Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այսուհետեւ՝ դռնփակ նիստ

Հունվար 26,2010 00:00

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանում անցյալ ուրբաթ սկսվեց լրտեսության ձեւով պետական դավաճանության գործով դատավարությունը:

Անդրանիկ դատական նիստին, որպես մեղադրող, մասնակցել է ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը: Մեղադրանքը նրա հետ կպաշտպանի նաեւ դատախազ Արամ Ամիրզադյանը:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներին եւ կասկածյալ Գ. Հայրապետյանի նամակին անդրադարձել է «Առավոտը»: Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ նախկին աշխատակից Գ. Հայրապետյանը եւ ԻԻՀ քաղաքացի, ազգությամբ ազերի Բ. Բաղերին մեղադրվում են պետական դավաճանության, ապօրինի կերպով հրազեն եւ ռազմամթերք ձեռք բերելու, պահելու եւ լրտեսության հոդվածներով, որը կատարվել է օտարերկրյա քաղաքացու կողմից:

Նախաքննության տվյալների համաձայն՝ ՀՀ ՊՆ նախկին աշխատակից Գ. Հայրապետյանը 2009 թ. ապրիլին անգամ հավաքագրվել է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից եւ, ստացած առաջադրանքի հիման վրա, հավաքել եւ նրանց փոխանցել գաղտնի տեղեկություններ ՀՀ զինված ուժերի մարտունակության եւ պաշտպանունակության վերաբերյալ, ինչպես նաեւ որոշակի նյութեր՝ հակահայկական քարոզչություն իրականացնելու նպատակով:

ԻԻՀ քաղաքացին ապահովված է թարգմանչով:

Ամբաստանյալ Գ. Հայրապետյանն իրեն լիովին մեղավոր ճանաչեց ապօրինի կերպով հրազեն եւ ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու համար, իսկ լրտեսության ձեւով պետական դավաճանության համար՝ մասնակի: ԻԻՀ քաղաքացի Բ. Բաղերին իրեն մեղավոր չճանաչեց:

Մեղադրողները միջնորդեցին դատաքննությունն անցկացնել դռնփակ՝ նկատի ունենալով, որ քրեական գործում կցված ապացույցներն իրենց մեջ պարունակում են պետական գաղտնիք, ինչին պաշտպանական կողմը չառարկեց: Դատարանը բավարարեց միջնորդությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել