Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախարարը՝ ԵՊՀ-ում

Հունվար 26,2010 00:00

Ձեւավորված ավանդույթի համաձայն՝ երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԵՊՀ-ում հանդիպել է ՀՀ բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ: Ինչպես տեղեկանում ենք ԵՊՀ կայքէջից՝ պաշտպանության նախարարը, կարեւորելով բանակ-ուսումնական հաստատություններ կապը, նշել է, որ գիտելիքի բացակայությունը նույնպես կարող է մեր պետության համար սպառնալիք հանդիսանալ: «Այսօր հարուստ գիտելիքներով եւ խելամիտ մարդկանց աշխատանքով միայն կարող ենք զինված ուժերի հավասարակշռությունը պահպանել՝ հակառակորդի զինված ուժերի քանակական առավելության պայմաններում,- ասել է Ս. Օհանյանը:- Որքան սերտ լինի կապը բանակի եւ կրթական համակարգի միջեւ, այնքան լավ հիմքերի վրա կլինի ռազմահայրենասիրական դաստիարակությունը, որը ցանկացած պետության համար առանձնահատուկ նշանակություն ունեցող գործոն է»: Պաշտպանության նախարարի հրամանի համաձայն՝ բուհերի շրջանավարտ ժամկետային զինծառայողներն իրենց ծառայությունն անցնում են ըստ իրենց մասնագիտությունների: Դա հիմնականում իրականացվում է կրտսեր հրամանատարական կազմի շրջանում: Նախարարն ասաց, որ սա նաեւ երկրի ղեկավարի ցուցումն է: Իրենց մասնագիտությանը բարձր մակարդակով տիրապետող նորակոչիկները բանակ են զորակոչվում նշված հրամանի չափանիշներով:

Ս. Օհանյանը պատասխանեց ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների տարբեր բնույթի հարցերին՝ աշխարհաքաղաքական զարգացումներից մինչեւ ռազմագիտական գրականության տպագրության անհրաժեշտությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել