Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՆԵՂԱՑԱԾ ԵՄ ՀԱՆՁՆԱԽՄԲԻՑ»

Հունվար 26,2010 00:00

Ազգային օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը գտնում է, որ պետական մրցանակի ներկայացված «Սպարտակ» բալետի հանդեպ անարդար են գտնվել:

\"\"

Դեկտեմբերի 30-ին հայտարարվեցին գրականության եւ արվեստի բնագավառում ՀՀ 2009թ. պետական մրցանակների տերերը. բոլորը ստացան, իսկ կինոի եւ թատերարվեստի ոլորտում մրցանակ չշնորհվեց, ու այդ մասին նույնիսկ հրապարակային ոչինչ չասվեց: Վերը նշված անվանակարգում պետական մրցանակի էր ներկայացվել նաեւ Ազգային օպերային թատրոնի «Սպարտակ» բալետը (բեմադրիչ՝ Յուրի Գրիգորովիչ), որի օգտին մասնագիտական հանձնախմբի 9 անդամներից միայն 3-ն էին քվեարկել:

Չնայած պետական մրցանակ «Սպարտակին» չշնորհվեց, սակայն ՀՀ նախագահը «Պատվո շքանշանով» պարգեւատրեց բեմադրիչ-բալետմայստեր Յուրի Գրիգորովիչին, իսկ «Մովսես Խորենացի» մեդալով` բեմադրող դիրիժոր Կարեն Դուրգարյանին, մենապարողներ Ռուբեն Մուրադյանին, Ժակլինա Սարխոշյանին, Նարեկ Մարտիրոսյանին եւ Մարիա Դիվանյանին:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը «Առավոտին» հայտնեց, որ ինքը վրդովված է մասնագիտական հանձնախմբի վերաբերմունքից ու գտնում է, որ «Սպարտակի» հանդեպ անարդար են եղել: Նա համոզված է, որ Ա. Խաչատրյանի «Սպարտակի» բեմադրությունը երեւույթ էր հայ իրականության մեջ, եւ ավելորդ են այն խոսակցությունները, թե Հայաստանում բալետ չկա: Պարոն Հովհաննիսյանը ընդունում է, որ անկախությունից հետո, ինչպես մյուս բնագավառներում, այնպես էլ բալետային արվեստում արձանագրվել է որոշակի նահանջ, բայց դա ունի իր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները. «Բոլորս հասկանում ենք, որ անկախությունը հեշտ չի ձեռք բերվում: Միայն այն, որ 1991թ. գազի մատակարարումը Հայաստան դադարեցված էր, ամեն ինչ ասում է: Բնականաբար, դա պիտի անդրադառնար նաեւ օպերային թատրոնի վրա, որի շենքը չջեռուցելը կատաստրոֆայի նման բան էր: Բայց մենք այդ տարիներին կարողացել ենք դիմանալ, չկորցնել թատերախումբը, շատ քիչ կորուստներով պահպանել թատրոնն ու օպերային արվեստը: Պատկերացրեք, թե հատկապես բալետային խմբի համար ի՜նչ դժվար էր ցուրտ ամիսներին պարապմունքներ անցկացնելը… 2004 թ. վերանորոգումից հետո արդեն ունենք լավ պայմաններ, իհարկե՝ ցածր աշխատավարձերով, բայց կոլեկտիվն աշխատում է: Այս տարիներին ստեղծվեցին բալետային բեմադրություններ՝ «Դոն Կիխոտը», «Գայանեն», «Հռիփսիմե եւ Տրդատը»… Ինչ վերաբերում է բարդագույն «Սպարտակին», այն պետք էր հաղթահարել, ու մենք հաղթահարեցինք: «Սպարտակը» 2009թ. դարձավ բրենդ՝ ողջ քաղաքի ու մեր թատրոնի համար: Արդեն շուրջ 20 ներկայացում ենք ունեցել պրեմիերայից հետո, ու կարծում ենք, որ հանդիսատեսի դրական ապրումներից, ծափերից, հիացական խոսքերից ավելի մեծ մրցանակ չկա»:

Օպերային թատրոնի տնօրենը նեղսրտում է այն ասեկոսեներից, թե կորդեբալետը թույլ էր, «Սպարտակը»՝ հին, եւ այլն. «Իհարկե, եթե մեր ներկայացումը դնենք Մեծ թատրոնի ներկայացման կողքին, կարող են լինել ինչ-ինչ տարբերություններ, բայց այն, որ հաղթահարել ենք անհաղթահարելին, փաստ է: Մեր «Սպարտակը» դիտել են մի քանի երկրում, եւ այժմ բազմաթիվ հրավերներ ունենք, այդ թվում՝ Սիրիայից, Չինաստանից, Լիբանանից, Եգիպտոսից: Դատարկ խոսակցություններ եմ համարում նաեւ այն դիտարկումները, թե իբր բալետը Հայաստանում մեռնում է: Միայն Սպարտակ պարող Ռուբեն Մուրադյանի համար արժեր «Սպարտակին» պետական մրցանակ տալ: Ի դեպ, նա հրավեր ունի փետրվարին ԱՄՆ-ում Մեծ թատրոնի «Սպարտակում» հանդես գալու… Այստեղ-այնտեղ խոսում են, թե «Սպարտակը» հին է: Բայց չէ՞ որ մեր կոլեկտիվի համար այն նոր է: Նույն տրամաբանությամբ առաջնորդվելով՝ Շեքսպիրի «Համլետին» ոչ ոք չպիտի անդրադառնա…»:

Մեր զրուցակիցը գտնում է, որ օպերան եւ բալետը, որպես ինքնատիպ արվեստ, պիտի առանձին անվանակարգով ներկայացվեն պետական մրցանակի, ոչ թե տիկնիկայինի կամ կինոարվեստի հետ նույն «դրոշի» ներքո. «Մեծագույն հարգանք ունենալով Ռուբեն Բաբայանի հանդեպ ու բարձր գնահատելով նրա բեմադրած «Ak.Ak.» տիկնիկային ներկայացումը, ուզում եմ փաստել, որ օպերային թատրոնը իր կառուցվածքով, նշանակությամբ եւ ամեն ինչով, բոլորովին այլ կառույց է: Նրա մեջ մի հինգ թատրոն կա: Եվ եթե, օրինակ, որեւէ թատրոնից մեկ հոգու են կոչում տալիս, մեր թատրոնից պիտի հինգ հոգու տան: Նախագահը ներկա է եղել «Սպարտակի» փորձին, տեսել է, թե ինչ արյուն-քրտինքով է ստեղծվում այդ ներկայացումը, դրա համար էլ առանձին է անդրադարձել «Սպարտակին»: Ես համամիտ չեմ նաեւ այն մտքին, թե օտար բեմադրիչի պետական մրցանակ տալը կնշանակեր, որ այս երկրում արվեստ չկա: Մեծ թատրոնի ներկայացման մեջ, որ դարձյալ Գրիգորովիչն է բեմադրել, Սպարտակ պարում է ազգությամբ կուբացի երիտասարդ, ուրեմն ինչ՝ նսեմանո՞ւմ են այդ բեմադրության արժանիքները: Աշխարհի լավագույն օպերային թատրոնները հիմնական բեմադրիչներ եւ մենակատարներ չունեն, բոլորը հրավիրված են: Օրինակ, մեր Վիլեն Գալստյանին էլ հրավիրել են Արգենտինա՝ «Գայանե» կամ «Սպարտակ» բեմադրելու: Ախր ծայրահեղությունների մեջ չի կարելի ընկնել: Ունենք հրաշալի բեմադրիչներ, բայց Գրիգորովիչի գալը մեզ համար ամենեւին էլ ամոթ չէր»:

Կ. Հովհաննիսյանը հայտարարում է, որ մասնագիտական հանձնախմբի անդամները «Սպարտակի» մասով դեռ հիմնավոր պատճառաբանություններ չեն ներկայացրել հանրությանը եւ հատկապես, իր խոսքով, ոլորտի կորիֆեյներին՝ Նորայր Մեհրաբյանին, Վանուշ Խանամիրյանին, Մաքսիմ Մարտիրոսյանին ու մյուսներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել