Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏՈՆՆԱՆԵՐՈՎ ԽԱՂՈՂԸ ՓՉԱՆՈՒՄ Է

Հունվար 26,2010 00:00

\"\"Արարատի մարզի խաղողագործները վարկ են վերցրել ու կրակն ընկել եւ պնդում են, որ պետությունը ոչ միայն չի օգնում, այլ մի բան էլ խանգարում է:

Արարատի մարզում նախորդ տարի թեեւ խաղողի բերքն առատ էր, բայց դրանից խաղողագործներն ամենեւին էլ չշահեցին: Գյուղացիներից շատերն այգի մշակելու համար վարկ էին վերցրել, հող մշակել՝ հուսալով, որ կվաճառեն աճեցրած խաղողն ու կապրեն: Սակայն աշնանը մթերումների հետ կապված բազմաթիվ խնդիրներ առաջացան: Անցած տարի օգոստոս-նոյեմբեր հատվածում (07.08.2009՝ \"\"«Խաղողագործները խուճապի մեջ են», 23.09.2009՝ «Խաղողագործները «սպառնում» են», 07.10.2009՝ «Տերս գաղտնի թող մնա», 08.10.2009՝ «Բերդավանում խաղողը կմթերվի 110 դրամով», 05,11.2009՝ «Դարձյալ խաղողի մասին») «Առավոտը» տեղեկացրել է, որ խաղողի մթերումը հարթ չի անցնում, գյուղացիները պնդում են, թե պետական աջակցություն չկա, կան պետական պաշտոնյաներ, որ գյուղացուց խաղողը էժան վերցնում եւ իրենք են թանկ գնով հանձնում մթերողներին: Պետական կառույցները հերքում էին այս տեղեկությունները: Միակ բանը, որ ընդունեցին՝ այն էր, որ 2009-ին 14 հազար տոննա քիչ խաղող է մթերվել, քան 2008-ին:

Հիմա էլ գյուղացիները հույս չունեն, որ սառնարաններում պահվող տոննաներով որակյալ խաղողը գոնե ցածր գնով կիրացնեն: Պատճառն այն է, որ, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի հայկական խաղող չարտահանվեց Վրաստան ու տեղական շուկայում խաղողի «լճացում» արձանագրվեց: Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Հայկազ Տերտերյանի խոսքով, ստեղծված իրավիճակից ամենից շատ տուժելու է Վերին Արտաշատ գյուղը: «Մարզում 20 հազար տոննա խաղողից մոտ 13-14 հազարը բաժին է ընկնում Վերին Արտաշատ համայնքին: Կան մարդիկ, որ բացի իրենց սեփական խաղողից, 220 դրամից ոչ պակաս գնով խաղող են գնել՝ ձմռանը բարձր գնով վաճառելու համար: Բայց շուկայում նույն խաղողն այժմ 150 դրամով են վաճառում»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց Հ. Տերտերյանը ու հավելեց. «Թուրքերը սահման բացելու խնդրում չեն շտապում, բայց մենք չենք կարող սպասել. ճգնաժամ է լինում, 4 կողմից տուժողը մենք ենք: Եթե սահմանը բաց լիներ, գյուղացին մնացած խաղողը կկարողանար իրացնել գոնե Թուրքիայում ու Ռուսաստանում»:

Մեր տեղեկություններով, հարեւան Վրաստանում այսօր վրացական կախեթ խաղողի 1 կգ-ի գինը 1500 դրամից է սկսում, հայկական շուկայում այսօր հայկական խաղողը 100-250 դրամ է: Գյուղացիները գիշերն անցկացնում են Մալաթիա տոնավաճառում, որպեսզի հարմար վայրում տեղավորվեն ու առավոտյան սկսեն առեւտուրը: «Որ վրացի լիներ, էսքան էժան խաղող չէինք ծախի, մեր պետությունը չի թողնում, որ վրացին գա: Քրտինք ենք թափում, հարկերն էլ օրեցօր բարձրացնում են, տվեք թերթին, որ Սերժ Սարգսյանը հասկանա՝ գյուղացին մեղք է, 100 դրամով խաղող ծախելով մենակ թույնի փողը դուրս չի գալիս: Այգեզարդի գինու գործարանին տոննաներով խաղող ենք հանձնել, դեռ կոպեկ չենք ստացել»,- դժգոհում է շուկայում խաղող վաճառող 63-ամյա Ռոզա Մանուկյանը: Վերին Արտաշատ գյուղի բնակիչ Արթուրն էլ հավելում է. «Այս տարի գյուղացուն լրիվ տուպիկի առջեւ դրեցին, մարդիկ պայմանագրերը ձեռքներին չեն մթերել խաղողը, ուզում են մաքուր ապրանք… բայց մենակ 150 հազար թույնի փող եմ տվել, իմ վրա էս խաղողը նստած է 400-500 դրամ: Գնում ես թոշակ ստանաս՝ 50 կողմից թափվում են գլխիդ, ո՞ր մեկին տաս»: Նույն գյուղից 45-ամյա Ռազմիկն էլ ավելացնում է. «Մոտ 15 տոննա խաղող ունեմ սառնարանում: Գործարանին հանձնելու համար պայմանագիր չունեի, 60 դրամով էլ չհանձնեցի: Եթե վրացի չգա, հույս չունեմ, որ խաղողս կվաճառեմ, գարունը առուն կքաղցրացնենք»:

Տարածված կարծիքը, թե Վրաստանում մեր խաղողը պահանջարկ չունի, գյուղացիները անհեթեթ են համարում, շատերն էլ հավատացած են, որ առաջացած խնդրում մեղավոր է մեր երկիրը: Վերին Արտաշատի բնակիչ Լ. Հայրապետյանը հայտնեց. «Մենք կապեր ունենք վրացիների հետ, զանգում, խոսում ենք, ասում են՝ խաղողը 2000 դրամից ավելի է: Եթե այնտեղ պահանջարկ չկա՝ ինչո՞ւ է խաղողի գինն այդքան բարձր: Վրացիներն իրենք էլ ուզում են՝ գան, խաղողը գնեն, գումար աշխատեն: Նույն վրացիները մեզ ասում են, որ իրենք մեր խաղողը Ադրբեջան, Ռուսաստան են հանում: Սա մեծ խաղ է, որ մի անգամ էլ մեր գործարանները բացեն, ասեն՝ ձեզ խղճում ենք, բերեք 25 դրամով ձեր խաղողը հանձնեք»: Շուկայում արքայախնձոր վաճառող, Մասիս շրջանի Դարակերտ գյուղի բնակիչ Հրաչն էլ պնդում է. «Վրացիները գալիս, մեզ ասում են՝ ձեր իշխանությունների հետ համաձայնեցրեք, Վրաստանի անցակետը թույլ է տալիս: Վրացիներն ասում են՝ եթե ձեր տամոժնին խնդիրներ չառաջացնի, ձեր խնձորն էլ, խաղողն էլ կտանենք, արտահանման մաքսատուրքը այնքան բարձր են դրել, որ ձեռ չի տալիս: Փոխարենը վրացին հեշտությամբ իր ապրանքը բերում է Հայաստան, վաճառում, նաեւ այնպիսի ապրանքներ, որ մեր երկրում էլ կան: Օրինակ՝ կարալյոկ, լոլիկ, վարունգ, բիբար: 15 տոննա կարալյոկ ունեմ, բայց չեմ կարողանում վաճառել»:

Զրուցեցինք նաեւ Մալաթիա տոնավաճառում մրգեր վաճառող վրացիներից մի քանիսի հետ: Ռուսթավիից Ռամազ Նադարեշիլին նշեց. «Քանի որ մենք արդեն սեփական կախեթ խաղող ունենք, մինչեւ մերը չվաճառվի՝ ո՛չ հայկական, ո՛չ թուրքական՝ չեն թողնում»: Քութայիսից Ռուսիկո Ուբիլաձեն եւս ամեն տարի հայկական խաղող է տարել Վրաստան: «Ես ուզում եմ աշխատել, մեզ չեն թողնում»,- ասաց նա: Հարցին՝ ո՞րն է պատճառը, պատասխանեց՝ «Սահակաշվիլուն հարցրեք»:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության առեւտրի եւ արդյունավետ շուկաների վարչության պետ Գագիկ Քոչարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ լրատվամիջոցներից է տեղյակ գյուղացիների՝ վերը նշված բողոքներից, բայց որեւէ ահազանգ մինչ այսօր իրենք չեն ստացել: Մեր զրուցակիցը վստահեցրեց. «Հայկական կողմից նման խնդիր չկա, հակառակը՝ մեր գյուղմթերքների արտահանման համար ընդունել ենք պարզեցված ընթացակարգեր»: Պարոն Քոչարյանը հայտնեց նաեւ, որ այս շաբաթ խնդիրը քննարկվելու է հայ-վրացական մինչկառավարական հանձնաժողովի շրջանակներում:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը սառնարաններում պահեստավորված խաղողի վերաբերյալ արդեն հայտարարություն արել է ու գյուղացիներին խորհուրդ տվել՝ մնացած խաղողը սեփական ուժերով արտահանել Ռուսաստան: «Վերին Արտաշատի գյուղացիների մեծ մասը նույնիսկ իր խաղողը չի դրել սառնարան, գնել է դրսից, որպեսզի ձմռանը թանկ վաճառվի, հիմա դա բիզնես է կոչվում, նախկինում սպեկուլյացիա: Հիմա դրա համար գյուղատնտեսության նախարարությո՞ւնը պետք է պատասխան տա: Ո՞վ էր գյուղացուն ասում, որ տոննաներով խաղողը գնի, հետո էլ չկարողանա վաճառի»,- խնդրին այսպես արձագանքեց նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վ. Մարտիրոսյանը:

Իսկ գյուղացիների մի մասը հետեւել է նախարարության խորհրդին եւ խաղողը հասցրել Ռուսաստան: Վերին Արտաշատում ասում են նաեւ, որ Ռուսաստան հասած հայկական խաղողը հարեւան ադրբեջանցիները իրենց հերթին Ուկրաինայով եւ այլ ճանապարհներով արտահանում եւ վաճառում են Վրաստանում:

Հ. Գ. Որ պաշտոնյաները կհերքեն խաղողագործների բողոքները, դժվար չէր ենթադրել: Բայց երբ հիշում ես, որ հայկական ծիրանը, վերջին շրջանում նաեւ Հայաստանում աճեցրած ոչխարները արտահանելը վերահսկում-համակարգում-կառավարում են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները, գյուղացիների պնդումներն այնքան էլ անհիմն չեն թվում: Եթե ծիրան կամ ոչխար արտահանելով կարելի է մեծ-մեծ փողեր ստանալ, ապա ինչո՞ւ այս տարվանից չի կարող նույն նպատակին ծառայել հայկական անկրկնելի խաղողը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել