Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոնգրեսն իր դիտարկումները փոխանցեց

Հունվար 26,2010 00:00

\"\"«Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող եւ դեռ անցյալ տարի լուծարված Փորձագետների փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամներ՝ Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող Անդրանիկ Քոչարյանն ու «Ժառանգության» ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը դեռ անցյալ տարվա աշնանը հայտարարել էին, թե մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ իրենց սեփական զեկույցն են պատրաստում: Այն ժամանակ ակնկալվում էր, որ այդ զեկույցը, ներառյալ 10 զոհերի հանգամանքներին վերաբերող հատվածը, պատրաստ կլիներ կամ անցյալ տարեվերջին, կամ այս տարվա հունվարին եւ կփոխանցվեր ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողներին: Հայտնի է, սակայն, որ այդ զեկույցը դեռ պատրաստ չէ: Փոխարենը Հայ ազգային կոնգրեսն է երեկ հրապարակել իր մեկնաբանությունները՝ 2008 թ. մարտի 1-ի դեպքերի, 10 մահվան հանգամանքների քննության, 2008 թ. մարտի 1-2-ի դեպքերի պատճառներն ուսումնասիրող Հայաստանի Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունների առիթով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի պատրաստած Տեղեկատվական դիտարկումների վերաբերյալ: Վեցուկես էջանոց եւ 24 կետից բաղկացած այդ փաստաթղթում Կոնգրեսը անդրադարձել է ե՛ւ Փաստահավաքի ձեւավորմանը, դրա գործունեության առարկայական արդյունքների եւ Խմբի լուծարման հանգամանքներին, ե՛ւ «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույց-եզրակացությանը՝ մանրամասն ներկայացնելով դրա դեմ ունեցած իր առարկություններն ու դիտարկումները, ե՛ւ Հայաստանի համազեկուցողների կողմից այդ զեկույցին տրված գնահատականներին: Պարոնայք Ջոն Պրեսկոտին եւ ԺորԺ Կոլոմբիեին թարգմանաբար ուղարկված այս փաստաթղթի եզրափակիչ կետում ՀԱԿ-ը շեշտել է, որ «չնայած Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ ճշմարտության բացահայտումը, 10 մարդու սպանությունների քննությունը եւ հանցագործության պատասխանատուներին պատժելը չափազանց կարեւոր են, կան նաեւ անհետաձգելի քայլեր, որ պետք է անհապաղ կատարվեն՝ լուծելու համար այն խորը քաղաքական ճգնաժամը, որ առաջացել է այդ դեպքերի արդյունքում: Այդ քայլերից ամենաառաջնայինն է քաղբանտարկյալների՝ ընդդիմադիր ակտիվիստների, որ ձերբակալվել են Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ, անհապաղ ազատ արձակումը: Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը չպետք է հանդուրժի, որ Եվրոպայի Խորհրդի անդամ պետություններից մեկում 15 քաղբանտարկյալներ դեռ բանտերում են»:

Փաստաթղթի մասին առավել մանրամասն կարդացեք «Առավոտի» առաջիկա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել