Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

17 տարեկանների հավաքականը պատրաստվում է

Հունվար 26,2010 00:00

\"\"Հայաստանի ֆուտբոլի 17 տարեկանների հավաքականը 2010թ. իր առաջին հավաքն է անցկացնում: Այս տասնօրյակի ընթացքում թիմը հասցրել է մասնակցել մեկ ստուգողական հանդիպման՝ «Փյունիկ-2»-ի հետ, որի ժամանակ փորձարկվեցին հավաքին հրավիրված բոլոր ֆուտբոլիստները: Արդեն հանդիպումից հետո մենք զրուցեցինք հավաքականի գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանի հետ:

 – Ինչպե՞ս է ընթանում հավաքը, ի՞նչն է նպատակը:

– Առաջին հերթին ֆուտբոլիստների ընդհանուր ֆիզիկական պատրաստականությունն ու տեխնիկատակտիկական որակները բարելավելը: Հավաքը նորմալ է ընթանում: Անցած հինգ օրերի ընթացքում, փառք Աստծո, ոչ մի վնասվածք չկա, տղաները ջանասիրաբար, մեծ ցանկությամբ աշխատում են: Հավաքին մասնակցում է 22 ֆուտբոլիստ՝ տարբեր ակումբներից:

– Հաջորդ հավաքներին նախատեսո՞ւմ եք նոր ֆուտբոլիստների փորձարկում:

– Մենք արտերկրում հանդես եկող մի շարք հայ ֆուտբոլիստների ենք հետեւում, ուսումնասիրում նրանց հնարավորությունները: Սա շարունակական գործընթաց է: Իսկ, ընդհանրապես, հավաքականի հավակնորդ ֆուտբոլիստների թիվը, բնականաբար, այս 22-ով չի սահմանափակվում եւ առաջիկա հավաքներին կփորձարկենք նոր տղաների:

– Արդեն հավաքի ուղիղ կեսն անցել է: Ինչ-որ միջանկյալ արդյունքներ կարելի՞ է ամփոփել:

– Շատ շուտ է այսօր ինչ-որ արդյունքներից խոսել: Սա մի երկարատեւ գործընթացի կանգառ է՝ նախատեսված ծրագրի առաջին հավաքը:

– 2010-ին ի՞նչ ծրագրեր ունի Մ-17 հավաքականը:

– Այս տարի մասնակցելու ենք Եվրոպայի առաջնության ընտրական փուլին, որը տեղի է ունենալու Իսլանդիայում: Մեր խմբում, տանտերերից բացի, ընդգրկված են նաեւ Չեխիայի ու Թուրքիայի թիմերը: Այդ խաղերի հետ նախապատրաստական աշխատանքների շրջանակում նախատեսում ենք անցկացնել թե հավաքներ եւ թե ընկերական հանդիպումներ: Դեռ կոնկրետ պայմանավորվածություններ չկան, սակայն աշխատանքներ այդ ուղղությամբ տարվում են: Ցանկալի կլիներ 4 խաղ անցկացնել՝ մինչ մրցաշարի մեկնելը:

– Ինչպե՞ս եք գնահատում մեր թիմի հնարավորությունները խմբում:

– Յուրաքանչյուր թիմի հետ կարելի է խաղալ: Ես հավատում եմ մեր ֆուտբոլիստներին: Իսկ շանսերը 50/50 են:

– Մրցակիցներին արդեն ուսումնասիրե՞լ եք:

– Թիմերին դեռ ծանոթ չենք, խաղերը դեռ չենք ուսումնասիրել: Սակայն աշխատանք այդ ուղղությամբ տարվում է: Բացի այդ, Չեխիայի եւ Թուրքիայի կարգի երկրներում հավաքականների զարգացումը մի օրինաչափությամբ է ընթանում, քանի որ մի դպրոց է, մի ծրագիր, ընդհանուր կոնցեպտը նույնն է: Իսկ կոնկրետ խաղեր դեռ կհասցնենք ուսումնասիրել:

– Տեւական ժամանակ է, ինչ աշխատում եք 17 տարեկան ֆուտբոլիստների հետ: Այս տարիքային խմբի առանձնահատկությունը ո՞րն է:

– Նպատակն ազգային հավաքականի համար հնարավորինս շատ ֆուտբոլիստներ պատրաստելն է: Այս տարիքը բեկումային, անցումային է՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլ: Ու չի կարելի նույն չափանիշներով մոտենալ, ինչպես, օրինակ, մեկ տարի առաջ:

– Ֆուտբոլային մասնագետներն ու մարզական հոգեբանները նշում են, որ հենց 17-18 տարեկանում են ամենից շատ ֆուտբոլիստներ «կորչում»: Ինչո՞վ եք պայմանավորում:

– Այստեղ մի քանի որոշիչ գործոն կա. անհատ ֆուտբոլիստը, պայմանները, որոնցում ընթանում է նրա զարգացումը, ինչպես նաեւ մարզչի կատարած աշխատանքը, մոտեցումը: Ցավոք, մեր իրականությունում լիարժեք աշխատելու համար պայմանները դեռ չեն ներում: Բայց մոտ ապագայում պատրաստ կլինի հավաքականների տեխնիկական կենտրոնը, որտեղ մենք այսօր արդեն մարզվում ենք: Այդ կենտրոնը ոչնչով չի զիջի արտասահմանյան ակադեմիաներին: Ու մենք կունենանք ֆուտբոլիստներ, որոնք կուրախացնեն բոլորիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել