Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՏԵՐՈՎԻՆ ՏԵՐՆ Է ՏԱՐԵԼ, ԱՆՏԵՐԻՆ՝ ԳԵԼԸ»

Հունվար 26,2010 00:00

«Ֆիրդուսի» տոնավաճառի առեւտրականներից ոմանց համար ՀԴՄ-ներ տեղադրելու պահանջը չի գործում

\"\"
Արդեն 5 օր է՝ տոնավաճառի այս հատվածում, ՀԴՄ-ների բացակայության պատճառով, առեւտուր չի իրականացվում:

\"\"
Տոնավաճառի մոտ 600 աշխատակիցներ մատնված են գործազրկության:

\"\"
«Ֆիրդուսնոցի» այս հատվածում աշխատում են առանց ՀԴՄ-ի: Նրանց տնօրենը, հանուն իր օրավարձերի, չի էլ պարտադրում ՀԴՄ-ով աշխատել: Ըստ երեւույթին, նրան չի սպառնում տուգանվելու վտանգը:

«Ֆիրդուսի» տոնավաճառի վաճառականները բաժանված են երկու մասի՝ «տերովներ» եւ, այսպես ասած՝ «անտերներ», որոնք արդեն 5 օր է՝ չեն աշխատում, կառավարության, ԱԺ-ի դռներն ընկած՝ փորձում են պայքարել ՀԴՄ-ներ տեղադրելու դեմ: Այդ տոնավաճառի տարածքը մի քանի տեր ունի: Օրինակ՝ մի հատվածի վարձակալը «Հզոր Հայրենիք» կուսակցության նախագահ Վարդան Վարդապետյանն է: Նրան «մուծվող» վաճառականներին չի արգելվում առանց ՀԴՄ-ներ տեղադրելու առեւտուր անել, ուստի նրանք երեկ անարգել վաճառում էին իրենց ապրանքները՝ կարծես թե օրենքի պահանջը, որ մինչեւ 2010թ. հունվարի 1-ը բոլոր տոնավաճառներում պետք է հաշվիչ դրամարկղեր տեղադրվեն, իրենց չի վերաբերում:

Տոնավաճառի մեկ այլ հատվածի վարձակալն ու տնօրենը Ռուբեն Ալոյանն է: Նա իր տարածքում կանգնող առեւտրականներին պարտադրում է, որ ՀԴՄ-ով աշխատեն, հակառակ դեպքում՝ իրեն կտուգանեն 300 հազար դրամով: Երբ վաճառականները նրան բողոքել են, որ մյուս տարածքի տնօրենները չեն պարտադրում ՀԴՄ տեղադրել, Ռուբեն Ալոյանը պատասխանել է. «Ես անկարող եմ, չեմ կարող օրենք խախտել»:

Նշենք, որ Պետռեգիստրից տրամադրված տեղեկատվության համաձայն, «Ֆիրդուսի» տոնավաճառի տարածքն իրացման գոտի է եւ մինչեւ այս տարվա ապրիլի 1-ը ենթակա է քանդման: Ուստի ընդամենը 2 ամսվա համար օրվա հացի փող վաստակող առեւտրականներին պարտադրել, որ 70 հազար դրամ վճարեն, հաշվիչ առնեն, որ ստվերում չաշխատեն, ըստ վաճառականների՝ անարդարացի է: «Մենք վարկ ենք վերցրել, նոր ապրանք ենք բերել, գոնե ժամանակ տան, դա ծախենք, հետո տարածքը քանդեն: Կոնկրետ ես ամսական 130 հազար դրամ վճարում եմ. հայաթի տիրոջը փող ենք տալիս, տոնավաճառի տիրոջը օրական 1500-2500 դրամ ենք տալիս, հարկայինին տարածքի փողը քմ-ով տալիս ենք, մաքսեր վճարում ենք, տակը ոչինչ չի մնում, միայն օրական 1000-2000 դրամ՝ հացի փող: Ընդ որում, մեր վճարումների դիմաց կտրոն չեն տալիս, որ ապացուցենք, թե ում ինչքան ենք տալիս: Եթե այս տոնավաճառում նորմալ պայմաններ լինեին, տարածքը փակ լիներ, կոնդիցիոներներ լինեին՝ էլի կհասկանայինք ՀԴՄ-ներ տեղադրելու պահանջը, բայց այստեղ անմարդկային պայմաններ են առեւտրականների համար: Տարածքը մաքրող հավաքարարի փողից սկսած՝ ամեն ինչ մենք ենք վճարում: Էս ցրտին դրսում կանգնում ենք, հազար հիվանդություն ենք ստանում: Մեզ ասում են՝ ձեռք չի տալիս՝ մի աշխատեք, բայց մենք այն տարիքում ենք, որ չնայած բարձրագույն կրթություն ունենք՝ ոչ մի տեղ աշխատանքի չեն ընդունում: Եթե աշխատանք լինի, մենք էստեղ ստրուկի պես չենք կանգնի»,- դժգոհում էին առեւտրականները: Նրանցից մեկի՝ Ժաննա Պողոսյանի խոսքերով, «Ես Թուրքիայից եմ ապրանք բերում: Ամսական վարձավճարները, մաքսերն ու հարկերը քիչ էին՝ վերջերս քաշի փողն են ավելացրել՝ 1 կգ-ի համար 3 դոլարից 5 դոլար են դարձրել, մենք ո՞նց ենք դրա տակից դուրս գալու: Ես 1500 դոլարի ապրանք եմ բերել, եթե այդ փողից քաշի փողը, ճանապարհածախսը, հյուրանոցի գումարը հանեմ՝ տակը բան չի մնա, իսկ եթե ՀԴՄ-ի փող տամ՝ հաստատ «տակ կտամ», էն 1000 դրամն էլ ինձ չի մնա: Մնում է թնդանոթը դնեն ճակատներիս՝ կրակեն, պրծնենք, պետք է ձրի գանք-աշխատենք: Մեր վարկերն իրե՞նք են տալու, թե՞ անտուն ենք մնալու, ընկնենք փողոցները»:

Ի տարբերություն Ռուբեն Ալոյանի տարածքի վաճառականների, տոնավաճառի մյուս հատվածում հանգիստ իրենց առեւտուրն էին անում «տերով» վաճառականները: Մեր հարցին՝ առանց ՀԴՄ-ների ինչպե՞ք եք աշխատում՝, ձեզ չե՞ն արգելում աշխատել, նրանցից մեկը՝ Անահիտ Խաչատրյանը պատասխանեց. «Չենք ուզում՝ ՀԴՄ չենք տեղադրում: Էս երկրում նենց օրենք չկա, որ բոլորին վերաբերի: Մեզ էդ օրենքը չի վերաբերում, այո՛, հենց անօրինական ենք աշխատում, մեզ մեր տնօրենը չի արգելում աշխատել»: Աշխատող վաճառականներն ասում էին, որ իրենք «վերեւներից դաբրո» ունեն ու կարող են առանց ՀԴՄ-ի աշխատել: «Մեզ համար ՀԴՄ-ի պրիկազը դուրս չի եկել»,- ծիծաղելով ասում էին նրանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել