Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սոչիում եռակողմ հանդիպումը կայացավ

Հունվար 26,2010 00:00

Որեւէ փաստաթուղթ չստորագրվեց եւ նկատելի առաջընթաց չգրանցվեց

Երեկ Սոչիում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ: Հանդիպման արդյունքում, որն, ի դեպ, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ այս տարվա առաջին հանդիպումն էր եւ երրորդն էր այս ձեւաչափով՝ ՌԴ նախագահի մասնակցությամբ, որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել: Սա անակնկալ չէր, որովհետեւ մինչ այս հանդիպումն էլ որեւէ փորձագետ նման ակնկալիք չուներ: Փակ դռների հետեւում անցկացված հանդիպումը, որը Մինսկի խմբի շրջանակներում գործընթացի պաշտոնական մաս չի կազմում, «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, սկսվել է երեկ կեսօրին՝ ՌԴ նախագահի «Կրասնայա Պոլյանա» նստավայրում եւ տեւել է մոտ 2 ժամ: Այդ հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ներկայացրած կոնկրետ առաջարկությունները: Երեք նախագահների հանդիպումն անցել է առանց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցության: Միջնորդների հետ հանդիպումը նախատեսված էր ավելի ուշ՝ արդեն Ադլերի օդանավակայանում, որին մասնակցել են նաեւ երկու երկրների ԱԳ նախարարները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Իսկ մինչ այդ, եռակողմ բանակցություններից հետո, երեք երկրների նախագահները նաեւ լիցքաթափվել ու ձնագնաց են վարել, իսկ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները, ըստ «Trend»-ի, նաեւ հասցրել են առանձնանալ ու միասին դահուկ քշել:

Դեռ մինչեւ համանախագահների հանդիպումը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն արդեն հասցրել էր գնահատել տեղի ունեցած եռակողմ բանակցությունները՝ շեշտելով, որ դրանք «վերացական հունից տեղափոխվեցին առարկայական հուն, եւ ԵԱՀԿ ՄԽ ներկայացրած բոլոր առաջարկությունները մանրամասն քննարկվեցին»: Հիշեցնենք, որ կողմերը քննարկել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ներկայացված «Մադրիդյան սկզբունքների» լրամշակված տարբերակը, որի նոր բովանդակությունը տակավին անհայտ է, բայց հայտնի է, որ, ինչպես Լավրովն է ասել՝ այնտեղ «ներառված են ղարաբաղյան խնդրի լուծման հեռանկարները»: Ռուս դիվանագետը հանդիպումը գնահատել էր որպես օգտակար, ասելով, թե շարունակվեց դեռ անցած տարի սկսված նման ձեւաչափով խոսակցությունը, որն ամրապնդում է համանախագահների՝ խաղաղ կարգավորման որոնմանն ուղղված ջանքերը՝ դրանք շահագրգիռ բոլոր կողմերի համար ընդունելի դարձնելու համար: «Փաստաթղթի նախաբանի առնչությամբ կա ընդհանուր ըմբռնում, եւ դա բոլորը հաստատեցին: Եվ բոլորի կողմից օգտակար համարվեց, որ նման փաստաթուղթ գոյություն ունի, քանի որ այն հնարավորություն է տալիս խոսակցություն վարել ոչ թե վերացական, այլ կոնկրետ ձեւակերպումների հետ կապակցված»,- ասել էր Լավրովը՝ չմանրամասնելով, սակայն, թե նախաբանում հատկապես ինչ է գրված: Նա ի պատասխան հարցադրումներին՝ վկայակոչել է բանակցությունների գաղտնիությունն ու միայն նշել է, թե «փաստաթուղթը կողմերի միջեւ բանակցությունների առարկա է»:

Այլ աղբյուրներ, ինչպես, օրինակ՝ «Ռեգնումը», վկայակոչելով բանակցություններին մոտ կանգնած մի բարձրաստիճան դիվանագետի, փոխանցել է, թե «ԼՂ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներ պարունակող այդ փաստաթղթի նախաբանում իմպերատիվ կերպով շեշտված է հետագա բանակցություններին Ստեփանակերտի մասնակցությունը, նաեւ հատուկ պարզաբանվել է հակամարտության լուծման համատեքստում ազգերի ինքնորոշման սկզբունքը»: BBC-ն, որն, ի դեպ, ծավալուն վերլուծական է հրապարակել այդ հանդիպման արդյունքում, նույն տեղեկատվությունը երեկ այսպես է մատուցել. «Աղբյուրի ասելով, քննարկված փաստաթղթի նախաբանում արձանագրված է ԼՂ-ի՝ բանակցությունների հետագա փուլերին մասնակցության անհրաժեշտությունը, ինչպես նաեւ ազգերի ինքնորոշման իրավունքի գերակայությունը: Կողմերի պաշտոնական ներկայացուցիչները, սակայն, այդ տեղեկությունը չեն մեկնաբանում»:

Իսկ, ըստ Լավրովի, հանդիպման գլխավոր արդյունքն այն է, որ «թեեւ կան փաստաթղթի ինչ-որ մասեր, որոնք դեռեւս կողմերի համաձայնության առարկա չեն, բայց կա պայմանավորվածություն, որ այդ մասերի վերաբերյալ կողմերը կպատրաստեն իրենց կոնկրետ գաղափարները, իրենց կոնկրետ ձեւակերպումները, որոնք կներառվեն այդ տեքստում»: «Մենք վստահ ենք, որ դա կօգնի համանախագահներին իրենց հետագա աշխատանքում»,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը՝ հավելելով, թե «խոսակցությունը բաց էր, անկասկած՝ օգտակար, եւ նախագահները պայմանավորվեցին այն շարունակել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել