Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եվ բնական՝ ինչպես ծաղկող ծառը

Հունվար 26,2010 00:00

Ես ունեմ երեսունն անց մի ընկեր: Կարեւոր չի, թե հիմա կոնկրետ քանի տարեկան է դառնում, որովհետեւ զգացողություն ունեմ, թե լայն ու շռայլ աշխարհում երեսունից հետո մի տասը տարի տղամարդը անընդհատ հաճելիորեն դոփում է նույն տարիքում, ուր մեկը մյուսի հետեւից հաջորդող տարիները կենսականորեն հատկանշական չեն, բայց եւ կենսագրական, գործի ու լուրջ հետք թողնելու մի գեղեցիկ տարիք է, երբ հնչող անուն-ազգանունը ենթակա է հնչեղ դառնալու:

Էն, ինչ ունեմ ասելու, սրա մեջ կա նախանձախնդրություն: Ոչ այնքան ակտիվ, բայց ընթերցող եմ, մշակույթի անցուդարձին հետեւող եւ մեր գրականության մեջ ու լրագրությունում հաճախ հանդիպել եմ շնորհավորական գրախոսության, ուր տեսել եմ գնահատանք, արժեւորում, հարգանք ու մեծարում, ասելիք, նաեւ բարի կամք: Անշուշտ, պատմության մեջ մնացել են բազում ուղերձ-շնորհավորանքներ (որոնցից շատերը դասական օրինակներ են) հոբելյանների առիթով այս կամ այն արվեստագետին ու մտավորականին, երեւույթը դարձնելով հանրությանը՝ ի գիտություն ամենքին եւ ի ողջույն նշանակալիցին: Բնավ համեմատվելու հավակնություն չունենալով, սակայն ուզում եմ, որ հանրայնացնեմ իմ ընկերոջ հոբելյանը, նախընտրելով շնորհավորանքի դասական այս ձեւը, որովհետեւ մեր ժամանակներում տարբերակներից մեկը, գուցե ամենատարածվածը, էլփոստով շնորհավորանք նամակն է, որը, լինելով ազնիվ, այնքան սեպարատ է եւ այնքան երկուսինը: Ըստ իս, վախենալու մի երեւույթ, որ հայտնի չէ, թե օրվա արվեստագետի եւ ժամանակի փոխհարաբերությունների մասին վաղվա գնահատողները, մասնագետները, տեսաբանները ի՞նչ հիմքերով են եզրակացություններ անելու:

Հետեւաբար համարձակվել եմ եւ ինձ իմ միտքը դուր է գալիս, ես բարձրաձայնում եմ, որ իմ ընկերը երեսունն անց է, եւ նա քսանն անցից սկսյալ՝ շարունակում է հմայիչ ու հետաքրքիր երեւալ իր հանդիսականին, երկրպագուներին: Նա սովետական մարդու՝ Ֆրունզի տղեն է, Էմոցիոնալ Հայկուշի զավակը, ինձ ու ձեզ, ամենքիս ու շատերիս ծանոթ-անծանոթ դերասան, ռեժիսոր Արշալույս Հարությունյանն է՝ գյումրեցու իր ծագմամբ հպարտ, բայց գյումրեցի Արշոն կշարունակի նեղվել, քանի դեռ իր բարբառը անհարկի օգտագործում են, որպես թե հումորի լավագույն դրսեւորում, դրա մեջ տեսնելով հումորի ողջ հմայքը, ափսոսելով ու նեղվելով, որ այն հնչում է այլոց մեկնաբանմամբ, այնքան տափակ, այնքան էժան, այնքան վիրավորական եւ ավելի քան կենցաղային:

Անհանգիստ, պրպտող ու ստեղծագործ Արշալույս Հարությունյան կերպը մեզ հետ է, ում պոտենցիալը թույլ էր տալիս շատերի պես լքելու երկիրը, վերագտնելու իրեն այլ ճանապարհներում, այլ հարթակներում, բայց կառչեց իր երկրի, իր հարազատ հարթակին, որն իր համար բեմ է, որտեղից ասվածը խորհուրդ ունի, իսկ նա լրջորեն գիտակցում է իր հնչեցրածի խորհուրդը:

Թատրոնին, մշակույթին ընդհանրապես նվիրվածը պիտի սպասի իր աստեղային ժամին, ինչպես շատերը, ովքեր չեն տրվում պարզունակին, էժանին, դրա արդյունքում նաեւ հնարավոր ու խոր հավանական բարեկեցությանը: Տարիքին հարիր ու անհարիր, դրամատիզմով լեցուն իր կյանքում վերագտավ, ընկալվեց, սիրվեց: «Անհաղթահարելի» իր քթով շարունակելու է գտնվել հմայիչ, որով այնքան թաքնված ու այնքան տեսանելի է իր էմոցիոնալ դաշտը: Շնորհավոր ծնունդդ…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել