Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄՈՒՏՔ՝ ՀՐԱԶԵՆՈՎ

Հունվար 26,2010 00:00

Ավազակների թիրախում քաղծառայության պետն էր, ավագ դատախազն ու «Արայի» սեփականատերը

\"\"
Ավագ դատախազ Մնացական Շահգելդյանի առանձնատունը:

\"\"
«Արայ» ընկերության տնօրեն Արմեն Պետրոսյանի առանձնատունը:

«Առավոտի» տեղեկություններով, օրերս ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները Արաբկիր վարչական շրջանի ոստիկանության աշխատակիցների հետ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Գյումրիից Արաբկիրի ոստիկանություն բերման են ենթարկել Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 17-ամյա բնակիչ Արմեն Մարտիրոսյանին եւ Երեւանի 31-ամյա բնակիչ Կարեն Կարապետյանին: Մեր տեղեկություններով, վերջիններս 2009թ. դեկտեմբերի 12-ին դիմակավորված, հրազենով զինված մուտք են գործել Դավիթաշեն վարչական շրջանի Ձոր 1 թաղամասի թիվ 89 տուն, բռնություն գործադրել տանը գտնվող անձանց նկատմամբ եւ այնտեղից հափշտակել 2,5 միլիոն դրամ, 4 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա եւ արծաթյա իրեր: Նշված տունը, մեր տեղեկություններով, պատկանում է ՀՀ գլխավոր դատախազության Շենգավիթ վարչական շրջանի ավագ դատախազ Մնացական Շահգելդյանին: Վերջինս Կոտայքի մարզպետ, ՀՀԿ-ական Կովալենկո Շահգելդյանի եղբոր որդին է: Նույն խումբը 2009թ. դեկտեմբերի 26-ին, ժամը 22.30-ին, դիմակավորված մուտք է գործել Լենինգրադյան փողոցի թիվ 31/26 տուն եւ զենքի սպառնալիքով հափշտակել 7 500 ԱՄՆ դոլար, 100 եվրո, մոտ 10 000 դրամ, 3 բջջային հեռախոս եւ ոսկյա ու արծաթյա զարդեր՝ պատճառելով 14 000 000 դրամի նյութական վնաս: Նշված տունը պատկանում է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանին:

Ավազակային հարձակման պահին տանը եղել են Մանվել Բադալյանի կինն ու երեխաները: Կատարվածի մասին պարզաբանումներ խնդրեցինք պարոն Բադալյանից: Վերջինս հաստատեց ավազակային հարձակման փաստը եւ նշեց, որ չի ուզում ավելին ասել, քանի որ չի կարող վերապրել այդ մղձավանջային օրը: Խմբի վերջին «քաջագործությունը», որը նրանց «կարապի երգն» էր, իրականացվել է այս տարվա հունվարի 16-ին, ժամը 22.40-ի սահմաններում: Կարենն իր անձնական օգտագործման ավտոմեքենայով Պետրոսին եւ Արմենին բերում է Արաբկիր վարչական շրջանի Մոլոկանի այգի եւ մատնացույց անում արդեն իր կողմից նախօրոք պլանավորած եւ իր տեսադաշտում հայտնված Փափազյան 2-րդ նրբանցքի թիվ 101 տունը: Նշված առանձնատունը պատկանում է «Արայ» ընկերության սեփականատեր-տնօրեն Արմեն Պետրոսյանին: Վերջինս այդ պահին գտնվում էր Արաբական Միացյալ Էմիրություններում: Պետրոսն ու Արմենը տուն մտնելուց հետո զենքի կիրառմամբ գետնին են պառկեցնում տան անվտանգության աշխատակից Արսենին: Իսկ մյուս աշխատակիցը, որի անունը նախաքննության շահերից ելնելով չենք նշում, թաքուն դուրս է գալիս, նստում բակում կայանված իր ավտոմեքենան եւ կատարվածի մասին ահազանգում ոստիկանություն: Կարճ ժամանակ անց Արաբկիրի ոստիկանները հասնում են դեպքի վայր, ինչն էլ նկատում են ավազակները եւ դիմում փախուստի: Փախուստի ժամանակ նրանք սկսում են կրակել ոստիկանների ուղղությամբ: Բարեբախտաբար, կրակոցների արդյունքում ոչ ոք չի տուժում: Փախուստի պահին առանձնատան անվտանգության աշխատակիցը մեքենայով հարվածում է հանցագործին՝ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի բնակիչ՝ 22-ամյա Պետրոս Հակոբյանին, վերջինս վայր է ընկնում, իսկ ոստիկանները կասեցնում են նրա փախուստը: Փախուստի ժամանակ հանցագործներից մեկը փորձել էր թաքցնել կարճեցված փողով որսորդական հրացանը: Սակայն այն հայտնաբերվել եւ առգրավվել է: ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիր վարչական շրջանի ոստիկանության քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն: Իրավապահներն ունեն լուրջ կասկածներ, որ եռյակը, նշված հանցագործություններից բացի, հնարավոր է կատարած լինի նաեւ այլ հանցագործություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել