Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՈՒՐԲ ԽԱՉԸ ԿԳՈՐԾԻ

Հունվար 26,2010 00:00

«ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հ/կ-ից «Առավոտին» ուղարկված հաղորդագրության մեջ ասվում է, որ «Hurriyet Daily News»-ի թղթակից Վերջիհան Զիֆլիօղլուն հունվարի 22-ի իր՝ «Վերջ Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցու շուրջ շահարկմանը» հոդվածով անդրադարձել է նախորդ շաբաթ թուրքական մամուլում, մասնավորապես «Milliyet»-ում տեղ գտած տեղեկատվությանը՝ Աղթամարի Սբ. Խաչը հավատավորների համար տարեկան մեկ անգամ բացելու, ինչպես նաեւ եկեղեցու գմբեթին խաչի տեղադրման խնդիրներին: Վ. Զիֆլիօղլուն գրել է, որ Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը վերջապես վերջ է դնում Վանա լճի Աղթամար կղզու պատմական Սբ. Խաչ եկեղեցու շուրջ շահարկմանը: Նրա փոխանցմամբ, Թուրքիայի մշակույթի նախարարության պաշտոնյաները հայտարարել են, որ եկեղեցին բաց կլինի աղոթքի համար եւ խաչը կտեղադրվի մինչեւ 2010թ. սեպտեմբեր ամիսը, իսկ այն տեղեկությունները, թե թուրքական օրենսդրության համաձայն՝ որպես թանգարաններ բացված շենքերում չի թույլատրվում կրոնական ծառայություններ մատուցել, այլեւս հնացած են: «Daily News»-ը կապվել է նախարարության պաշտոնյաների հետ՝ պատմական եկեղեցու վերաբերյալ վերջին նորություններին տեղեկանալու նպատակով: Ժխտելով թերթերի նախորդ շաբաթվա հայտարարությունը, վերջիններս տեղեկացնում են, որ եկեղեցին ոչ միայն աղոթքի համար կբացվի 2010թ. սեպտեմբերին, այլեւ նրա ծածկին տեղադրված կլինի խաչը:

«Նախորդ մշակույթի նախարար Աթիլլա Քոչը կապվել էր Հայաստանի մշակույթի նախկին փոխնախարար Գագիկ Գյուրջյանի հետ՝ Հայաստանից Թուրքիա փորձագետներ ուղարկելու եւ եկեղեցին զննելու համար: Եվ չնայած հայ-թուրքական փակ սահմանին, հայ եւ թուրք փորձագետները համակարգված ջանքեր գործադրեցին՝ ուղղված Սբ. Խաչի վերականգնմանը: Խաչը չտեղադրելը եւ եկեղեցին որպես թանգարան բացելը դժգոհությունների տեղիք տվեց հայկական աշխարհում: Վերականգնողական աշխատանքների ընթացքում փորձագետների կողմից պատրաստվել էր խաչի նախնական օրինակի պատճենը՝ համաձայն Հայ առաքելական եկեղեցու ավանդույթի: Այդ կրկնօրինակը բերվել էր Ստամբուլ եւ հանձնվել Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Բ-ին: Այն դեռեւս Ստամբուլի Հայոց պատրիարքարանում է՝ սպասումով, որ կտեղադրվի Սբ. Խաչ եկեղեցու վրա»,- հոդվածն ավարտում է Վերջիհան Զիֆլիօղլուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել