Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԵՆՔ ՓԱՅՏԻ ՎԱՌԱՐԱՆՆԵՐԻ՞Ն»

Հունվար 26,2010 00:00

Լսելով գազի 40 տոկոսով թանկանալու հավանականության մասին՝ «Առավոտին» հարց ուղղեցին ՀՀ շարքային քաղաքացիները:

Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը դիմել է Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ բնակչության եւ խոշոր գազօգտագործողների համար գործող գազի մատակարարման սակագների վերանայման հայտով։ «ՀայՌուսգազարդ» ընկերության տարածած հաղորդագրության համաձայն, ներկայացրած հայտով ընկերությունը առաջարկել է մոտ 40 տոկոսով ավելացնել բնակչությանը մատակարարվող գազի սակագինը՝ 1000 խորանարդ մետրի համար ներկայումս գործող 96 հազար դրամի փոխարեն սահմանելով 136 հազար դրամ սակագին։ Առաջարկվում է նաեւ մոտ 19 տոկոսով ավելացնել խոշոր գազօգտագործողների համար գործող սակագները՝ 215 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի փոխարեն (մոտ 82 հազար դրամ) սահմանելով 256 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (96 հազար դրամ): Ընկերությունը սակագնի բարձրացման հայտը հիմնավորում է այն փաստով, որ ապրիլի 1-ից Ռուսաստանից ներկրվող գազի սակագինը 1000 խորանարդ մետրի դիմաց 154 դոլարից կբարձրանա՝ հասնելով 180 դոլարի։ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից տեղեկացրել են, որ ներկայացված հայտը ընդունելու դեպքում հանձնաժողովը 90 օրվա ընթացքում պետք է համապատասխան եզրակացություն տա։

«Առավոտը» երեկ որոշեց փոքրիկ հարցում անցկացնել Երեւանի Կենտրոնում՝ «Այրարատ» տոնավաճառի շրջակայքում եւ Տիգրան Մեծ պողոտայում՝ պարզելու ՀՀ քաղաքացիների արձագանքը այս խիստ կարեւոր փաստի առնչությամբ: Մեր հարցումներից առաջին հերթին զայրանում էին բյուջետային աշխատավարձի հույսին ապրողները, կենսաթոշակառուները, հաշմանդամները եւ միջինից ցածր կենսամակարդակում գտնվողները: Քանի որ մարդիկ առաջինը ինձնից էին լսում այդ լուրը, հիմնականում ստացվում էր այնպես, որ իրենց զայրույթը, բողոքը եւ ողջ ցասումը թափում էին ինձ վրա: Տիգրան Մեծ պողոտայում մի խումբ կանայք եւ տղամարդիկ՝ լսելով, որ գազը հնարավոր է 40 տոկոսով թանկանա, հարձակվեցին (ներողություն եմ խնդրում բառի համար) վրաս եւ սկսեցին գոռգոռալ. «Ո՞նց թե կթանկանա, դու պատկերացնո՞ւմ ես՝ ինչ ես ասում»: Այնքան գոռգոռացին, որ ի վերջո, նրանց միջից մեկը սթափվեց եւ սկսեց ինձ պաշտպանել. «Էս մարդուց ի՞նչ եք ուզում, հո ինքը չի թանկացնում»:

Հավանաբար, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շատ լուրջ պետք է մտածի՝ այս թանկացմանը իր համաձայնությունը տալուց առաջ: Երեկվա իմ հարցախույզի արդյունքներին ծանոթանալով՝ ընթերցողը եւս կհամոզվի, որ ճիշտ էր վարչապետը, երբ հայտարարեց, որ այսօր ՀՀ շարքային քաղաքացիներին սոցիալական արդարության հարցերը շատ ավելի են հուզում, քան ցանկացած այլ հարց:

«Գազի թանկացմանը կհետեւի էլեկտրաէներգիայի թանկացումը, ջրի, կոմունալ բոլոր վարձերը կթանկանան, ու ստացվում է, որ գազի կաթսաները իզուր ենք տեղադրել, էլեկտրաէներգիան էլ կթանկանա, ստացվում է, որ վերադառնալու ենք 90-ական թվականնե՞րին՝ փայտ ենք գնելու եւ փայտի վառարաններ դնե՞նք»,- բողոքեց տիկին Ամալյան, ով շարքային գրադարանային աշխատող է՝ 30 հազար դրամ աշխատավարձով:

«Կուզենան՝ կթանկացնեն, կուզենան՝ կէժանացնեն, ինչ իրենց ձեռք է տալիս, այդպես էլ կանեն»,- այս կարծիքին է տաքսու վարորդ Տիգրան Մկրտչյանը: Մեր հարցին՝ գազի թանկացումը հնարավո՞ր է առաջացնի սոցիալական բունտ, Տիգրանը պատասխանեց անտարբեր ձայնով. «Ոչ մեկն էլ ոտքի չի կանգնի, որովհետեւ հավատները կորցրել են, հաշվեք՝ քանի հոգի է մնացել էս երկրում: Էս ժողովրդի ձեռքն արդեն բան չկա, ընդդիմությունն էլ են իրենք, իշխանությունն էլ»:

«Ես շատ դժգոհ եմ, 40 տոկոս գազի գնի ավելացումը մեզ նման աշխատողների համար շատ-շատ է: Իրենք նստել են տաքուկ տներում, խաբար էլ չեն, թե իրենց գազի վարձը ով է վճարում, ապահովված են ամեն ինչով, իսկ ես եւ իմ ամուսինը թոշակառուներ ենք, ես էլ երկրորդ կարգի հաշմանդամ եմ: Չգիտեմ ինչու, առողջապահության նախարարությունն էլ երկրորդ կարգի հաշմանդամներին հասանելիք դեղերի կեսը կրճատել է, չի տալիս: Ուրեմն, ես նաեւ պետք է դեղերի փող ունենամ: Ասացեք խնդրեմ, նորից եմ կրկնում, էդ տաքուկ տեղերում նստած ընկերները ի՞նչ են մտածում մի թոշակառու ընտանիքի համար, երբ ամուսիններով ստանում ենք շատ քիչ թոշակ, որը նույնիսկ չի բավարարում մինիմալ ծախսերը հոգալու համար: Ես դժգոհ եմ կառավարության բռնած դիրքից, որ հասարակ մահկանացուների մասին չի մտածում»,- իր կարծիքը հայտնեց թոշակառու, երկրորդ կարգի հաշմանդամ տիկին Լուիզան: Նկատեցինք, որ գազը մեր ապրանքը չէ, եւ մենք այն գնում ենք այլ երկրից, հետեւաբար՝ գինը տվյալ երկիրն է թելադրում: Տիկին Լուիզան խիստ զայրացավ. «Գիտե՞ք ինչ, գազը մերը չի, լավ, իսկ աշխատավարձի, թոշակի բարձրացումը ձե՞րն է, եթե դուք իմ եւ իմ ամուսնու թոշակը բարձրացնեք այն չափով, որ ես կարողանամ կատարել կոմունալ վճարումները եւ իմ դեղերը վերցնեմ ու կարողանամ ապրել, այ, էդ ժամանակ շնորհակալություն կհայտնեմ, կասեմ՝ 40 չէ, 50 տոկոսով ավելացրեք, բայց դրա հետ էլ ավելացրեք իմ կենսաթոշակը, իմ աշխատավարձը»:

«Երեք սենյականոց բնակարանում եմ ապրում, ունեմ թոռնիկ, կաթսաները վաճառեցին, ժողովրդի մեջ ցեցը գցեցին, զզվացրին, էնքան ռեկլամեցին, ասեցին՝ գազն էժան է, գնեցինք, տան ջերմությունը քիչ թե շատ նորմալ էր, գազի գինը այդ ժամանակ՝ իրոք, նորմալ էր, եւ մենք շատ գոհ էինք: Հիմա նորից փաստի առա՞ջ կանգնեցրին ժողովրդին, էս ի՞նչ խաղեր են: Բյուջետային հիմնարկում աշխատողը ո՞նց կարող է այս ծախսերի տակից դուրս գալ, կառավարությունը ոնց որ երկնքից իջած լինի, չգիտի՞ իր ժողովրդի սոցիալական վիճակը, եթե չգիտի, ուրեմն վատ կառավարություն է»,- դժգոհեց Լաուրա Մինասյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել