինքնաթիռը, իսկ ուտելիքը աշտարակի արտաքին հատվածում տեղադրված վերելակով հասցնում էին նորապսակներին: Չնայած այս ամենին, ամուսնությունը անհաջող դուրս եկավ:

Ալպինիստներն իրենց մեղրամիսը նախընտրում են լեռներում անցկացնել: Հանրահայտ ճապոնացի Միուրան, որն Էվերեստից դահուկներով է իջել, ամուսնությունից հետո կնոջ հետ ժամանակ էր անցկացնում մոլորակի ամենամեծ լեռան լանջերին: Իսկ հանրահայտ շվեյցարացի ալպինիստ Անդրե Մենյեն եւ իր երիտասարդ կինը՝ Լուիզան, մեկ ամիս անցկացրել են հսկայական ժայռից հորիզոնական կախված վիճակում: Այդ ընթացքում նրանք բարձրանում էին Կարակորումում գտնվող Թաուեր 2-ի գագաթը:

Գիտատեխնիկական առաջընթացն առավել էկզոտիկ մեղրամիս անցկացնելու հնարավորություն է տալիս: Օրինակ, համապատասխան ընկերությունը առաջարկում է թռիչք՝ տիեզերք: Առայժմ երկու հոգի են դրանից օգտվել:

Տիեզերական այս ծրագիրը նորապսակներին անմոռանալի զգացումներ ապրելու մեծ հնարավորություն է տալիս եւ կարելի է չկասկածել, որ ամուսնության առաջին ամիսը նման ձեւով անցկացնելը կամրապնդի նրանց միությունը: Միայն թե աթոռներին ամուր նստեք, քանի որ հիմա ասում ենք գինը՝ 40 միլիոն դոլար, եւ զույգի հետ անպայման պրոֆեսիոնալ տիեզերագնաց է լինելու: Գնի մեջ մտնում է նաեւ տոնական ընթրիքը՝ էկզոտիկ ուտելիքներով, շոու-բիզնեսի ներկայացուցիչների, հարազատների շնորհավորանքը ուղիղ եթերում: Հատուկ սարքավորում է պատրաստված, որը հեշտացնում է անկշռելիության պայմաններում սեքսով զբաղվելը: Միայն առայժմ պարզ չէ, արդյո՞ք բաց տիեզերք էլ են դուրս գալու:

Ըստ venera18plus.com-ի՝ բնական է, որ ցանկացողները բժշկական ատեստացիա պիտի անցնեն եւ մի քանի ամիս մարզումներ կկատարեն, ինչպես նաեւ պիտի ապացուցեն իրենց եկամուտների օրինականությունը ու հավաստեն, որ տեռորիստական կազմակերպությունների հետ որեւէ կապ չունեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել