Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-Ն ՍԿՍԵՑ ՂԵԿԱՎԱՐԵԼ ԹՈՒՐՔԸ

Հունվար 26,2010 00:00

318 պատվիրակների ձայներով երեկ, առանց որեւէ մրցակցության, ԵԽԽՎ նախագահ ընտրվեց այդ կառույցում 2007-2010 թվականներին Թուրքիայի պատվիրակությունը ղեկավարած Մեվլյութ Չավուշօղլուն: Նա առաջին թուրքն է, որը զբաղեցնում է այդ պաշտոնը 1949 թվականից ի վեր, ինչ Թուրքիան անդամակցում է Եվրոպայի խորհրդին: ԵԽԽՎ նախագահն ընտրվում է 1 տարի ժամկետով, բայց ունի եւս մեկ անգամ վերընտրվելու հնարավորություն: Իր նոր պաշտոնում առաջին ելույթում Մեվլյութ Չավուշօղլուն հայտարարեց. «Ցանկանում եմ քաղաքական փոխըմբռնումը բարձրացնել նոր աստիճանի»: Նաեւ ընդգծեց, թե հասարակության հիմնական խնդիրներից է անհանդուրժողականության եւ խտրականության աճը:

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունում «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանն «Առավոտին» պատմեց. «Ընդմիջումից առաջ, երբ Չավուշօղլուն դուրս եկավ լիագումար նիստերի դահլիճից՝ ես մոտեցա նրան ու հանձնեցի Սամվել Կարապետյանի «Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի մշակութային կոթողները» գիրքը, որը մակագրել էի. «Ճշմարտությունը վեր է քաղաքական շահերից»: Չավուշօղլուն ասաց, որ անպայման ամենամեծ ուշադրությամբ կուսումնասիրի այդ գիրքը»:

Որպես ԵԽԽՎ նախագահ՝ իր առաջին ասուլիսում Չավուշօղլուն հայտարարեց. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը շատ կարեւոր է Եվրոպայի համար: Սա իր լուծմանը սպասող հարցերից մեկն է»: Նաեւ հավելեց. «ԵԽԽՎ-ն կանի իրենից կախված ամեն ինչ՝ հակամարտության խաղաղ կարգավորման համար: Պատերազմը ճանապարհ չէ մեր մայրցամաքում խնդիրների լուծման համար»:

Հ. Գ. Ի դեպ, առաջարկ կար հրատապ ընթացակարգով քննարկել Թուրքիայում վերջին զարգացումները: Սակայն ԵԽԽՎ բյուրոն երեկ առավոտյան կայացած նիստում հանդես եկավ այդ առաջարկի դեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել