Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պոլիկլինիկայում բուժսպասարկումն անվճար չէ՞

Հունվար 26,2010 00:00

Թե ինչ եղավ հետո, երբ Հայաստանում մասնագետը ցածր վարձատրվեց

Անվճար բուժսպասարկում ասվածն Էջմիածնի պոլիկլինիկայում սոսկ տեսական է: Պոլիկլինիկա դիմած հիվանդներից նրանք, ովքեր քիչ թե շատ տեղյակ են իրենց իրավունքներին, կարողանում են զերծ մնալ փող աշխատելուն ուղղված բժշկաբուժքույրական «գրոհներից», իսկ անտեղյակների բախտը, ավաղ, չի բերում: Հայտնվում են սպիտակ խալաթավորների թակարդում ու մի լավ «քամվում»:

Հղիության հինգերորդ ամսում գտնվող Լուսինե Ա.-ն, խիստ անհանգստացած՝ օրեր ձգձգվող գրիպից, որոշում է այցելել պոլիկլինիկա՝ ստուգվելու: «Գիտեի, որ սպասարկումն անվճար է, դրա համար, ճիշտն ասած՝ շատ գումար չվերցրի հետս: Բայց անհարմար վիճակի մեջ հայտնվեցի, երբ թոքերս ստուգող թերապեւտը վերջում 1000 դրամ պահանջեց: Երբ ասացի, որ իր պահանջն անօրինական է՝ դեմքի արտահայտությունը մեղմացնելով ասաց, որ պարտադիր չէ. կարող եմ տալ, եթե ցանկանում եմ: Ես էլ ասացի՝ չեմ ցանկանում ոչ թե նրա համար, որ չեմ գնահատում ձեր աշխատանքը, այլ, որովհետեւ ուզում եմ, որ այս երկրում ինչ-որ բան փոխվի. ինչո՞ւ վճարեմ մի բանի դիմաց, որն անվճար է»:

Պոլիկլինիկայում Լուսինեն առաջին «փորձությունը» մի կերպ հաղթահարել էր: Հաջորդ «մենամարտը» բժշկական քարտը Լուսինեին փոխանցող բուժքրոջ հետ էր լինելու: «Հիմա էլ սա կպավ ինձ, թե՝ քարտի համար 1000 դրամ պիտի տաս: Ջղայնացա, ասացի՝ ի՞նչ եք բժիշկով ու բուժքույրով վրա տվել: Եթե այստեղ բուժսպասարկումն անվճար է՝ ինչի՞ համար պիտի ձեզ փող տամ: Տոնը փոխեց, թե՝ դե լավ, երբ կազատվես, էն ժամանակ մի լավ «կշարժվես»»:

Երբ Լուսինեին խորհուրդ տվեցի զանգել եւ իր հետ կատարվածի մասին տեղեկացնել առողջապահության նախարարությունում գործող «թեժ գծին», ասաց՝ կարծում եք իրենք չգիտե՞ն ինչ է կատարվում: Իսկ «Առավոտի» հետ կիսվելը բացատրեց թերթի՝ ընթերցողների մեծ բանակ ունենալու հանգամանքով, ինչը, ըստ նրա՝ կօգնի մեկ անգամ եւս բարձրաձայնել ցավոտ հարցը: «Ես կարողանում եմ ինձ պաշտպանել. վստահ եմ, որ իմ նմանները շատ են, բայց չէ՞ որ շատ են նաեւ խեղճուկրակները, որոնք բժշկի չեն դիմում նույնիսկ այն ժամանակ, երբ «դանակը ոսկորին է հասած լինում»: Ուզում եմ, որ նրանք էլ տեղեկացված լինեն եւ ամեն պարզած ձեռքի մեջ գումար չդնեն»: Էջմիածնի պոլիկլինիկայի տնօրեն Լիլիթ Գալստյանի ամուսինը՝ Վահան Պողոսյանը, առողջապահության նախարարության բժշկական օգնության կազմակերպման վարչության պետն է:

Հ. Գ. Հերթական անգամ անդրադառնալով առողջապահության ոլորտի այս ցավոտ հարցին, պատկան կառույցներին ի գիտություն տեղեկացնում ենք, որ մեր խնդիրը բուժաշխատողին փնովելը կամ պախարակելը չէ: Ուզում ենք ասել միայն, որ պետությունը պետք է այնքան վարձատրի մասնագետին, որ նա ստիպված չլինի «փող աշխատելու» ուղիներ փնտրել: Իսկ փող հաստատ կա: Օրինակ, կարելի էր Զորի Բալայանին սեփական կենսագրության կերտման համար պետական բյուջեից 97 միլիոն դրամ չտալ եւ նույն 97 միլիոնը ուղղել առողջապահությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել