Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՐԱՀՐՎԱԾ ԴԱՍԱԴՈՒԼ՝ ՈՂՋԻԻ ԴՊՐՈՑՈՒՄ

Հունվար 26,2010 00:00

Աշակերտներին էլ են խառնում գյուղամիջյան ինտրիգներին

Մոտ վեց տարի է՝ Ամասիայի տարածաշրջանի այս գյուղում կրքերը չեն հանդարտվում. գյուղապետ Սարգիս Ավագյանի ու դպրոցի նախկին տնօրեն Գոհար Աբրահամյանի ամուսնու՝ գյուղապետի նախկին թեկնածու Վարդան Պետրոսյանի կողմնակիցների միջեւ «պատերազմը» օր օրի թեժանում է: Բանը նույնիսկ հասնում է նրան, որ բանակների բաժանված ողջեցիները հաճախ բան-գործ թողած, գյուղամեջ են ելնում, «ռազբոռկաներ» անում, անգամ փայտերով կռվում: Դպրոցի նախկին տնօրեն Գոհար Աբրահամյանի պաշտոնանկումից հետո գյուղի դպրոցը նոր սկանդալներով է ներկայանում: Հիշեցնենք, որ չնայած այս տիկինը անցած տարվա սեպտեմբերին հաղթել էր դպրոցի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը, սակայն Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը կտրականապես հրաժարվեց նրա հետ պայմանագիր կնքել, ինչը Գ. Աբրահամյանը բացատրում էր մարզպետին իր մասին «սուտ- սխալ ինֆորմացիա» հրամցնելով, նրա ուղեղը «ցնդաբանություններով լցնելով», ինչի հեղինակները, ըստ տիկնոջ, գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար Ռուզան Մելքոնյանն ու նրա ամուսին Աշոտ Պողոսյանն են, որը, «իր տակը փորելով», դարձել է դպրոցի տնօրենի պաշտոնակատար:

Երեկ, վաղ առավոտյան, Շիրակի մարզում լուր տարածվեց, որ Ողջիի դպրոցում դասադուլ է, աշակերտները հրաժարվում են դպրոց հաճախել, շատերը պատրաստվում են տեղափոխվել հարեւան Հայկավանի դպրոց: Գյուղապետ Սարգիս Ավագյանը «Առավոտին» փոխանցեց, որ այս տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում, եւ եթե որեւէ մեկը որոշել է իր երեխաներին տեղափոխել հարեւան համայնքի դպրոց, ապա դա դպրոցի նախկին տնօրեն Գոհար Աբրահամյանն է: Իսկ դպրոցի տնօրենի պաշտոնակատար Աշոտ Պողոսյանը մեզ հետ զրույցում ինտրիգներ կազմակերպելու մեջ մեղադրեց նախկին տնօրեն Գոհար Աբրահամյանին, ով, չհանդուրժելով իրեն պաշտոնանկ անելու փաստը, ամեն անգամ մի նոր «սցենար» է բեմադրում դպրոցում, երկու օրը մեկ դպրոց է ներկայանում, ձայնը գլուխը գցում, կռիվներ սարքում: «Դասադուլը կազմակերպված է Գոհար Աբրահամյանի դստեր ձեռքով, նա վաղ առավոտյան կանգնել է դպրոցի բակում ու դասի եկող աշակերտներին հայտնել, որ դաս չկա, հետաձգվել է մինչեւ չորեքշաբթի: Սա կազմակերպված բանդա է, մայրը սցենարը գրում է, աղջիկը՝ բեմադրում: Ստիպված ուսուցիչներն են զանգել աշակերտների տները՝ հայտնելով, որ սուտ է»: Մեր հարցին, թե ինչո՞ւ են աշակերտները լքում դպրոցը, տնօրենի պաշտոնակատարը պատասխանեց, որ Գոհար Աբրահամյանի մտերիմներից 2-3 ծնող, նրան «պադեռժկա» անելու համար, որոշել են իրենց երեխաներին տեղափոխել Հայկավանի դպրոց: Աշոտ Պողոսյանը պնդում էր, որ երբեւէ աչք չի ունեցել Գոհար Աբրահամյանի պաշտոնի վրա, նրա տակը չի փորել, հիմա էլ պատրաստ է պաշտոնը ցանկացած մեկին հանձնել, բացի նախկին տնօրենից: «Գյուղը կրակն է ընկել այս կնոջ ձեռքը, պատրաստ են ցանկացած մեկին տնօրեն ընտրել, բացի նրանից: Էս տիկինն իր ազգանունը փոխեց՝ Պետրոսյանից դարձավ Աբրահամյան, բայց էությունը ոչնչով չփոխվեց, իր հին, վայրագ մեթոդները շարունակում է: Հիշո՞ւմ եք՝ ես ձեր թերթին դեռեւս մի քանի տարի առաջ բողոքել եմ, թե ինչպես էր Գոհարը ուսուցիչներին ծեծում աշակերտների ներկայությամբ»,- ասաց դպրոցի տնօրենի պաշտոնակատարը:

Ի դեպ, Գոհար Աբրահամյանը եւս Աշոտ Պետրոսյանին մեղադրում է բիրտ, վայրագ մեթոդներ կիրառելու, աշակերտների հետ ծեծով խոսելու մեջ: «Առավոտը» նրանից եւս հետաքրքրվեց, թե ի՞նչ է կատարվում դպրոցում, ինչո՞ւ են իր ու իր դստեր անունները շոշափում: «Սուտ է, որ ես ու իմ աղջիկն ենք կազմակերպել այդ ամենը, մոտ 22 աշակերտ բողոքի է դուրս եկել դպրոցի պաշտոնակատարի բիրտ մեթոդների դեմ: Նա իմ աղջկա հետ էլ է ծեծելով խոսում, նրան մազերից բռնել-գետնին են իջեցրել: Եթե ծնողները որոշել են իրենց երեխաներին այդ դպրոցից հանել, ի՞նչ կապ ունի՝ նրանք ինձ հետ մտերիմ են, թե՝ ոչ: Եվ ընդհանրապես, ի՞նչ կապ ունի դասադուլը ինձ հետ: Իմ՝ դպրոցի տնօրեն նշանակվել-չնշանակվելու հարցը ընդհանրապես կապ չունի այս պատմության հետ: Սա բողոք է դպրոցի տնօրենի պաշտոնակատարի, նրա ծեծուջարդի դեմ: Ես եւս իմ երկու երեխաներին, որոնք 11-րդ դասարանում են սովորում, որպես ծնող պիտի հանեմ դպրոցից»,- ասաց Գ. Աբրահամյանը:

Այս պատմությունը չափազանց զայրացրել էր աշակերտների ծնողներին: Երեկ, վաղ առավոտից, Շիրակի մարզպետարանի կրթության վարչության երկու մասնագետներ Ողջիում էին՝ պարզելու, թե ինչ է կատարվում: Շիրակի մարզպետարանի կրթության բաժնի պետ Վարդան Ասլանյանը «Առավոտին» փոխանցեց, որ իրենց մասնագետները բացատրություններ են վերցրել ծնողներից, որոնք գրավոր փաստել են, որ դասադուլը եղել է հրահրված: Պարոն Ասլանյանի խոսքերով՝ մինչեւ կեսօր ուսուցիչներին հաջողվել է դասի բերել բոլոր աշակերտներին, եւ ընդամենը հինգ հոգի է բացակայել: Ծնողներից մեկը բողոք է գրել՝ դժգոհելով դպրոցի բարոյահոգեբանական մթնոլորտից:

Ի դեպ, այդ փաստը ամիսներ առաջ արձանագրել ու մարզպետին գրավոր դիմում էր ներկայացրել նաեւ Ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության պետ Աշոտ Ղահրամանյանը: Հետաքրքիրն այն է, որ Ողջիի սկանդալները պարբերաբար քննարկվում են մարզպետարանում, դատախազությունում, տարածքային կառավարման նախարարությունում, հնչում են Ազգային ժողովի ամբիոնից, սակայն վիճակը գնալով բարդանում է, ողջեցիները գրեթե ամեն օր «իրար միս են ուտում»:

Ի դեպ, այս պատմությունից հետո, ավելի ուշ մեզ հայտնի դարձավ, որ դպրոցի տնօրենի պաշտոնակատարին հրավիրել են Ամասիայի շրջանի ոստիկանություն: Նախկին տնօրեն Գ. Աբրահամյանը բողոքել է պատմության ուսուցիչ Արտաշ Գալստյանի դեմ, որը, ըստ նրա, շաբաթ օրը վեճի է բռնվել իր աշակերտ դստեր հետ ու հարվածել նրան: Դպրոցի տնօրենի պաշտոնակատար Աշոտ Պողոսյանի ասելով էլ, Գ. Աբրահամյանի դուստրը չորս ամիս է՝ օրուարեւ չի տվել պատմության նոր ուսուցչին, իսկ շաբաթ օրը ուսուցչի «քիթումռթին» շոր է գցել եւ հունից հանել է նրան: Ըստ Ա. Պողոսյանի՝ Գ. Աբրահամյանի ամուսինը կռիվ է եկել պատմության ուսուցչի դեմ, քանի որ պատմություն դասավանդելու հնարավորությունից զրկել են Գ. Աբրահամյանի համախոհներից մեկին, որը մասնագետ չէր: Գոհարն էլ իր երեխաների միջոցով փորձում է վրեժ լուծել:

Այս պատմության մեջ դժվար է անմեղ ու մեղավոր փնտրելը, եւ եթե կառավարությունն ու մարզային իշխանությունը անհապաղ միջոցներ չձեռնարկեն, հնարավոր է՝ դպրոցն իրոք զրկվի աշակերտներից: Երեկ ծնողները հայտարարում էին, որ կհրաժարվեն երեխաներին դպրոց ուղարկել, քանի որ այնտեղ մթնոլորտը «փչացած» է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել