Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Բջնին» միտումնավոր վաճառեցին»

Հունվար 26,2010 00:00

«Բջնի հանքային ջրերի գործարան» ընկերությունը հայցադիմում է ուղարկել Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջով, անվավեր ճանաչել ընկերության սնանկության կառավարիչ Արսեն Չիտչյանի եւ «Արմենիան Ռոյալ Սիգարետ» ընկերության միջեւ 25.12.09 թ. կնքված «Անշարժ եւ շարժական գույքի, հանքային իրավունքի եւ այլ գույքային իրավունքների առուվաճառքի» պայմանագիրը: Այս մասին «Առավոտը» տեղեկացավ երեկ «Բջնի հանքային ջրերի գործարան» ընկերության տարածած հաղորդագրությունից: Հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է. «Ընկերության սնանկության կառավարիչը, իրեն վերագրելով կառավարման լիազորությունները, ընկերության գլխավոր տնօրենին ազատել է աշխատանքից, դրանով իսկ պարտապան կազմակերպությանը զրկելով ընդհանրապես սնանկության գործընթացից տեղեկացված լինելու իրավունքից»: Անդրադառնալով գործարանի վաճառքին, տեղեկանում ենք, որ դատարանի՝ 30.11.2009-ի որոշմամբ ընկերության գույքը 17.12.2009-ին դրվել է աճուրդի՝ 5 184 000 000 դրամ մեկնարկային գնով: Աճուրդը չի կայացել՝ հայտեր ներկայացված չլինելու հիմքով, որից հետո կառավարիչը պարտատերերի ժողով է գումարել՝ ընկերության գույքն ուղղակի գործարքով վաճառելու կապակցությամբ: Նախորդ տարվա դեկտեմբերի 24-ին դատարանը որոշում է կայացրել՝ ընկերության գույքն ուղղակի գործարքով վաճառելու վերաբերյալ: Ընկերության անունից սնանկության կառավարիչը 2009թ. դեկտեմբերի 25-ին «Արմենիան Ռոյալ Սիգարետ» ընկերության հետ կնքել է առուվաճառքի պայմանագիր, որով 4 մլրդ 300 մլն դրամ գնով՝ մինչեւ 2014 թվականի փետրվարի 1-ը մարելու պայմանով վաճառել է անշարժ եւ շարժական գույքը, հանքային իրավունքները եւ մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ բոլոր գույքային իրավունքները: Մի շարք այլ փաստերի թվում նշվում է, որ պայմանագիրն անվավեր պետք է ճանաչել նաեւ, քանի որ տարաժամկետ վճարման պայմանով վաճառքը օրենքով թույլատրված չէ. «Ակնհայտ է, որ ոչ կառավարիչը եւ ոչ էլ Սնանկության դատարանը «Սնանկության մասին» ՀՀ օրենքով լիազորված չեն 4 տարի տարաժամկետ վճարման պայմանով վաճառել պարտապանի գույքը»: Ըստ ընկերության փաստաբանի, գործարանի գույքի ուղղակի վաճառքը չի բխում պարտատերերի շահերից եւ հիմնավորված չէ, այն իրականացվել է օրենքի պահանջների խախտմամբ, ուստի գործարքը պետք է համարել անվավեր: Հայցվորները պնդում են նաեւ, որ խախտվել է ընկերության սեփականության իրավունքը, քանի որ կառավարչի եւ Սնանկության դատարանի գործողություններով ընկերության գույքն օտարվել է այլ անձի՝ շուկայական արժեքից պակաս գնով եւ գնորդի համար ակնհայտ արտոնյալ պայմաններով: Հայցվորները պնդում են, որ նրանք դարձել ենք քաղաքական հետապնդումների զոհ, քանի որ ընկերության սեփականության նկատմամբ միջամտությունը պայմանավորված է ՀՀ պետական մարմինների կողմից խտրական մոտեցմամբ. «Ընկերության բաժնետերեր Սուքիասյան եղբայրներն այն պահից սկսած, երբ կանգնեցին ընդդիմադիր իշխանության կողքին եւ իրենց քաղաքական զորակցությունը հայտնեցին ընդդիմության ղեկավար՝ քաղաքական գործիչ Լեւոն Տեր-Պետրոսյանին, նրանց պատկանող կամ նրանց հետ համագործակցող կազմակերպությունները պետական մարմինների կողմից սկսեցին ենթարկվել ապօրինի ստուգումների, որի ընթացքում նրանց նկատմամբ դրսեւորվեց ակնհայտ խտրական մոտեցում: Հատկանշական է, որ հայցվորների կառավարման ներքո գտնվող ընկերության գույքը որոշվել էր վաճառել ներկա իշխանությունների ֆավորիտը հանդիսացող Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Արմենիան Ռոյալ Սիգարետին»: Ավելին, այդ նույն ընկերությունն էր դեռեւս 2009-ի փետրվարին կայացած աճուրդի ժամանակ մասնակցել աճուրդին եւ գնել ընկերության գույքը, իսկ այնուհետեւ աճուրդի ողջ գումարը վճարելու պատրանք ստեղծելով՝ փորձել էր տիրանալ ընկերության գույքին: Իսկ երբ պարզ դարձավ, որ իրականում ավելի քան 4 մլրդ դրամ գումարը չի վճարվել, ԴԱՀԿ-ն իբր վերադարձրեց գումարը «Արմենիան Ռոյալ Սիգարետ» ՍՊԸ-ին եւ այդ պատրվակով էլ ընկերության հայցը բավարարվել էր եւ աճուրդն անվավեր ճանաչվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել