Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՆԿԱՏԱՆ ՍԱՆԵՐԻՆ ՏՈՒՆ Է ՊԵՏՔ

Հունվար 26,2010 00:00

Ասում են, որ տուն լինի՝ մնացածն իրենք կկարողանան անել

Գրեթե բոլոր երկրներում ընդունված է, որ մանկատանը մեծացած երեխաներին պետությունը չափահաս դառնալուց հետո պետք է բնակարան հատկացնի՝ որպես նվիրատվություն։ Այսինքն՝ պետությունը փորձում է առանց ծնողական խնամքի մեծացած երեխաներին չափահաս դառնալուց հետո էլ օգնել։ Այսպես էր նաեւ Հայաստանում, սակայն այս տարի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը «Բնակարան՝ որբերին» ծրագիրը չի իրականացնում՝ պետբյուջեից միջոցներ չստանալու պատճառով, ինչի հետեւանքով շատ երեխաներ ստիպված են չափահաս դառնալուց հետո էլ մնալ մանկատանը։ Բացի այդ, պարզ չէ, թե մեր պետությունը երբ հնարավորություն կունենա կրկին բնակարաններ հատկացնել մանկատան «շրջանավարտներին», ուստի խնդրի առնչությամբ անհանգստացած են նաեւ, այսպես ասած, ռիսկային խմբում գտնվողները՝ մանկատան 15-18 տարեկան երեխաները։

\"\"Քանաքեռ-Զեյթուն համայնքի «Զատիկ» մանկատանը բնակվող 16-ամյա Աննայի համար բնակարան ունենալը չափազանց մեծ անհրաժեշտություն է։ Նա ասում է, որ երբ տուն ունենա, իր մայրիկի հետ կապրի այդ տանը. «Հիմա ես ու մամաս գրանցում չունենք, բայց եթե մեզ պետությունը գոնե մի քիչ օգնի, կապրենք վարձով»։ Նրա մայրը կալանավայրում է։ Աննան չգիտի, թե երբ է մայրը դուրս գալու, բայց դուրս գալուց հետո էլ, տուն չունենալու պատճառով, չեն կարող միասին լինել: Աննան մոր՝ կալանավայրում գտվելու պատճառով է, որ հայտնվել է մանկատանը. «Երբ մայրս գաղութ ընկավ, մարդ չկար, որ ինձ տիրություն աներ, բերեցին այստեղ։ Ես ամեն ամիս գնում եմ մայրիկիս տեսնելու, անգամ կարողանում եմ մնալ մոտը, առաջ դա հնարավոր չէր, բայց հիմա պայմանները սարքել են։ Շաբաթը 2 անգամ էլ զանգում եմ, շատ կարոտում եմ»։

Նա հիմա սովորում է խոհարարական քոլեջում։ 8-րդ դասարանից դուրս է եկել։ Ասում է, որ հոգնել էր դպրոցից, չնայած քոլեջում էլ է նույն առարկաներն անցնում. «Դեռ առաջին կուրս եմ, ոչինչ չեմ պատրաստում, կանոններն եմ սովորում։ Պրակտիկա եմ գնում լահմաջոյանոց, շաբաթը մեկ անգամ պետք է գնամ, սակայն ես ավելի հաճախ եմ գնում, շատ եմ կապվել այնտեղի աշխատողների հետ, դեռ անգիր չեմ կարողանում ֆարշը պատրաստել, ինձ ուղղություն են ցույց տալիս արդեն վարպետացած աշխատողները»։ Նա ցանկանում է նաեւ դիզայներ դառնալ. «Բայց ինձ թվում է՝ խոհարարական գծով կշարունակեմ, կդառնամ խոհարար»։

\"\"15-ամյա Գայանեն էլ է ցանկանում խոհարարական դասերի մասնակցել, սակայն սովորում է դպրոցում, բացի այդ՝ հաճախում է պարի. «Ես ցանկանում եմ պարի գծով էլ մասնագիտանալ, դրա համար պետք է սովորեմ, երեւի սկզբում կգնամ պարարվեստի ուսումնարան, մի խոսքով՝ պետք է պրոֆեսիոնալ պարուհի դառնամ»։ Նա պատմեց, որ պարել սովորել է «Զատիկ» մանկատանը, որտեղ գործում է պարի խմբակ, պարում է հայկական ժողովրդական պարեր։

Նա ծնողներ ունի, որոնք հաճախ են իրեն այցելում, հատկապես մայրը ամեն շաբաթ գալիս է մանկատուն։ Նույն մանկատանն է նաեւ իր քույրը։ «Ինձ թվում է՝ ես այստեղ եմ հայտնվել մեր ընտանիքի սոցիալական անապահովության պատճառով։ 6 տարեկան էի, երբ ինձ Զեյթունի գիշերօթիկ մանկապարտեզից բերել են այստեղ»,- պատմեց Գայանեն։ Ասաց, որ սիրահարված է մանկատան սաներից մեկին, իսկ մանկատան աշխատակիցներն էլ ավելացրին, որ Գայանեի ընտրյալը շատ լավ տղա է, Գայանեի հետ ընկերություն անելուց հետո փոխվել է դեպի լավը։ «Մենք որոշել ենք իրար հետ ամուսնանալ։ Երբ սովորենք, աշխատենք, այն ժամանակ էլ կամուսնանանք։ Հիմա ոչ ինքը տուն ունի, ոչ էլ ես, ամենադժվար բանը տուն գտնելն է, եթե տունը լինի, մենք մնացածը միասին կանենք, կստեղծենք։ Իմ ընկերը հիմա էլ է աշխատում, ես էլ, երբ սովորեմ, կաշխատեմ, կհասցնենք մեր գլուխը պահել»,- վստահ է Գայանեն:

\"\"Գայանեի հասակակից Մելանյան էլ, երբ մեծանա՝ որոշել է երեխաներ որդեգրել. «Բայց ոչ մեր մանկատնից, քանի որ մեզ մոտ չկան փոքրեր, իսկ ես ցանկանում եմ նորածին պահել։ Փոքր երեխան կհարմարվի, իսկ երբ մեծ է՝ չի ցանկանա արդեն, որ իրեն որդեգրեն, ես էլ չեմ ցանկանում, որ ինձ որդեգրեն»։

Ընդհանրապես 14 տարեկանից բարձր ոչ մի երեխա էլ չի ցանկանում, որ իրեն որդեգրեն, քանի որ վստահ չեն, որ կհարմարվեն նոր ծնողների հետ։

Ինչ վերաբերում է տուն ունենալուն, Մելանյան այնքան էլ շատ չի մտածում այդ խնդրի շուրջ, քանի որ նրա մայրն ու հայրը իրեն ու փոքր եղբորը ժառանգություն են թողել սեփական տունը։ Ասում է, որ ցանկանում է մանկատնից դուրս էլ ապրել, քանի որ ուզում է իմանալ, թե ինչպիսին է կյանքը դրսում՝ հե՞շտ է, թե դժվար. «Եթե դժվարությունների հանդիպեմ, կփորձեմ հաղթահարել, առաջ գնալ։ Դեռ չեմ որոշել ինչ եմ դառնալու, ինչ եմ աշխատելու, բայց ցանկանում եմ դրսում էլ ապրել։ Դրսի հետ այնքան կապ չունեմ։ Մեծ եղբայրս ապրում է Լաչինում, հյուր եմ գնում նրա մոտ։ Նա ամուսնացել է մեր մանկատան աղջիկներից մեկի հետ։ Եկավ, տեսավ, սիրահարվեց, առավ ու գնաց»։ Նրանք երկկողմանի ծնողազուրկ են։

\"\"Իսկ 17-ամյա Լենան ցանկանում է, որ իրեն որդեգրեն, սակայն, ինչպես մանկատան աշխատակիցները պատմեցին, նա շատ է վիրավորվում, երբ իր ուզած բանն իրեն արգելում են, սկսում է լաց լինել։ «Հա, շատ լացկանն եմ։ Որ որդեգրեն, այնտեղ էլ եմ լացելու։ Բայց ուզում եմ մանկատանն էլ մնալ, կաշխատեմ այստեղ։ Հասկանում եմ, որ պետք է նաեւ իմ տունն ունենամ, կարիքը շատ եմ զգում այդ տան։ Դեռ չգիտեմ, ում հետ եմ այնտեղ ապրելու, բայց շատ կուզեմ տուն ունենալ»,- ասաց Լենան։ Նա դպրոց է հաճախել մինչեւ 7-րդ դասարան։ Պատմում է, որ դպրոցն այնքան էլ իրեն դուր չի եկել. «Արդեն 2 ամիս է՝ քոլեջում եմ սովորում, վարսավիր եմ դառնալու։ Ավարտեմ, հետո դիզայներական էլ եմ սովորելու, հետո արդեն կաշխատեմ»։

Նա իր ամուսնանալու մտադրությունների մասին էլ պատմեց. «Երբ ընկերս գա բանակից, երեւի կամուսնանաք։ Նա Շամշադինում է ծառայում, 20 տարեկան է։ Բայց, ճիշտն ասած, մենք դեռ պետք է շփվենք, նա ինձ հաճախ զանգում է եւ ասում, որ սիրում է ինձ, բայց ես դեռ վստահ չեմ»։

Լենայի մայրն էլ է կալանավայրում, սակայն նա չցանկացավ այդ մասին խոսել, ասաց, որ չի այցելում նրան։

«Զատիկ» մանկատանը ապրում է մոտ 65 երեխա, որից գրեթե 40-ը 14 տարեկանից բարձր է։ Այս մանկատան սաներից շատերն են իրար հետ ամուսնանում։ Այդ գործում փորձում է իր ներդրումն ունենալ նաեւ մանկատունը. նրանց հարսանիքի ու հարսի օժիտի ծախսերը մանկատան ղեկավարությունն է հոգում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել