Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բողոքի ակցիա անցկացրին զոհերի հարազատները

Հունվար 26,2010 00:00

Նրանք նամակ-պահանջով դիմեցին ԵԽ հայաստանյան գրասենյակին

«Մարտի 1»-ի 10 զոհերի ծնողները, որոնք իրենք իրենց խնդիրների լուծման հարցում պաշտպանության կարիք ունեն, երեկ իրենց սպանված որդիների լուսանկարները բռնած՝ բողոքի ակցիա անցկացրին ԵԽ երեւանյան գրասենյակի դիմաց՝ ի պաշտպանություն ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության միակ ընդդիմադիր անդամ, «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ ընդդեմ նրան պատվիրակության մշտական անդամի կարգավիճակից զրկելու վերաբերյալ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որոշման: Նրանք նաեւ հանդիպել են ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ: Վերջինիս ղեկավարած խորհրդի գրասենյակը գտնվում է հենց ԵԽ գրասենյակի դիմաց: Բայց մինչ այդ, մարտիմեկյան զոհերի հարազատներից երկուսը՝ Տիգրան Աբգարյանի մայրը՝ Ռուզաննա Հարությունյանը, ու Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի ուղեկցությամբ իրենց նամակ-պահանջը փոխանցեցին ԵԽ երեւանյան գրասենյակին: Նրանց ընդունեց Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Սիլիվիա Զեհեին, որը հավաստիացրել էր, թե նամակն անմիջապես կփոխանցվի ԵԽԽՎ-ի ղեկավարությանը: Իսկ նամակում զոհերի հարազատները ԵԽԽՎ ղեկավարությունից պահանջել են չեղյալ համարել եւ չընդունել ՀՀ իշխանությունների՝ «Ժառանգության» ներկայացուցչի հանդեպ կայացրած ապօրինի որոշումը եւ վերականգնել Փոստանջյանի բոլոր լիազորությունները ՀՀ պատվիրակության կազմում՝ շեշտելով, որ ՀՀ իշխանություններն ու անձամբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը փաստացի փորձում են Փոստանջյանին ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության հիմնական կազմից փոխարինող կազմ տեղափոխելով՝ «ինչ-որ կերպ հեռու պահել նրան ԵԽԽՎ-ից»՝ լռեցնելու համար իրենց՝ զոհերի հարազատների բողոքի ձայնն ու արդար պահանջը՝ համակողմանի բացահայտել «Մարտի 1-ի» հանցագործության բոլոր մեղավորներին եւ խստագույնս պատժի ենթարկել նրանց:

Մարտիմեկյան զոհերի հարազատները չեն վստահում ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության, իբր, մյուս «ընդդիմադիր» անդամին՝ ՀՅԴ-ն ներկայացնող Արմեն Ռուստամյանին՝ նրան համարելով ոչ միայն իշխանության ներկայացուցիչ, այլեւ կարծիք հայտնելով, որ Ռուստամյանը այդ կառույցում իրենց խնդիրները երբեք չի ներկայացնի եւ հետամուտ չի լինի իրենց որդիների սպանության բացահայտմանը, ինչպես դա անում էր Փոստանջյանը: Զոհերից Սամվել Հարությունյանի հայրը՝ Ռոբերտ Հարությունյանը, «Ա1+»-ի հետ զրույցում համոզմունք է հայտնել, թե անցած 2 տարվա ընթացքում ցանկության դեպքում իշխանությունները կարող էին բացահայտել «Մարտի 1»-ի սպանությունները. «Լավ, 10 զոհերից գոնե մեկի սպանությունն է՞լ հնարավոր չէր բացահայտել: Այսօր ԵԽԽՎ պատվիրակությունում ընդդիմադիր ներկայացած Արմեն Ռուստամյանին ինչպե՞ս հավատանք, երբ նա ԵԽԽՎ-ում ամեն ինչ արեց, որ մեր ձայները տեղ չհասնեն: ՀՅԴ-ն մինչ օրս մեզ նույնիսկ չի ցավակցել»: Զոհերից մյուսի մայրն էլ՝ Ռիմա Խաչատրյանը, «tert.am»-ին փոխանցել է, թե վիրավորված է Հովիկ Աբրահամյանի հայտարարությունից՝ առ այն, որ «Մարտի 1»-ի էջը՝ որպես փաստ, փակված է»: «Եթե Հովիկ Աբրահամյանի տղային սպանեի՞ն, նա «Մարտի 1»-ի էջը փակված կհամարե՞ր: Նա ամբողջ ազգը սրի կքաշեր: Այս իշխանության ներկայացուցիչներից որեւէ մեկը ժողովրդի շահերը չի պաշտպանում: Նրանք կառչած են իրենց արյունոտ աթոռներից»,- ասել է տիկին Խաչատրյանը:

Իսկ արդեն բողոքի ակցիայից հետո Վ. Մանուկյանի հետ հանդիպել են զոհերից երկուսի ծնողները միայն՝ Ալլա Հովհաննիսյանն ու Ռուզաննա Հարությունյանը: «Այսօր մենք եկել ենք ԵԽ գրասենյակ: Առաջինը պետք է ձեզ մոտենայինք, բայց գիտենք, որ դուք որեւէ հարց չեք լուծելու»,- Մանուկյանին ասել էր Ա. Հովհաննիսյանը: Նրա այն դիտարկմանը, թե՝ ո՞վ է տեսել, որ իրավական երկրում 10 մարդ սպանեն, Վ. Մանուկյանը պատասխանել էր՝ «իսկ դուք գտնում եք, որ սա իրավակա՞ն երկիր է», եւ հավելել էր, թե՝ կփորձի իր իրավաբանների միջոցով ինչ-որ բան անել հարցի լուծման առնչությամբ, բայց ելք չի տեսնում:

Երեկվա այս ակցիայի մասնակիցները՝ նկատի ունենալով, որ այդ օրը մեկնարկելու էր ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, պատեհ առիթն օգտագործեցին «Մարտի 1»-ի սպանությունների բացահայտման եւ մեղավորներին պատասխանատվության հարցը մեկ անգամ եւս ԵԽԽՎ ուշադրության կենտրոնում պահելու համար՝ ակնկալելով, որ այդ խնդիրը կրկին կբարձրացվի ԵԽԽՎ-ում, եւ կտրվեն կոնկրետ պատասխաններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել