Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հունվար 23,2010 00:00

\"a\"

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ տասնհինգերորդ

ԱՅՍ ՓՈՔՐԻԿ ԲԱԺԱԿՈՎ

Եվ Կլիմը ծիծաղելով ասաց՝ «կոլոտների ցուցակ դժվար թե կազմենք», եւ ես ժպտալով ասացի՝ «ձեզ շատ չկա. ամեն տեսակ ցուցակ էլ կարաք կազմեք», եւ Կլիմը ծիծաղելով ինձ ասաց՝ «որ կոլոտների ցուցակ կազմենք, առաջինն իմ ու քո անունները պիտի գրենք», եւ Դիման ծիծաղելով ասաց՝ «նայած թե՝ էդ ցուցակն ինչ չափանիշներով կկազմենք», եւ ես ասացի՝ «չափանիշներն ու ամեն ինչ դուք ձեր գլխու եք որոշում», եւ Կլիմը ժպտալով ասաց՝ «մենք էս պահին արձակուրդի մեջ ենք. հանգստանում ենք», եւ ես ասացի՝ «չհասկացա», եւ Դիման ժպտալով ինձ ասաց՝ «վերջապես մենք էլ ենք մարդ. մենք էլ հանգստանալու իրավունք ունենք», եւ ես հարցրի՝ «ինչի՞ց եք հանգստանում», եւ Դիման պատասխանեց ու ասաց՝ «շովինիզմից», եւ Կլիմն ավելացրեց՝ «էդ ցուցակներից ու նման բաներից», եւ Դիման ժպտալով ասաց՝ «ստիպված ենք հանգստանում», եւ ես հարցրի՝ «ո՞վ ա ստիպել», եւ Կլիմն ասաց՝ «առանց Սանյայի՝ որեւէ ցուցակ կազմելու իրավունք չունենք», եւ Դիման ժպտալով ավելացրեց՝ «ինքնուրույն ու ինքնագլուխ շովինիզմով զբաղվելու իրավունք չունենք», եւ ես ժպտալով ասացի՝ «բայց լավ էլ զբաղվում եք», եւ Կլիմը ծիծաղելով ասաց՝ «որ շովինիզմի դիրքերից մոտենայինք, քեզ թամադա չէինք ընտրի», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞նց եք ընտրել», եւ Կլիմը ծիծաղելով ասաց՝ «համարյա միաձայն», եւ Դիման ժպտալով ասաց՝ «նախքան քո գալն ենք քեզ թամադա ընտրել», եւ Կլիմը ժպտալով ասաց՝ «մի քիչ Դիման էր դեմ, բայց վերջում ինքն էլ կողմ քվեարկեց», եւ ես զարմացած հարցրի՝ «Դիմա՞ն խի էր դեմ», եւ Դիման արդարանալով ասաց՝ «ես ընդհա՛նրապես թամադայի ինստիտուտին եմ դեմ», եւ Կլիմը ծիծաղելով ինձ ասաց՝ «մենք Դիմային բացատրեցինք, որ դու թամադայի էդ ինստիտուտը չես ավարտել», եւ ես ծիծաղելով ասացի՝ «նույնիսկ թամադայի տեխնիկումը չեմ ավարտել», եւ Դիման արդարանալով ասաց՝ «ես ընդհա՛նրապես կենացներ չեմ սիրում», եւ ես ժպտալով ասացի՝ «ես էլ չեմ սիրում», եւ Կլիմը զարմացած ինձ հարցրեց՝ «այսինքն, իզուր ե՞նք քեզ թամադա ընտրել», եւ ես ժպտալով ասացի՝ «որ ընտրել եք, ստիպված պիտի յոլա տանեմ», եւ Անդրյուշան ոգեւորված ինձ ասաց՝ «դե սկսենք, Արմեն Ակոպովիչ», եւ ես ժպտալով ասացի՝ «ես պատրաստ եմ, Անդրյուշ ջան», եւ Անդրյուշան կարմրելով ինձ ասաց՝ «Վանուշի ծնունդին էլ էին բոլորն ինձ Անդրյուշ դժան ասում» եւ ժպտալով ավելացրեց՝ «բոլորը հայեր էին, ես էի մենակ ռուս», եւ ես ժպտալով ասացի՝ «քո ծնունդին էլ բոլորը ռուս են, ես եմ մենակ հայ», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեր կուրսից Վանուշը մենակ ինձ էր հրավիրել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «չնայած հիմնականում հայերեն էին խոսում, բայց շատ հետաքրքիր էր», եւ ես ժպտալով ասացի՝ «էսօր հիմնականում ռուսերեն կխոսենք», եւ Անդրյուշան ոգեւորված ասաց՝ «դե սկսենք, Արմեն Ակոպովիչ», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ընենց ես ասում սկսենք՝ կարծես թատրոն ենք խաղալու», եւ Անդրյուշան ժպտալով ասաց՝ «Վանուշի ծնունդը թատրոնից էլ էր հետաքրքիր», եւ Կլիմը ծիծաղելով ասաց՝ «որովհետեւ իրանց թամադան ինստիտուտավարտ ա էղել», եւ Անդրյուշան զարմացած հարցրեց՝ «ի՞նչ ինստիտուտ», եւ Կլիմը ծիծաղելով ասաց՝ «թամադայի ինստիտուտը», եւ ես ժպտալով ասացի՝ «իմիջիայլոց, էդ թամադան էլ ա էս Գորկու ինստիտուտն ավարտել», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու ասաց՝ «չգիտեմ ինչ ինստիտուտ էր ավարտել, բայց Վանուշի ծնունդն իսկական տոնի վերածեց», եւ Դիման ինձ ասաց՝ «դե սկսենք», եւ ես ժպտալով հարցրի՝ «թատրո՞նը», եւ Դիման ժպտալով ասաց՝ «տոնը», եւ Կլիմն ինձ ասաց՝ «արդեն մի ժամից ավել ա՝ քեզ ենք սպասում», եւ Դիման ասաց՝ «մի կաթիլ չենք խմել», եւ Կլիմն ասաց՝ «Անդրյուշն ասում էր՝ մինչեւ Ակոպիչը չգա, չենք սկսելու», եւ ես ասացի՝ «դուք սկսեիք՝ ես կգայի», եւ Դիման ծիծաղելով ասաց՝ «Անդրյուշն առանց թամադայի չէր համաձայնվում», եւ Կլիմը ժպտալով ինձ ասաց՝ «որ առանց քեզ սկսեինք, հիմի էս էրկու շշերը լրիվ դատարկ կըլնեին», եւ ես ասացի՝ «որ պրծնի՝ ես մի շիշ կբերեմ», եւ Կլիմը ժամացույցին նայելով ինձ հարցրեց՝ «որտեղի՞ց պիտի բերես. խանութներն արդեն փակ են», եւ ես ժպտալով ասացի՝ «սենյակումս մի շիշ կա», եւ Դիման ոգեւորված ասաց՝ «հայերը զապասով ժողովուրդ են», եւ Կլիմն ասաց՝ «էս էրկուսը հազիվ էլ խմենք», եւ ես ասացի՝ «որ թողեն՝ էս էրկու շիշը մենակ կխմես», եւ Կլիմը ժպտալով ինձ ասաց՝ «մոռանում ես, որ մենք արձակուրդի մեջ ենք. հանգստանում ենք», եւ ես հարցրի՝ «ինչի՞ց եք հանգստանում», եւ Կլիմը մեր բաժակները լցնելով ասաց՝ «Սանյայից», եւ ես ոտքի կանգնելով ու բաժակս բարձրացնելով ասացի՝ «կենացդ, Անդրյուշ ջան, քեզ շատ լավ բաներ եմ ցանկանում» եւ բաժակս Անդրյուշայի բաժակին խփելով ավելացրի՝ «ծնունդդ շնորհավոր», եւ Անդրյուշան կարմրելով ասաց՝ «շնորհակալություն, Արմեն Ակոպովիչ», եւ Կլիմը զարմացած ինձ նայեց ու ասաց՝ «էդքան կա՞րճ», եւ Դիման ժպտալով ասաց՝ «թամադայի ինստիտուտը չի ավարտել», եւ Կլիմը ծիծաղելով ասաց՝ «ես էլ էդ ինստիտուտը չեմ ավարտել, բայց կարամ ավելի երկար կենաց ասեմ», եւ ես ժպտալով Կլիմին ասացի՝ «դե ասա. ո՞ւմ ես սպասում», եւ Դիման ասաց՝ «հեչ չեմ սիրում, որ ժամերով կենացներ են ասում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «դրա համար էլ համաձայնվեցի, որ Ակոպիչը թամադա դառնա», եւ Անդրյուշան բաժակը բարձրացնելով ասաց՝ «շնորհակալություն, Արմեն Ակոպովիչ», եւ ես Անդրյուշային ասացի՝ «տղերքն էլ կխմեն՝ նոր շնորհակալություն կհայտնես», եւ Կլիմը ժպտալով Անդրյուշային ասաց՝ «թամադայական օրենքները խախտում ես, Անդրյուշ դժան», եւ Դիման բաժակն Անդրյուշայի բաժակին խփելով ասաց՝ «շնորհավոր» ու խմեց, այնուհետեւ Կլիմը բաժակն Անդրյուշայի բաժակին խփելով ասաց՝ «շնորհավոր, Անդրեյ Իվանիչ» ու խմեց, եւ ես ժպտալով Կլիմին ասացի՝ «էդքան կա՞րճ», եւ Դիման ասաց՝ «հեչ չեմ սիրում, որ երկարբարակ կենացներ են ասում», եւ Կլիմը ժպտալով ասաց՝ «արդեն խոսելուց հետ ենք վարժվել» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «հիմնականում լուռ խմում ենք», եւ Դիման ժպտալով ասաց՝ «հիմնականում Սանյան էր խոսում, ու մենք սուսուփուս խմում էինք», եւ ես ժպտալով ասացի՝ «հիմա որ Սանյան չկա, կարաք ազատ խոսեք ու արտահայտվեք», եւ Անդրյուշան ամոթխած ժպտալով ինձ հարցրեց՝ «ես արտահայտվե՞մ, Արմեն Ակոպովիչ», եւ ես ժպտալով ասացի՝ «արտահայտվի, Անդրյուշ ջան», եւ Անդրյուշան խորը շունչ քաշեց, բաժակը բարձրացրեց ու քթի տակ ժպտալով ասաց՝ «այս փոքրիկ բաժակով, բայց մեծ սրտով ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ կենացը խմելու համար» եւ գլուխը բարձրացրեց, վեր նայեց, հետո գլուխն իջեցրեց ու մի շնչով խմեց, եւ Դիման ժպտալով ասաց՝ «Անդրյուշը բոլորիցս երկար խոսեց», եւ Կլիմը ծիծաղելով ասաց՝ «երեւի Անդրյուշին պիտի թամադա ընտրեինք», եւ ես ժպտալով ասացի՝ «շատ էլ ճիշտ կանեիք», եւ Անդրյուշան կարմրելով ասաց՝ «Վանուշենց թամադան էդպես էր ասում», եւ Կլիմը հարցրեց՝ «ո՞նց էր ասում», եւ Անդրյուշան ասաց՝ «բոլոր կենացներն էդպես էր սկսում», եւ Կլիմը հարցրեց՝ «ո՞նց էր սկսում», եւ Անդրյուշան կարմրելով ասաց՝ «այս փոքրիկ բաժակով, բայց մեծ սրտով» եւ մի քիչ մտածեց ու ամոթխած ժպտալով ավելացրեց՝ «կենաց խոսքերն ասելուց հետո ամեն անգամ նայում էր առաստաղին ու հետո նոր խմում էր», եւ Կլիմը ծիծաղելով ասաց՝ «քեզ կարմիր դիպլոմ ա հասնում, Անդրյուշ դժան», եւ Անդրյուշան հարցրեց՝ «ի՞նչ կարմիր դիպլոմ», եւ Կլիմը ծիծաղելով ասաց՝ «թամադայի ինստիտուտի», եւ ես ժպտալով ասացի՝ «Անդրյուշին լրիվ հասնում ա» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «մի կենաց էլ եմ ուզում ասեմ», եւ Անդրյուշան ոգեւորված ասաց՝ «ասեք, Արմեն Ակոպովիչ», եւ Դիման բաժակները լցրեց, եւ ես ոտքի կանգնելով ու բաժակս բարձրացնելով ասացի՝ «էս բաժակով էլ առաջարկում եմ խմել Սանյայի տատիկի համար», եւ Կլիմը ծիծաղելով ասաց՝ «սխալ սկսեցիր, Ակոպիչ», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչը սխալ սկսեցի», եւ Կլիմը ծիծաղելով ասաց՝ «պիտի ասեիր՝ այս փոքրիկ բաժակով, բայց մեծ սրտով», եւ Դիման Կլիմին ասաց՝ «իզուր ես հանաքի վերածում. Արմենը շատ լուրջ կենաց ա առաջարկում», եւ Կլիմն արդարանալով ասաց՝ «ես էլ եմ լրիվ լուրջ ասում» եւ բաժակը բարձրացնելով ավելացրեց՝ «այս փոքրիկ բաժակով ու մեծ սրտով խմում եմ Սանյայի տատիկի հոգու հանգստության համար», եւ Դիման ասաց՝ «էդ խեղճ պառավի անունն էլ չգիտենք», եւ Կլիմն ասաց՝ «Սանյան «Լիտգազետայի» էդ պատմվածքում պառավի անունը չէր գրել», եւ Դիման զարմացած հարցրեց՝ «պատմվա՞ծքն ինչ կապ ունի», եւ Կլիմը ծիծաղելով ասաց՝ «ո՞նց կապ չունի. հենց էդ պատմվածքը տպեց, խեղճ պառավը մեռավ», եւ Դիման մի քիչ մտածեց ու ասաց՝ «ութսունն ահագին անց կնիկ էր, մի օր պիտի մեռներ», եւ Կլիմն ասաց՝ «իրանց կողմերում իննսունից ավել են ապրում», եւ Անդրյուշան ասաց՝ «առաջներում էին իննսունից ավել ապրում», եւ Կլիմը ծիծաղելով ասաց՝ «որովհետեւ առաջներում Սանյան պատմվածք չէր գրում», եւ Դիման Կլիմին ասաց՝ «դու խոսակցությունն էդ պատմվածքի կողմն ես թեքում, բայց Ակոպիչը միանգամայն լուրջ կենաց ա առաջարկել», եւ Կլիմն ինձ ժպտալով հարցրեց՝ «փոքրիկ բաժակով ու մեծ սրտո՞վ», եւ ես ասացի՝ «Դիման ճիշտ ա ասում. ես միանգամայն լուրջ եմ պառավի կենացն առաջարկել», եւ Կլիմը բաժակը բարձրացրեց ու չափազանց լուրջ տոնով ասաց՝ «այս փոքրիկ բաժակով, մեծ սրտով ու ամենայն լրջությամբ խմում եմ Ալեքսանդր Ռոդիոնովի սիրասուն տատիկի հոգու հանգստության համար», եւ Դիման ասաց՝ «առանց կատակի», եւ Կլիմն ասաց՝ «ամենայն լրջությամբ» եւ գլուխը բարձրացնելով ու մի քանի վայրկյան առաստաղին նայելով՝ այնուհետեւ գլուխն իջեցրեց ու ժպտալով խմեց, եւ Դիման բաժակը բարձրացնելով ասաց՝ «ես էլ եմ խմում էդ անանուն պառավի հոգու հանգստության համար» ու մի շնչով խմեց, եւ Անդրյուշան քթի տակ ինչ-որ բան մրմնջաց ու խմեց, եւ Կլիմը ժպտալով ասաց՝ «որ Սանյան իմանար տատը մեռնելու ա՝ էդ պատմվածքի մեջ անունը կգրեր», եւ Դիման մի քիչ մտածեց ու ասաց՝ «մի օր պիտի մեռներ. ոչ մեկս հավերժական չի», եւ Կլիմը ժպտալով ասաց՝ «մենակ Սանյայի տատիկն ա հավերժական», եւ Դիման զարմացած հարցրեց՝ «ո՞նց ա հավերժական», եւ Կլիմը ծիծաղելով ասաց՝ «Սանյան էդ պատմվածքը որ գրել ու տպել ա, դրանով, փաստորեն, էդ պառավին հավերժացրել ա», եւ Դիման ժպտալով Կլիմին ասաց՝ «քեզ որ խելոք պահես, Սանյան քեզ էլ կհավերժացնի», եւ Կլիմը ժպտալով ասաց՝ «շա՜տ շնորհակալ եմ» եւ ծիծաղելով ավելացրեց՝ «հենց տատի մասին գրեց ու տպեց՝ տատը մեռավ», եւ Անդրյուշան արտահայտվեց ու ասաց՝ «էդ պատմվածքը տատի մասին չէր», եւ Կլիմը հարցրեց՝ «բա ինչի՞ մասին էր», եւ Անդրյուշան պատասխանեց ու ասաց՝ «ավելի կարեւոր բաների», եւ Դիման հարցրեց՝ «ի՞նչ կարեւոր բաներ», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ պատմվածքը ռուսական ոգու մասին էր», եւ Կլիմը մի քիչ մտածեց ու քամահրանքով ասաց՝ «դա՜» եւ մի քիչ էլ մտածեց ու Անդրյուշային ժպտալով հարցրեց՝ «էդ ի՞նչ բան ա», եւ Անդրյուշան հարցրեց՝ «ի՞նչն ա ինչ բան», եւ Կլիմը քամահրանքով ասաց՝ «էդ ռուսական ոգի կոչվածը», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ էդ պատմվածքը մի քիչ ուշադիր կարդայիր՝ կհասկանայիր», եւ Դիման արհամարհական ժպտալով հարցրեց՝ «այսինքն, ով որ Սանյայի էդ պատմվածքը չի կարդացել, ռուսական ոգու մասին գաղափար չունի՞», եւ Կլիմը ծիծաղելով ասաց՝ «խեղճ Պուշկինն առանց էդ պատմվածքը կարդալու մեռել ա՝ ըտենց էլ չիմանալով ու չհասկանալով՝ ինչ բան ա ռուսական ոգին», եւ Դիման ժպտալով ավելացրեց՝ «փաստորեն, Գոգոլն ու Տոլստոյն էլ են առանց հասկանալու մեռել», եւ Կլիմը հռհռալով ավելացրեց՝ «բայց առաջինը ծերուկ Դերժավինն ա առանց հասկանալու մեռել», եւ Անդրյուշան հուզված ասաց՝ «պարզվում ա, դուք Վալենտին Գրիգորեւիչից լավ եք գրականություն հասկանում», եւ Կլիմը հարցրեց՝ «Վալենտին Գրիգորեւի՞չն ով ա», եւ Անդրյուշան պատասխանեց ու ասաց՝ «Վալենտին Գրիգորեւիչ Ռասպուտինը», եւ Դիման հարցրեց՝ «Ռասպուտի՞նն ինչ կապ ունի», եւ Անդրյուշան նեղսրտած ասաց՝ «մոռացե՞լ եք՝ ինքը «Յունոստում» Սանյայի մասին ինչեր ա գրել», եւ Կլիմը քամահրանքով ասաց՝ «էդ հազար տարի առաջ ա գրել», եւ Դիման ասաց՝ «մենք էս պատմվածքի մասին ենք խոսում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «թե չէ՝ Ռասպուտինի հավանած պատմվածքը մենք էլ ենք հավանել», եւ Կլիմն ավելացրեց՝ «մանավանդ՝ եթե հաշվի ես առնում, որ էդ պատմվածքի հեղինակն ընդամենը տասնյոթ տարեկան ա», եւ Դիման ճշտեց՝ «տասնութ», եւ Կլիմը մի քիչ մտածեց ու ասաց՝ «տասնութում տպել ա, բայց կարող ա տասնյոթում կամ ավելի շուտ գրած ըլնի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ստացվում ա, որ Սանյան էս քսան տարվա ընթացքում ոչ թե առաջ ա գնացել, այլ՝ հետ», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «ես թույլ չեմ տա, որ իմ ծննդյան օրը Ռոդիոնովին քննադատեք», եւ Դիման ժպտալով ասաց՝ «մենք Ռոդիոնովին չենք քննադատում, Անդրյուշ դժան», եւ Անդրյուշան զարմացած հարցրեց՝ «բա ի՞նչ եք անում», եւ Կլիմը Դիմայի փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «մենք ոչ թե իրան ենք քննադատում, այլ՝ իրա տպած էդ պատմվածքը», եւ Դիման ավելացրեց՝ «չենք էլ քննադատում. ընդամենն էդ պատմվածքի մասին ենք խոսում», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «բայց շատ չարացած եք խոսում», եւ Դիման ասաց՝ «մենք ընդամենը մեր կարծիքն ենք ասում», եւ Կլիմը ժպտալով հարցրեց՝ «կարծիք ասելու իրավունք էլ չունե՞նք, Անդրյուշ դժան», եւ Դիման ասաց՝ «ավելի ճիշտ՝ նոր էինք պատրաստվում կարծիքներս հայտնել», եւ Կլիմը ժպտալով ասաց՝ «Անդրյուշը չի թողի, որ Սանյայի հասցեին թթու խոսք ասենք», եւ Դիման ասաց՝ «բայց մենք Սանյայի հասցեին ոչ մի թթու խոսք չենք ասել. մենք ընդամենը էդ պատմվածքի մասին ենք խոսել», եւ Կլիմը ժպտալով ասաց՝ «հեչ չենք էլ խոսել. հենց փորձեցինք խոսել, Անդրյուշը բերաններիս էկավ», եւ Անդրյուշան նեղսրտած ասաց՝ «ես չեմ ուզում, որ ծննդյանս օրը էս տեսակ խոսակցություն ծավալեք», եւ Կլիմը հարցրեց՝ «ի՞նչ տեսակ խոսակցություն ենք ծավալել», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու ասաց՝ «եթե անպայման ուզում եք էդ պատմվածքից խոսեք, մի քիչ համբերեք՝ Ալեքսանդր Ալեքսանդրովիչը կվերադառնա՝ իր ներկայությամբ կխոսեք», եւ Դիման հարցրեց՝ «Սան Սանիչի վերադառնալն ի՞նչ կապ ունի», եւ Անդրյուշան հուզված ասաց՝ «մարդու բացակայությամբ էդ մարդու մասին խոսելը հեչ գեղեցիկ բան չի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մանավանդ՝ տհաճ բաներ խոսելը», եւ Դիման արդարանալով ասաց՝ «բայց մենք ընդամենն իրա էդ պատմվածքի մասին ենք խոսել», եւ Կլիմն ասաց՝ «Անդրյուշը ե՞րբ թողեց, որ էդ պատմվածքի մասին խոսենք» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Անդրյուշան ընենց ա Սանյային մեզանից պաշտպանում՝ կարծես մենք Սանյայի թշնամիներն ենք», եւ Դիման մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ Սանյայի թշնամիներն ըլնեինք, էդ պատմվածքը լավ էլ կգովեինք», եւ Անդրյուշան զարմացած հարցրեց՝ «ես որ էդ պատմվածքը գովում եմ, ուրեմն Ալեքսանդր Ռոդիոնովի թշնամի՞ն եմ», եւ Դիման խղճահարությամբ նայեց Անդրյուշային ու ներողամտորեն ժպտալով ասաց՝ «դու իներցիայով ես գովում, Անդրյուշ դժան», եւ Անդրյուշան զարմացած նայեց Դիմային ու նեղսրտած հարցրեց՝ «այսինքն, ո՞նց իներցիայով», եւ Կլիմը Դիմայի փոխարեն ասաց՝ «Սանյան իներցիայով շարունակում ա քո կուռքը հանդիսանալ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «դու էլ իներցիայով շարունակում ես մտածել, որ ինքը քննադատության ենթակա չի», եւ Անդրյուշան ասաց՝ «ինքը մի ժամանակ ձեզ համար էլ էր անքննադատելի», եւ Դիման հարցրեց՝ «ե՞րբ», եւ Անդրյուշան պատասխանեց ու ասաց՝ «նախքան իր մեկնելը», եւ Դիման ներողամտորեն ժպտալով ասաց՝ «ես կասեի՝ նախքան էս պատմվածքի տպվելը», եւ Անդրյուշան զարմացած հարցրեց՝ «պատմվա՞ծքն ինչ կապ ունի», եւ Դիման ասաց՝ «էդ պատմվածքը շատ թույլ էր», եւ Կլիմը քմծիծաղով ասաց՝ «որ ուժեղ ըլներ, «Լիտգազետան» դժվար էլ տպեր» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «վերջին անգամ «Լիտգազետան» ե՞րբ ա ուժեղ պատմվածք տպել», եւ Անդրյուշան հուզված պատասխանեց ու ասաց՝ «անցյալ շաբաթ», եւ Դիման զարմացած հարցրեց՝ «անցյալ շաբաթ ի՞նչ ա տպվել», եւ Կլիմը քմծիծաղով ասաց՝ «Սանյայի էդ պատմվածքը նկատի ունի», եւ Դիման զարմացած նայեց Անդրյուշային ու հարցրեց՝ «էդ պատմվածքն ուժե՞ղ ես համարում», եւ Անդրյուշան հուզված ասաց՝ «շատ ուժեղ պատմվածք էր», եւ Կլիմը քամահրանքով ասաց՝ «նախ պիտի պարզենք՝ էդ պատմվա՞ծք էր, թե՝ չէ», եւ Անդրյուշան նեղսրտած ասաց՝ «շատ հետաքրքիր պատմվածք էր», եւ Կլիմը հեգնանքով ասաց՝ «էնքանով էր հետաքրքիր, որ միանգամից փուչիկը պայթեց», եւ Անդրյուշան զարմացած հարցրեց՝ «ի՞նչ փուչիկ», եւ Դիման Կլիմի փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «Ալեքսանդր Ռոդիոնով անվանյալ փուչիկը», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու շիվարած ասաց՝ «աչքերիս չեմ հավատում» եւ մի քիչ էլ մտածեց ու նեղսրտած ավելացրեց՝ «ոչ էլ ականջներիս եմ հավատում», եւ Դիման Անդրյուշային ասաց՝ «որովհետեւ էս ամենին անձնական ես վերաբերվում», եւ Անդրյուշան դողդողացող ձայնով ասաց՝ «չհասկացա», եւ Կլիմը հարցրեց՝ «չհասկանալու ի՞նչ կա», եւ Անդրյուշան շիվարած ասաց՝ «էսօրվա ձեր ասածներից ոչ մի բան չեմ հասկանում», եւ Դիման ասաց՝ «որովհետեւ անձնական ես վերաբերվում», եւ Անդրյուշան հոգոց հանելով հարցրեց՝ «այսինքն», եւ Կլիմը ժպտալով ասաց՝ «ընկերությունը՝ ընկերություն, գրականությունը՝ գրականություն», եւ Անդրյուշան դառը ժպտալով ասաց՝ «էլի չհասկացա», եւ Դիման բացատրեց ու ասաց՝ «որ Սանյայի էդ պատմվածքը չենք հավանել, էդ չի նշանակում, որ ինքը մեր ընկերը չի», եւ Կլիմն Անդրյուշային ասաց՝ «տեղը որ գա, մենք իրան քեզանից լավ կպաշտպանենք», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու քամահրանքով ասաց՝ «ինչ-որ չի զգացվում», եւ Դիման մի քիչ մտածեց ու ասաց՝ «պետք չի սովորական մարդկանցից կուռքեր սարքել», եւ Անդրյուշան ապշահար հարցրեց՝ «ո՞վ ա սովորական մարդ», եւ Կլիմը Դիմայի փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «մեզանից յուրաքանչյուրը», եւ Անդրյուշան մի քիչ մտածեց ու հուզված ասաց՝ «բայց Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Ռոդիոնովը յուրաքանչյուր չի», եւ Կլիմը քամահրանքով ասաց՝ «իրա էդ պատմվածքը լրիվ հակառակն ա ապացուցում», եւ Անդրյուշան հարցրեց՝ «հակառակը ո՞րն ա», եւ Կլիմը քմծիծաղով ասաց՝ «էդ պատմվածքը ցույց տվեց, որ Սանյան յուրաքանչյուրից էլ սովորական ա», եւ Դիման մի քիչ մտածեց ու ասաց՝ «հակառակ ծայրահեղության մեջ չընկնենք, Կլիմ Պետրովիչ», եւ Կլիմը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ հակառակ ծայրահեղություն», եւ Դիման մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ պատմվածքը տաղանդավոր գրողի ձախողում էր», եւ Կլիմը հարցրեց՝ «ինչի՞ց էր զգացվում, որ էդ թույլ պատմվածքի հեղինակը տաղանդավոր ա», եւ Դիման մի քիչ մտածեց ու ասաց՝ «ամեն ինչից», եւ Կլիմը մի քիչ մտածեց ու ասաց՝ «դու Սանյային անձամբ ճանաչում ես, դրա համար ես տաղանդավոր ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բայց որ կողմնակի մարդու աչքով նայես՝ էդ պատմվածքի մեջ ոչ մի տաղանդավոր բան չկա», եւ Դիման մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «պատմվածքի մեջ տաղանդավոր բան չկա, բայց Սանյայի մեջ շատ կա», եւ Կլիմը Դիմային ասաց՝ «որովհետեւ դու իրան անձամբ ես ճանաչում», եւ Անդրյուշան թախծոտ ժպտալով Կլիմին հարցրեց՝ «դու անձամբ չե՞ս ճանաչում», եւ Կլիմը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես էլ եմ անձամբ ճանաչում, բայց ես, ի տարբերություն ձեզ, փորձում եմ անձնական հարաբերություններից վեր կանգնել», եւ Անդրյուշան թախծոտ ժպտալով Կլիմին հարցրեց՝ «էս վեր կանգնել ե՞ս համարում», եւ ես խոսակցությանը խառնվելով ասացի՝ «թամադային խոսք չի հասնո՞ւմ», եւ Անդրյուշան ուրախացած ասաց՝ «իհարկե հասնում ա, Արմեն Ակոպովիչ», եւ ես ասացի՝ «ուզում եմ մի կենաց առաջարկեմ», եւ Կլիմը հարցրեց՝ «ի՞նչ կենաց», եւ ես ասացի՝ «մինչեւ բաժակները չլցնես՝ չեմ ասի», եւ Կլիմը բաժակները լցնելով ասաց՝ «ասա», եւ ես ոտքի կանգնելով ու բաժակս բարձրացնելով ասացի՝ «էս փոքրիկ բաժակով, բայց մեծ սրտով ուզում եմ խմել Սաշա Ռոդիոնովի կենացը», եւ Կլիմը զարմացած հարցրեց՝ «էս խի՞ հանկարծ իրան հիշեցիր», եւ ես ժպտալով ասացի՝ «դուք էլ ահագին հիշեցիք», եւ Կլիմն ասաց՝ «մենք պատմվածքի հաշվով էինք իրան հիշել», եւ Անդրյուշան Կլիմին հարցրեց՝ «դեմ ե՞ս, որ Ռոդիոնովի կենացը խմենք», եւ Դիման Կլիմի փոխարեն ասաց՝ «ոչ ոք էլ դեմ չի. ուղղակի Արմենն էդ կենացը շատ անսպասելի առաջարկեց», եւ ես ժպտալով ասացի՝ «որովհետեւ շատ անփորձ թամադա եմ», եւ Կլիմը ժպտալով ասաց՝ «կենացը պիտի լավ հասունացնես՝ հետո նոր առաջարկես», եւ ես ծիծաղելով ասացի՝ «դուք էդ կենացը լավ էլ հասունացրել էիք», եւ Կլիմը ժպտալով ասաց՝ «դեռ հասունանալու տեղ կար», եւ ես ժպտալով Կլիմին ասացի՝ «լավ թամադա կըլնեիր», եւ Կլիմն ասաց՝ «ոչ մի անգամ չեմ էղել», եւ ես ասացի՝ «ես էլ ոչ մի անգամ չէի էղել», եւ Կլիմը ժպտալով ասաց՝ «դրա համար էլ կենացները լավ չես հասունացնում», եւ ես ժպտալով ասացի՝ «պիտի քեզ թամադա նշանակեինք», եւ Անդրյուշան ժպտալով ասաց՝ «եթե Կլիմ Պետրովիչին թամադա նշանակեինք, մի գլուխ էդ պատմվածքից էր խոսելու», եւ ես ժպտալով ասացի՝ «մեկ ա՝ ըսենց էլ ա խոսում», եւ Անդրյուշան ժպտալով ինձ ասաց՝ «ձեզ ենք լսում, Արմեն Ակոպովիչ»:

Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել