Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայիթիի բարեկամները» կվերականգնեն այդ երկիրը

Հունվար 26,2010 00:00

\"\"Երկուշաբթի օրը կանադական Մոնրեալ քաղաքում մեկնարկել է «Հայիթիի բարեկամների խումբ» անվանումը կրող միջազգային խորհրդաժողովը, որն անցկացվելու է աշխարհի մի շարք երկրների, այդ թվում՝ Կանադայի, Արգենտինայի, Բրազիլիայի, Դոմինիկյան Հանրապետության, Իսպանիայի, Կոստա-Ռիկայի, Մեքսիկայի, Պերուի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ուրուգվայի, Ճապոնիայի եւ Չիլիի արտգործնախարարների, նաեւ ՄԱԿ-ի, Եվրամիության, Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Ամերիկյան պետությունների կազմակերպության եւ միջազգային ֆինանսական այլ ինստիտուտների ու խոշոր ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ինչպես փոխանցում է «Newsru»-ն, սպասվում է, որ հանդիպման մասնակիցները մշակելու են ավերիչ երկրաշարժից տուժած այդ պետությանը օգնություն տրամադրելու համատեղ ծրագիրը, նաեւ քննարկելու են երկիրը վերականգնելու հնարավորության հարցը: Հանդիպումն անցնելու է Կանադայի ԱԳ նախարար Լոուրենս Քեննոնի նախագահությամբ: Խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Կանադա է ժամանել նաեւ Հայիթիի վարչապետ Ժան-Մաքս Բելլերիվը:

Ի դեպ, Ճապոնիան ենթարկվել է սուր քննադատության՝ Հայիթիին մատուցած չափազանց փոքր՝ ընդամենը 5 մլն դոլարի օգնություն տրամադրելու համար: Քննադատության այս չափաբաժինը ստանալուց հետո Ճապոնիան հայտարարել է, թե մտադիր է Հայիթի ուղարկել 200 զինվորական շինարարների՝ երկրում փլուզված սոցիալական ենթակառուցվածքները վերականգնելու նպատակով:

Հավելենք, որ հունվարի 24-ին Հայիթիում տեղի է ունեցել նոր՝ 5,4 բալանոց երկրաշարժ: Ընդհանուր առմամբ, այդ երկրում տեղի ունեցած տարերային աղետին միայն Պորտ-օ-Պրենսում զոհ է դարձել 150 հազար մարդ, թեեւ այս թիվն էլ վերջնական չէ, քանի որ փրկարարները շարունակում են ավերակների տակից նոր դիակներ հանել: Երկրաշարժի արդյունքում անօթեւան է մնացել 1,5 մլն մարդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել