Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԻՃԱՐԿՎԵԼ ԵՆ ԵԽԽՎ-ՈՒՄ ՄԵՐ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հունվար 26,2010 00:00

Հայաստանը «դեղին քարտ» ստացավ պատվիրակության հիմնական կազմից ընդդիմադիր անդամին դուրս մղելու հետեւանքով: ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավարը հուսով է, թե «կարմիր քարտ» չի լինի:

\"\"

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի երեկ կայացած առաջին նիստի օրակարգում առաջին հարցը, սովորականի պես, պատվիրակությունների լիազորությունների ստուգումն էր: Նիստը նախագահողը հիշեցրեց, որ եթե որեւէ մի պատվիրակության լիազորությունները չվիճարկվեն՝ դրանք մեխանիկորեն կվավերացվեն, եւ հարցրեց, թե արդյոք որեւէ մեկը ցանկանո՞ւմ է վիճարկել: Առաջինը հարցին արձագանքեց Շվեյցարիայի պատգամավոր Անդրեաս Գրոսսը, որը Սոցիալիստների խմբակցության անունից խնդրահարույց դիտեց Ալբանիայի պատվիրակության լիազորությունները. «Մենք բավարար տեղեկատվություն ունենք՝ ասելու, թե կարծում ենք, որ առաջարկված պատվիրակությունը չի արտացոլում խորհրդարանի կազմը, ինչպես պետք է լիներ մեր կանոնակարգի համաձայն»: Հաջորդը հանդես եկավ Կիպրոսի պատվիրակ Խրիստոս Պուրգուրիդեսը. «Եվրոպական ժողովրդական կուսակցության (EPP) խմբակցության անունից ես ցանկանում եմ վիճարկել հայկական պատվիրակության լիազորությունները: Մենք տեղեկատվություն ենք ստացել, որ Հայաստանի խորհրդարանը ներքին կանոնների շուրջ ձեռնածություններ է իրականացրել, որ դուրս թողնվի մեր խմբի անդամը»: Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանն այս խմբակցության բյուրոյի անդամ է եւ նստաշրջանի սկզբից ընդամենը մի քանի օր առաջ խմբի միջամտությամբ այնուամենայնիվ մեկնեց Ստրասբուրգ՝ ԵԽԽՎ ֆինանսավորմամբ:

ԵԽԽՎ կանոնակարգի համաձայն՝ լիազորությունների վիճարկմանը պետք է ոտքի կանգնելով իրենց համաձայնությունը հայտնեն առնվազն 5 ազգային պատվիրակությունների՝ դահլիճում ներկա 10-ից ոչ պակաս անդամները: Սակայն Հայաստանի պատվիրակության լիազորությունների վիճարկմանը ոտքի կանգնելով կողմ արտահայտվեց պատվիրակների անհրաժեշտ թվաքանակի շուրջ քառապատիկը:

Ե՛վ Հայաստանի, ե՛ւ Ալբանիայի պատվիրակությունների լիազորությունների հարցն առանց հետագա քննարկման փոխանցվեց ԵԽԽՎ «Ընթացակարգի, անձեռնմխելիության եւ ինստիտուցիոնալ հարցերի» հանձնաժողովին: Եթե վերջինս այսօր կայանալիք նիստում որոշի, որ ԵԽԽՎ կանոնակարգն իրոք խախտվել է, եւ այդ պատվիրակությունների լիազորությունները չպետք է վավերացվեն՝ այդ եզրակացությունը կքննարկվի Վեհաժողովի հունվարի 28-ի լիագումար նիստում՝ որպես օրակարգի առաջին հարց: Իսկ եթե հանձնաժողովը որոշի, որ լիազորությունները պետք է վավերացվեն՝ այդ եզրակացությունը ներկայացվում է ԵԽԽՎ նախագահին, որն այն ընթերցում է լիագումար նիստում, եւ տեղի չի ունենում քննարկում: ԵԽԽՎ կանոնակարգի 7.4 կետի համաձայն՝ վիճարկվող պատվիրակությունների անդամները նույն իրավունքներով մասնակցում են նիստերին, քանի դեռ Վեհաժողովը որոշում չի կայացրել նրանց վերաբերյալ. «Սակայն այդպիսի պատվիրակները չեն կարող քվեարկել ցանկացած գործընթացի ժամանակ, որը վերաբերում է իրենց լիազորությունների քննարկմանը»:

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը նախապես «Առավոտին» տված հարցազրույցում չէր համաձայնել դիտարկմանը, թե «Ժառանգության» ներկայացուցչին հիմնական կազմից փոխարինող տեղափոխելը կարող է դիտարկվել իբրեւ ԵԽԽՎ կանոնակարգի խախտում, որի 6.2 կետի համաձայն՝ ազգային պատվիրակությունները պետք է ձեւավորվեն այնպես, որպեսզի ապահովեն «իրենց խորհրդարանի քաղաքական կուսակցությունների եւ խմբերի արդարացի ներկայացվածությունը»: Եվ երեկ էլ մեր զրույցի ընթացքում վերահաստատեց իր այդ համոզմունքը. «Իմ կարծիքը շարունակում է մնալ նույնը, որ մենք կանոնակարգային որեւէ կանոն չենք խախտել: Մենք ղեկավարվել ենք բացառապե՛ս կանոնակարգով, եւ ես վստահ եմ, որ համապատասխան հանձնաժողովը կհանգի նույն եզրակացության»: Այն, որ պատվիրակության լիազորությունները վիճարկվել են՝ ըստ պրն Հարությունյանի. «Դա դեռ ինքնին առանձնապես ոչինչ չի նշանակում»:

Զարուհի Փոստանջյանը մեր հարցին, թե իր կարծիքով՝ արդյոք «Ընթացակարգի, անձեռնմխելիության եւ ինստիտուցիոնալ հարցերի» հանձնաժողովը եզրակացություն կներկայացնի՞, որ Հայաստանի պատվիրակության լիազորությունները չպետք է վավերացվեն՝ պատասխանեց. «Այս պահին կանխատեսումներ չեմ կարող անել: Բայց, իհարկե, ներկայացնելու ենք հանձնաժողովին մեր տեսակետը, որը հիմնավորված է փաստաթղթերով: Մենք ի ցույց ենք դրել բոլոր այն կետերը, որոնց համաձայն՝ Հայաստանի պատվիրակության մեջ խախտվել է «Ժառանգություն» խմբակցության արդարացի ներկայացվածությունը: EPP խմբակցությունը, որն առաջադրել է այդ հարցը՝ հետամուտ է լինելու դրա դրական լուծմանը»:

Քանի դեռ չեն հաստատվել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության լիազորությունները՝ մեր պատվիրակները որպես լիարժեք անդամներ չեն կարող մասնակցել նաեւ Մոնիտորինգի հանձնաժողովի աշխատանքներին: Զարուհի Փոստանջյանը պատմեց. «Հունվարի 25-ի նիստին Հայաստանի որեւէ ներկայացուցիչ հնարավորություն չունեցավ մասնակցել: Մոնիտորինգի հանձնաժողովի քարտուղարությունն ասաց, որ Դավիթ Հարությունյանը, Արմեն Ռուստամյանը եւ ես պետք է դրսում սպասենք, եւ եթե Հայաստանի հարցը քննարկվի՝ հնարավոր է, որ մեզ ներս հրավիրեն: Բայց հերթը չհասավ մեր հարցին»: Դավիթ Հարությունյանը պարզաբանեց. «Մոնիտորինգի հանձնաժողովում յուրաքանչյուր երկիր այսուհետ պետք է ներկայացված լինի պատվիրակության 2 անդամով (իսկ հայ պատվիրակներն այս հանձնաժողովում 3-ն են.- Ա. Ի.): Եվ քանի որ մինչ այս պահը դեռ չեն հանգել եզրակացության, թե ո՛ր 2 անդամը պետք է լինեն Մոնիտորինգի հանձնաժողովում՝ հարցը կախակայված է, եւ մենք երեքս էլ չենք ներկայացված՝ հաստատվելու Մոնիտորինգի հանձնաժողովի կազմում»:

Նշենք նաեւ, որ ԵԽԽՎ բյուրոյի 2009 թ. դեկտեմբերի 14-ի որոշման համաձայն՝ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը պետք է մեր երկրի վերաբերյալ զեկույց պատրաստելիս հաշվի առնի նաեւ այն փաստերը, որոնք շարադրված են «Հայաստանի քրեական արդարադատության համակարգը» փաստաթղթում: Հիշեցնենք, որ այն որպես բանաձեւի նախագիծ քննարկելու նախաձեռնություն էր հանդես բերել Զարուհի Փոստանջյանը, եւ փաստաթղթին միացել են Գորան Լինդբլադը եւ ԵԽԽՎ այլ պատվիրակներ:

Հ. Գ. «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնությունը երեկ տարածել է հետեւյալ հայտարարությունը. «ԱԺ ղեկավարության կողմից ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունն առավել կառավարելի դարձնելու ջանքերը, որոնք արտահայտվեցին պատվիրակության մշտական կազմից «Ժառանգության» ներկայացուցիչ Զ. Փոստանջյանին հեռացնելու տեսքով՝ վերջինիս հետեւողական ջանքերի շնորհիվ ի չիք դարձան։ Իշխանությունների այսօրինակ ապիկար գործողությունները, որոնք շարունակաբար խայտառակում են հանրապետության վարկը, արդեն հիվանդագին երանգներ են ձեռք բերում։ Մենք հայտարարում ենք, որ խորհրդարանում ընդդիմադիր ուժերի ներկայությունը դաշնակցական կեղծ ընդդիմությունով նենգափոխելու ձեռնածությունը չի անցնելու։ Համոզված ենք, որ հայ հասարակության գերակշիռ մասն ընդդիմության իրական ներկայացուցիչ է համարում «Ժառանգություն» կուսակցության անդամ Զ. Փոստանջյանին, որը հետեւողականորեն բարձրաձայնում է մարտի 1-ի ոճրագործության բացահայտման ու քաղբանտարկյալների խնդիրները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել