Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԳԻՇԵՐԸ ՔՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՉԷ՞……

Հունվար 26,2010 00:00

\"\"Նյարդաբանը խորհուրդ է տալիս սահմանափակել գիշերային ինտերնետ զվարճանքը

Երիտասարդներից շատերն այն կարծիքին են, որ գիշերը քնելու համար չէ: Առաջնորդվելով այս կարգախոսով, երիտասարդության մեծամասնությունը գիշերը անց է կացնում ինտերնետ կայքերում: Արդյունքում՝ ձեռք բերում անքնություն կոչվածը: Հաջորդ օրվա կեսն էլ, եթե ներում է ժամանակը, անց են կացնում անկողնում:

Թիվ 2 բուժմիավորման ընդհանուր նյարդաբանության բաժանմունքի վարիչ Արշակ Ղազարյանը դեմ է այս կարգի գիշերային «հաճույքներին»: Ըստ նյարդաբանի, գիշերային ինտերնետ-շփումները կարող են լուրջ վնաս հասցնել ու վտանգի տակ դնել առողջությունը:

Ա.Ղազարյանը ասում է, որ անքնությամբ տառապող երիտասարդը ժամանակի ընթացքում դառնում է ջղագրգիռ, զգում է համընդհանուր թուլություն, հնարավոր է՝ հիշողության անկում, ինչը, բնականաբար, բացասական է անդրադառնում երիտասարդի ուսման վրա, բացակայում է ախորժակը:

Ի դեպ, նյարդաբանի խոսքերով, անքնությամբ տառապող երիտասարդների քաշը կտրուկ նվազում է:

«Սովորաբար երիտասարդները երկար ժամեր համակարգչի մոտ անցկացնելով, հրաժարվում են ուտել մրգեր, բանջարեղեն, վիտամիններով հարուստ սննդամթերք: Հաճախ բավարարվում են արագ պատրաստված կերակուրով»,- ասում է զրուցակիցս ու հավելում, որ գրանցվել են նաեւ այնպիսի դեպքեր, երբ անքնության պատճառով երիտասարդների մոտ զարգացել է դեպրեսիա: Սովորաբար տղամարդկանց մոտ բացակայում է ուտելու ցանկությունը, կանանց մոտ՝ հակառակը, ուտելու խիստ պահանջ է լինում:

Ավելացնենք, որ քաշի փոփոխությունն էլ կարող է մի առանձին դեպրեսիայի ու անքուն գիշերների պատճառ դառնալ: Խոսքս գեղեցիկ սեռի մասին է:

Ի դեպ, քնելուց առաջ նյարդաբանը խորհուրդ չի տալիս սնվել: Խիստ ցանկության դեպքում օգտագործել միայն թեթեւ սնունդ: Կարող եք քնելուց առաջ սահմանափակվել մեկ բուլկիով: Ի դեպ, ըստ Ա. Ղազարյանի, անքնության դեմ պայքարում է մածունը: Այն կարող եք հանգիստ օգտագործել:

Հետաքրքրվեցինք, թե որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ մարդուն, որպեսզի նա վերականգնի իր ուժերը, ասենք, գիշերային ինտերնետ-շփումներից հետո: «Մարդը պետք է քնի մոտավորապես 7-8 ժամ»,- ասաց Ա. Ղազարյանը՝ հավելելով, որ կան մարդիկ, որոնց ուժերը վերականգնելու համար բավական է նաեւ 5 ժամը: «Օրինակ, մի ամերիկացի լրագրող փորձել է մոտ 200 ժամ արթուն մնալ, որից հետո ուղիղ մեկ օր քնել է: Լիովին վերականգնել ուժերը նրան չի հաջողվել: Պահանջվել են ամիսներ: Լրագրողը երկար ժամանակ տառապել է գլխացավերից, հիպերտոնիայից եւ դեպրեսիայից»,- պատմում է Ա. Ղազարյանը ու շեշտում, որ անքնությունը վաղ թե ուշ հիշեցնում է իր մասին:

Մեր զրուցակիցը նաեւ նշում է, որ համակարգչի հետ սերտ շփումը բացասաբար է անդրադառնում նաեւ տեսողության վրա եւ ոչ միայն: Անցանկալի է նաեւ նույն դիրքում ժամեր շարունակ նստելը:

Մեր հաջորդ հարցին էլ՝ համաձա՞յն եք այն տարածված կարծիքի հետ, որ անքնությունը բնորոշ է ինտելեկտուալ զարգացած մարդկանց, նյարդաբանը դժվարացավ հստակ պատասխան տալ. «Վիճելի հարց է, թեեւ, շատ դեպքերում անքնությունից տառապում են մտավոր աշխատանքով ծանրաբեռնված մարդիկ, իսկ ֆիզիկական աշխատանքով զբաղվող մարդկանց մոտ, որպես կանոն, անքնություն գրեթե չի գրանցվում»:

Այն հարցին էլ, թե երկար հեռախոսազրույցը կարո՞ղ է նույնպես դառնալ անքնության պատճառ՝ նյարդաբանը պարզաբանեց. «Այո, կարող է դառնալ անքնության պատճառ: Նայած թե ինչ ինֆորմացիա է հաղորդում քեզ զրուցակիցդ: Հաճախ զրույցն ավարտելուց հետո մարդը շարունակում է մնալ զրույցի տպավորության տակ…»:

Ըստ նրա, անքնությունից ազատվելու միակ դեղահաբը երեկոյան զբոսանքն է՝ 40-60 րոպե, քնելուց առաջ:

Զրույցի վերջում հարցրի նաեւ, որ հաճախ եմ լսում անքնության դեմ պայքարող երիտասարդներից այս կամ այն քնաբեր դեղահաբերի մասին: Որքանո՞վ են դրանք արդյունավետ: «Քնաբեր օգտագործելը առանց համապատասխան մասնագետի նշանակման՝ խստիվ արգելված է, որովհետեւ յուրաքանչյուր քնաբեր կարող է ունենալ այլ, կողմնակի ազդեցություն: Այդ կարգի դեղորայքը բժիշկը նշանակում է անհատական կարգով: Ինքնաբուժումով զբաղվելը սխալ է»,- եզրափակեց Ա. Ղազարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել