Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԹԿ-ն արդեն տնօրեն ունի

Հունվար 26,2010 00:00

Երեկ տեղի ունեցավ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը: Մրցույթին հայտ էին ներկայացրել երեք թեկնածու՝ ԳԹԿ քննական առաջադրանքների եւ մեթոդական օժանդակության բաժնի պետ Գուրգեն Խաչատրյանը, «Քաղաքացիական կրթության խճանկար ծրագրի» հայաստանյան համակարգող Տիգրան Թովմասյանը, ԵՊՀ դասախոս Հովհաննես Հովհաննիսյանը: ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը «Առավոտին» փոխանցեց, որ մրցույթում հաղթող է ճանաչվել Գուրգեն Խաչատրյանը: ԳԹԿ կառավարման խորհրդի նախագահ, ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանն ասաց, որ մրցույթն անցել է ըստ կարգի, եւ 13 «կողմ», 1 «դեմ» ձայների հարաբերակցությամբ մրցույթում հաղթող է ճանաչվել Գ. Խաչատրյանը:

Զրուցեցինք նաեւ առաջադրված թեկնածուներից Տ. Թովմասյանի եւ Հ. Հովհաննիսյանի հետ: Պարոն Թովմասյանից հետաքրքրվեցինք՝ օբյեկտի՞վ էր հանձնաժողովի որոշումը, նա պատասխանեց. «Ներքին խոհանոցին չեմ տիրապետում, բայց ընտրության պրոցեսի կազմակերպման մասն արդար է եղել, մնացածն արդեն ռազմավարության խնդիր էր. մարդիկ նայում են, թե ինչ ռազմավարություն ունեցող մարդկանց պիտի ընտրել: Հենց այդ մոտեցման համաձայն էլ նրանք եկել են այն եզրակացության, որ իրենց այդպիսի անձնավորություն է անհրաժեշտ»: Մեր հարցին, թե ինչ-որ նորամուծություն կամ ռեֆորմնե՞ր էր ցանկանում անել թեստավորման ոլորտում, դրա՞ համար է մրցույթին հայտ ներկայացրել, թե՞ կային այլ դրդապատճառներ, պարոն Թովմասյանը պատասխանեց. «Ես ԳԹԿ-ում էլ եմ ասել, որ չնայած պրոցեսը լավ հունի վրա է, բայց պիտի զարգացնել այն, որ ավելի բարձր մակարդակի հմտություններ, կարողություններ ստուգվեն: Այսօր թեստերի միջոցով միայն գիտելիքն ու ընկալումներն են ստուգվում: Այնինչ կան հատուկ տեխնոլոգիաներ, որոնցով ստուգվում են նաեւ հմտություններ: Ես հասարակագիտության մասնագետ եմ եւ մշակում եմ այդ տեխնոլոգիաները: Մշակել եմ թեստային առաջադրանքներ, որոնց միջոցով գիտելիքից բացի՝ կարելի է ստուգել նաեւ աշակերտի հմտությունները: Օրինակ՝ գրականության առարկայի թեստավորման հետ կապված այսօր կան խնդիրներ. ասենք, հեղինակի ծննդյան թվի իմացությունը ստուգելով՝ իրականում գրականություն չեն ստուգում: Դրա համար կան այլ գործիքներ»:

Մյուս թեկնածուն՝ Հովհաննես Հովհաննիսյանը, փոխանցեց. «Ամեն ինչ նորմալ էր: Ես շնորհավորեցի ընտրված տնօրենին, ասացի, որ պատրաստ եմ օգնել: Ճանաչում եմ ըտրված տնօրենին եւ նրա մասին դրական կարծիք ունեմ»: Իսկ թե հատկապես ո՞րն էր պարոն Հովհաննիսյանի՝ ԳԹԿ տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթում հայտ ներկայացնելու նպատակը, Հ. Հովհաննիսյանն ասաց. «Կարծում եմ՝ այս համակարգում որոշ բարեփոխումներ էին պետք, դրա համար դիմեցի: Մի հարցը վերաբերում էր դպրոցների ավարտական քննությունների ունիֆիկացիային. դպրոցների ավարտական քննությունները դեռ տարբերում ենք բուհական ընդունելության քննությունից: Շեշտադրումներն էլ հաճախ անում ենք ընդունելության քննությունների վրա, մինչդեռ ավարտական քննություններն ավելի կարեւոր են թեստավորման առումով: Իհարկե, նորաստեղծ որակավորման կենտրոնը կզբաղվի այդ հարցերով, բայց ԳԹԿ-ն էլ այստեղ անելիքներ ունի: Մյուսն այն է, որ գնահատման սանդղակներում ունիֆիկացիա չկա. բուհերից մեկը անցողիկ է համարում 8 միավորը, մյուսը՝ 12-ը կամ 60-ը: Կարծում եմ, որ ԳԹԿ-ն այդտեղ էլ անելիքներ ունի, այլապես մի բուհից մյուսը տեղափոխվելիս ուսանողները խնդիրներ են ունենալու՝ գնահատման սանդղակներով պայմանավորված»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել