Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԴ-Ի ԱՄԱՆՈՐԻ ՆՎԵՐԸ

Հունվար 26,2010 00:00

\"\"

Ինչքան ի սկզբանե ակնհայտ էր հունվարի 12-ին Սահմանադրական դատարանի ընդունած որոշման իրավական բովանդակությունը՝ որեւէ մեկը չէր կասկածում, որ դատարանը հաստատելու էր արձանագրությունների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, նույնքան շատերի (առաջին հերթին՝ իշխանությունների) համար անսպասելի էին դրան փոքր-ինչ հապաղումով հետեւած բուռն զարգացումները:

Թուրքական աճպարարության տապալումը

Երեք ամիս ուշացումով Երեւանում սկսել են հասկանալ, որ արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո Էրդողանի արած հայտարարությունը հերթական նախապայմանի՝ «գրավյալ» տարածքները Ադրբեջանին վերադարձնելու վերաբերյալ, ոչ թե «ներքին քարոզչական» նպատակ ուներ, ինչպես Երեւանում էին փորձում համոզել, այլ ազդարարում էր, որ գործընթացում սկսվում է մի նոր փուլ: Իհարկե, դրա մասին զգուշացումներ անմիջապես հնչել էին՝ որպես համարժեք պատասխան առաջարկելով Հայաստանի նախագահի հրաժարումը Բուրսայի ֆուտբոլային հանդիպմանը ներկա լինելու հրավերից, սակայն պաշտոնական Երեւանը նախընտրեց «ծանրակշիռ», «լայնախոհ», իսկ իրականում՝ անլուրջ վերաբերմունքը գործընթացին: Առաջին անհանգստությունները Հայաստանի իշխանությունները դրսեւորեցին, երբ դեկտեմբերին Վաշինգտոնում Էրդողանը վճռականորեն վերահաստատեց բազմիցս կրկնված դիրքորոշումը նաեւ Օբամայի հետ հանդիպումից հետո: Թուրքական կողմի վճռականությունը չմարեց հունվարին տեղի ունեցած մոսկովյան այցից հետո էլ, որտեղ նույնպես Էրդողանը աջակցություն չստացավ, սակայն Անկարան թերեւս սկսեց նկատել, որ սպասումները՝ իր նոր նախապայմանի բավարարման հետ կապված, չեն արդարանում: Այդ սպասումները, իհարկե, որոշ հիմքեր ունեին: Երբ հուլիսին, «մեծ ութնյակի» լ’Աքվիլայի գագաթաժողովի ընթացքում ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց «Մադրիդյան սկզբունքների» նախագիծը եւ սկսեցին միմյանց հաջորդել համանախագահների լավատեսական կանխատեսումները կարգավորման փաստաթղթի ստորագրման մասին, հավանաբար Թուրքիայի իշխանություններին թվաց, թե կարճ ժամանակ անց դա իրականություն կդառնա: Իսկ նախագծի առաջին կետի համաձայն, «Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներից պետք է դուրս բերվեն հայկական զորքերը եւ հանձնվեն Ադրբեջանի ենթակայությանը»: Անկարան փորձեց խորամանկել՝ այդ դրույթը հայտարարելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախապայման, հուսալով, որ դրա իրականացումը տեղի կունենա մինչ արձանագրությունների վավերացումը եւ Ադրբեջանին կհամոզի, որ իր խնդիրները լուծվում են միայն Թուրքիայի միջամտությամբ: Թերեւս Անկարան նաեւ գլխապտույտի մեջ էր այն բանից, թե ինչ հեշտությամբ է պաշտոնական Երեւանը ընդունում դեռեւս 1993-ին իր հայտարարած նախապայմանները: Բայց Էրդողանի հունվարյան մոսկովյան այցից հետո պարզ դարձավ, որ ոչ միայն տեսանելի ապագայում ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ փաստաթուղթ չի ստորագրվի, առավել եւս՝ տարածքներ չեն հանձնվի, այլեւ ինչպես Վաշինգտոնը, Մոսկվան էլ չի պատրաստվում արձանագրությունների վավերացումը կապել թուրքական նախապայմանի հետ: Ավելին, միամտություն կլինի կարծելը, որ Ադրբեջանի վրա ազդեցության այդ լուրջ լծակը Միացյալ Նահանգները կամ Ռուսաստանը կզիջեն Անկարային: Ահա թե ինչու պաշտոնական Մոսկվան հայտարարեց, որ երկու գործընթացները չպետք է միմյանց հետ կապել եւ ինքը չի պատրաստվում Հայաստանի վրա ճնշումներ գործադրել՝ թուրքական նախապայմանը կատարելու համար: Էրդողանը հայտնվեց տհաճ երկընտրանքի առաջ. կամ պետք է հրաժարվի այդ նախապայմանից եւ Թուրքիայի խորհրդարանը վավերացնի արձանագրությունները, կամ պետք է մինչեւ վերջ պնդի այն՝ վտանգելով այնքան ցանկալի արձանագրությունների վավերացումը, որի մասին մի քանի տարի առաջ անգամ երազել չէր կարող: Հավանաբար Էրդողանը Մոսկվայից վերադառնալուց հետո մի քանի օր ծանր մտորումներ է ունեցել այս երկընտրանքի վերաբերյալ, չիմանալով, որ հունվարի 12-ին (հին տոմարով՝ տարեմուտին) Ամանորի նվեր է ստացել Հայաստանի Սահմանադրական դատարանից՝ արձանագրությունների սահմանադրականության մասին որոշման տեսքով:

Սահմանադրական աճպարարության տապալումը

Հունվարի 12-ի որոշումը հայ-թուրքական արձանագրությունների՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ, նախ առիթ դարձավ իշխանության ներկայացուցիչների պոռոտախոսության, ապա նաեւ ընդդիմադիր քաղաքական ուժերի նոր տարաձայնությունների համար: Իհարկե, այդ որոշումը կանխատեսելի էր՝ հաշվի առնելով դատարանի նախընթաց գործունեությունը: Ակնհայտ էր, որ դատարանը որոշելու էր, որ արձանագրությունները համապատասխանում են երկրի Սահմանադրությանը, սակայն դա չէ ամենացավալին, քանզի, եթե անգամ արձանագրություններն իսկապես լիովին համապատասխանեին Սահմանադրությանը, դեռեւս հիմնական խնդիրը չէր լուծվելու, քանի որ հարցի արժեքն ավելի բարձր է եւ բուն հարցադրումն առնչվում է արձանագրության համապատասխանությանը պետական-ազգային շահերին: Ակնհայտ է, որ դա հասկանում են նաեւ Սահմանադրական դատարանի առնվազն որոշ անդամներ, քանի որ որոշման մեջ ներառել են երեք կետեր (թիվ 4-6), որոնք այս կամ այն չափով անդրադառնում են արձանագրություններում առկա այն վտանգներին, որոնք վերջին հինգ ամսում տարբեր կողմերից ու տարբեր ձեւերով հնչեցվում են: Առաջին հայացքից կարող է արդարացված թվալ ոմանց, անգամ՝ ընդդիմության որոշ հատվածի լավատեսությունն ու խանդավառությունն այդ կետերի հետ կապված: Սակայն ինչպես միշտ, այս անգամ էլ փաստաթղթերի նկատմամբ քաղաքական (ընդդիմադիր թե մեծամասնական) ուժերի ու պատասխանատու պաշտոնյաների վերաբերմունքը եղավ մակերեսային, գնահատականները՝ անհիմն ու կոպիտ սխալներով:

Ի՞նչ է խնդրո առարկան: Որոշման 4-րդ կետում, արտահայտելով «իրավական դիրքորոշումներ», դատարանը մի քանի մանվածապատ ձեւակերպումներից հետո հանգում է «հանճարեղ» եզրակացության, որ արձանագրություններով կիրառական ուժ են ստանում միայն երկու պարտավորություններ՝ սահմանի բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, իսկ մյուս պարտավորությունների համար չեն նախատեսվում ընթացակարգեր ու պայմաններ, հետեւաբար դրանք իրավական ուժ կստանան միայն լրացուցիչ պայմանագրեր կնքելուց հետո: Հաջորդ կետով դատարանը «սահմանում» է, որ արձանագրությունների կիրառումը չպետք է հակասի ՀՀ սահմանադրության դրույթներին, իսկ 6-րդ կետով «պահանջում» է, որ ՀՀ կողմից ձեռնարկվող քայլերը համահունչ լինեն «սույն որոշման մեջ ներկայացված իրավական դիրքորոշումներին եւ … սահմանադրական կարգի հիմնարար դրույթներին»: Փաստորեն, փորձելով ինքնաարդարացման հիմքեր ստեղծել, Սահմանադրական դատարանը որոշման մեջ կամա թե ակամա ձեւակերպել է, որ արձանագրությունները հնարավորություն են տալիս դրանք կիրառել ՀՀ սահմանադրությունը ոտնահարելով: Հենց այս կետերի բովանդակությունն է վերջին խանդավառությունների ու նոր տարաձայնությունների առարկան:

Մինչդեռ այդ բովանդակությամբ կետերի առկայությունը դատարանի որոշման մեջ հակասում է ՀՀ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 64-րդ հոդվածին, որում ամենայն մանրամասնորեն նկարագրված է, թե դատարանի որոշումն ինչ բովանդակություն պետք է ունենա, սահմանելով դրանում ներառվող հետեւյալ 11 տեղեկությունների ցանկը. «1) որոշման անվանումը, ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը, տեղը, 2) կողմերի եւ դատավարության մասնակիցների մասին անհրաժեշտ տվյալներ, 3) քննվող հարցը, առիթները եւ հիմքերը, 4) Սահմանադրության այն հոդվածը, որի հիման վրա Սահմանադրական դատարանը իրավասու է քննելու գործը, 5) դիմումի համառոտ բովանդակությունը, 6) փաստական եւ իրավական հանգամանքներ, որոնք հետազոտել է դատարանը, 7) Սահմանադրության եւ սույն օրենքի այն հոդվածները, որոնցով ղեկավարվել է դատարանը որոշում ընդունելիս, 8) դատարանի որոշումը հիմնավորող փաստարկներ, 9) որոշման ձեւակերպումը, 10) որոշման վերջնական լինելու մասին նշումը, 11) որոշման հրապարակման պահից ուժի մեջ մտնելու մասին որոշումը…»: Դժվար չէ նկատել, որ որոշման բովանդակությունը սահմանափակող այս կետերից միայն մեկը՝ 9-րդն է նախատեսում դատարանի կարծիքի արտահայտում, այն էլ որպես որոշման ձեւակերպում (փաստաթուղթը համապատասխանում է Սահմանադրությանը, թե՝ ոչ), իսկ մյուս տասը վերաբերում են որոշման մեջ արտացոլվող փաստերին ու տվյալներին: Հետեւաբար օրենքը Սահմանադրական դատարանին լիազորություն չի տվել «իրավական դիրքորոշումներ» արտահայտելու, մեկնաբանություններ անելու կամ պայմանագրերի կիրառմանն առնչվող սահմանափակումներ դնելու վերաբերյալ: Հունվարի 12-ի որոշման 4-6-րդ կետերը պարզապես Սահմանադրական դատարանի ինքնագործունեության հետեւանք են, հակասում են Հայաստանի օրենսդությանը եւ որեւէ իրավական ուժ չունեն: Իհարկե, կարող է հարց ծագել. մի՞թե դատարանի անդամները տեղյակ չեն իրենց գործունեությունը կարգավորող օրենքի բովանդակությանը: Անշուշտ, տեղյակ են, սակայն հավանաբար փորձել են ընտրել, իրենց կարծիքով, իրենց համար չարիքի փոքրագույնը: Ականջալուր բազմաթիվ ահազանգերի՝ հիանալի հասկանալով արձանագրությունների վտանգները, շատ լավ իմանալով, որ քննում են ոչ թե հերթական պայմանագրի համապատասխանությունը Սահմանադրությանը, այլ բախտորոշ մի փաստաթուղթ, որին եւ դրա ստորագրման ու վավերացման գործընթացին հետագայում բազմաթիվ անդրադարձեր են լինելու, փորձել են, թեկուզ եւ ապօրինի, գոնե փաստաթղթում վկայություն թողնել, որ իրենք վտանգները տեսել եւ մատնանշել են: Ավելին, թվում է, թե այդ կետերի բովանդակությունը բխում է նաեւ իշխանությունների շահերից՝ փարատելով արձանագրություններին վերաբերող մտահոգությունները: Մինչդեռ, եթե անգամ սահմանափակվենք որոշան մեջ մատնանշված հնարավոր հետեւանքներով, դատարանը հաստատել է այդ մտահոգությունների հիմնավորվածությունը եւ չպետք է Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեր մի փաստաթուղթ, որը, իր որոշման համաձայն, կարող է այնպիսի կիրառում ունենալ, որը հակասի երկրի Սահմանադրությանը: Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխանող պետք է ճանաչի միայն այն փաստաթղթերը, որոնց կիրառումը կարող է լինել միանշանակ եւ Սահմանադրությանը չհակասող:

Ակնհայտ է, որ Սահմանադրական դատարանը, խախտելով իր գործունեությունը կարգավորող օրենսդրությունը, գերազանցելով իր լիազորությունները, փորձել է եւ կատարել իշխանության ցանկությունը, եւ աճպարարությամբ տպավորություն ստեղծել, թե ընդդիմանում է երկրի Սահմանադրությանն ու պետական-ազգային շահերին հակասող զարգացումներին: Ու ավելի է խճճվել, քանի որ վավերացրել է մի փաստաթուղթ, որի կիրառումը, իր իսկ ձեւակերպմամբ, կարող է հակասել երկրի Սահմանադրությանը: Սակայն խնդիրը միայն դա չէ:

Հունվարի 12-ի որոշումն այսօր դադարել է միայն ներքաղաքական լուրջ խնդիր լինելուց եւ խառնել է խաղաքարտերը հայ-թուրքական հարաբերություններում: Նախ, հունվարի 18-ին ահազանգ հնչեցրեց Թուրքիայի արտգործնախարարությունը, հայտարարելով, որ այդ որոշումը «հակասում է արձանագրությունների տառին ու ոգուն եւ խարխլում է բանակցային ողջ գործընթացը, ուստի խոչընդոտ է ուղենշված նպատակներին»: Իրավիճակը չփրկեց Հայաստանի արտգործնախարարի հեռախոսազանգն իր թուրք պաշտոնակցին եւ վերջինս պնդեց, որ փաստաթուղթը Թուրքիայի համար անընդունելի նախապայմաններ է պարունակում, իսկ մեկնաբանությունները սահմանափակում են գործընթացը: Փաստաթղթին երկու անգամ անդրադարձել է այցով Սաուդյան Արաբիայում գտնվող Էրդողանը. «Այստեղ առկա է Թուրքիայի համար բացարձակապես անընդունելի մոտեցում: Դա պետք է ուղղվի»: Թուրքիայի վարչապետը Հայաստանից պահանջել է վերանայել Սահմանադրական դատարանի որոշումը: Փաստորեն, Սահմանադրական դատարանի որոշման արդյունքում 180 աստիճանով փոխվեցին Հայաստանի եւ Թուրքիայի դիրքերը: Եթե մինչ այդ իր անհագության ու ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի զարգացումների սխալ կանխատեսման արդյունքում Անկարան էր հայտնվել բարդ երկընտրանքի առաջ, ապա Սահմանադրական դատարանի որոշման եւ դրա հետեւած թուրքական արձագանքի արդյունքում արձանագրությունների վավերացման խոչընդոտման պատասխանատվությունը փորձ է արվում տեղափոխել Երեւանի վրա եւ Հայաստանն է հայտնվում բարդ երկընտրանքի առաջ: Կամ պաշտոնական Երեւանը պետք է հայտարարի եւ ապացուցի, որ դատարանի որոշման 4-6 կետերը որեւէ իրավական ուժ չունեն եւ չեն կարող սահմանափակել արձանագրությունների կիրառումը, կամ վերահաստատի, որ այդ կետերի դրույթներով, ինչպես իշխանության որոշ ներկայացուցիչներ շտապեցին հայտարարել որոշման հրապարակումից անմիջապես հետո, «Սահմանադրական դատարանը տվել է նախագահի քաղաքական դիրքորոշման իրավական ձեւակերպումը»: Ակնհայտ է, որ առաջին դեպքում բացահայտվում է Սահմանադրական դատարանի աճպարարությունը, որով որոշման մեջ «ներքին օգտագործման նպատակով» ներառվել են իրավական ուժ չունեցող դրույթներ՝ փորձելով հայությանը համոզել, որ Հայաստանի իշխանությունների ջանքերն ուղղված են արձանագրությունների նկատմամբ հնչած մտահոգությունները փարատելուն:

Երկրորդ դեպքում կհաստատվեն թուրքական կողմի պնդումները, որ Հայաստանի իշխանությունները սահմանափակում են արձանագրությունների կիրառման հնարավորությունները՝ փաստորեն անուղղակի ճանապարհով վերանայելով արձանագրությունների բովանդակությունը եւ չափազանց մեծ կլինի հավանականությունը, որ արձանագրությունները որոշ ժամանակ անց չեղյալ կհայտարարվեն, քանի որ Անկարայի համար այդ դիրքորոշումն ընդունելի չէ: Ի դեպ, Էրդողանի առաջարկը՝ Սահմանադրական դատարանի որոշման վերանայումը, անմիջականորեն իրականացնել հնարավոր չէ Հայաստանի օրենսդրության շրջանակներում: Շատ բարդ կլինի նաեւ միջնորդների՝ Ռուսաստանի, Շվեյցարիայի կամ Միացյալ Նահանգների օգնությամբ իրավիճակի հանգուցալուծումը, քանի որ չկա իրական փոխզիջումային լուծման հնարավորություն: Միջնորդներին անհրաժեշտ է ամեն գնով հասնել արձանագրությունների վավերացմանը, ապա նրանք չեն կարող մերժել դատարանի որոշումը: Հայտարարելով, որ որոշումը հաստատում է արձանագրությունների համապատասխանությունը Սահմանադրությանը, պետք է պնդեն, որ այն չի մտցնում որեւէ սահմանափակում եւ չունի վերապահում: Այդ առումով հետաքրքիր է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ֆ. Գորդոնի հայտարարությունը Դավութօղլուի եւ Քլինթոնի հեռախոսազրույցից հետո. «Դատարանի որոշումը մենք դիտարկում ենք որպես դրական քայլ առաջ արձանագրությունների վավերացման գործընթացում… Դատարանի որոշումը արձանագրությունները բաց է թողնում առաջ՝ խորհրդարանական վավերացման, եւ չի թվում, որ սահմանափակում կամ որակում է դրանք ինչ-որ ձեւով»: Թեեւ «չի թվում»-ի օգտագործումով «չկա»-ի փոխարեն Գորդոնը շրջանցել է ամերիկյան դիրքորոշման իրավական ձեւակերպումը, բայց այն միանշանակ է. Սահմանադրական դատարանի որոշման 4-6 կետերն իրավական ուժ չունեն: Սակայն դա, ինչպես Նալբանդյանի բանավոր հավաստիացումներն իր պաշտոնակցին, չէր կարող եւ չի բավարարել Թուրքիային: Ըստ «Հյուրիեթի», Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարան աշխատում է իրավական գնահատականներ տվող փաստաթղթի վրա, որը կուղարկի Երեւան եւ միջնորդներին, որում կշարադրվեն «Հայաստանի Սահմանադրական դատարանի կողմից միջազգային իրավունքի խախտումները՝ երկու երկրների համաձայնությունները պայմաններով հաստատելու առնչությամբ»: Ամենայն հավանականությամբ, Թուրքիան ակնկալում է, որ իր գրավոր մտահոգություններին ի պատասխան, Երեւանից կստանա գրավոր պաշտոնական հավաստիացումներ, որ դատարանի որոշման 4-6 կետերն իրավական ուժ չունեն: Եվ եթե դա փարատի Թուրքիայի մտահոգությունները, միայն դրանից հետո հնարավոր կլինի խոսել արձանագրությունների վավերացման մասին:

Արձանագրությունների հրապարակումից ի վեր որեւէ գործոն դրանց վավերացման հնարավորության վերաբերյալ այնքան կասկածներ չի առաջացրել, որքան Սահմանադրական դատարանի աճպարարությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել