Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՈԳԵՈՐՍՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ

Հունվար 23,2010 00:00

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի փոխդիվանապետի համոզմամբ՝ այն կրոնական կազմակերպությունները, որոնք վտանգ են ներկայացնում մեր հասարակության ֆիզիկական եւ հոգեւոր անվտանգության համար, պետք է պատասխանատվության կանչվեն:

Հայաստանում գաղտնի աղանդավորական կազմակերպություններ կան, որոնք բացահայտ չեն գործում, բայց՝ իբրեւ հասարակական կազմակերպություններ, բարեգործության անվան տակ զբաղվում են հոգեորսությամբ եւ կործանում բազմաթիվ հայ ընտանիքներ: Կան որոշ կրոնական կազմակերպություններ, որոնք իրենց ծեսերի ժամանակ մարդկանց են զոհաբերում, իրենց երեխաներին դպրոց չեն ուղարկում, աշխարհից, հասարակությունից կտրված լինելով՝ իրենց զրկում են նույնիսկ տարրական կենցաղային պայմաններից, երեխաներին ստիպում են ծոմ պահել եւ հաց չուտել: Այդ կազմակերպություններին ինչ-ինչ ճանապարհներով հաջողվում է անդամացուցակ լրացնել ու խաբեության միջոցով մարդկանց իրենց շարքերը ներգրավել: Չնայած նման աղանդավորական կազմակերպությունները ենթակա են քրեական պատասխանատվության, բայց հոգեորսության պահին նրանց բռնացնելն ու, առավել եւս՝ ապացուցել, որ ոչ թե քարոզչություն, այլ հենց հոգեորսություն են անում, շատ դժվար է, որովհետեւ ներկայումս գործող «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում հոգեորսության սահմանումը դժվար է տարանջատել հակառակ երեւույթից՝ քարոզից: Չնայած արդեն մշակվել եւ առաջին ընթերցմամբ ընդունվել է օրենքի նոր նախագիծը, բայց այնտեղ էլ հոգեորսության սահմանումը շատ կազմակերպություններ սխալ ու երկիմաստ են համարում՝ պնդելով, որ այն հակասում է Սահմանադրությամբ ամրագրված խոսքի ազատությանը: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում Մայր աթոռ Սբ. Էջմիածնի փոխդիվանապետ հայր Մեսրոպ աբեղա Պարսամյանը, մեկնաբանելով աղմուկ բարձրացրած օրինագծի որոշ հոդվածներ, վստահեցրեց, որ հոգեորսության նոր սահմանումը բոլորովին էլ չի բռնանում խոսքի ազատությանը: Ըստ այդ սահմանման՝ «Արգելվում է հոգեորսությունը, եւ հոգեորսություն է համարվում քաղաքացիների նկատմամբ այն քարոզչական ներգործությունը, որի ընթացքում առաջարկվում կամ տրամադրվում է նյութական խրախուսանք, գործադրվում է ֆիզիկական կամ հոգեբանական ճնշում կամ հարկադրանք, անձը կրկնակի եւ ավելի անգամ հետապնդվում է իր բնակարանում, աշխատավայրում, հանգստի կամ այլ վայրերում, ինչպես նաեւ հեռախոսազրույցով»: Ստացվում է, որ եթե փողոցում քայլում ես, մեկը մոտենում է, խոսում է Արմագեդոնի, Եհովայի մասին եւ ասում, որ խաչին չպետք է հավատալ, դու էլ լսում ես, նա չի պարտադրում, ու դու ակամայից հայտնվում ես Եհովայի վկաների ցուցակում, դա հոգեորսություն չէ եւ, ըստ օրինագծի, ոչ էլ պատժելի է:

Սակայն, ըստ հայր Մեսրոպի՝ «Դատապարտելի է ոչ թե կրոնական համոզմունք ունենալը, որը մարդու հիմնարար ազատությունների եւ իրավունքների մաս է կազմում, այլ այդ կրոնական համոզմունքի այն արտահայտությունը, որը վտանգ է ներկայացնում հասարակության բարոյական եւ ֆիզիկական անվտանգության համար: Այս է հաստատում նաեւ «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան»:

Շատ կրոնական կազմակերպություններ դժգոհում էին, որ իրենք հաճախ բարեգործություն են անում, իսկ դա նոր օրինագծով ընկալվում է որպես քարոզչության ժամանակ նյութական խրախուսանք՝ հոգեորսության նպատակով: Մինչդեռ, հայր Մեսրոպի խոսքերով՝ «Միանշանակ անընդունելի եւ դատապարտելի է նյութական խրախուսանք կամ օգնություն տրամադրել եւ դրան զուգահեռ՝ մարդկանց պարտադրել սեփական գաղափարներն ու համոզումները: Այս երեւույթը անընդունելի է ցանկացած քարոզչության պարագային՝ կրոնական, քաղաքական եւ այլն»: Հայտնի է աստվածաշնչյան այն խոսքը, որ աջ ձեռքդ չպետք է իմանա, թե ինչ տվեց ձախդ, ոչ թե թմբկահարես քո բարեգործության մասին այնպես, որ բոլորն իմանան:

Նոր օրինագծում նաեւ նշված է, որ «ՀՀ տարածքում արգելվում է այն կրոնական կազմակերպությունների գործունեությունը, որոնք իրենց գործունեության ընթացքում իրականացնում են կամ փորձում են իրականացնել անդամների անձնական կյանքի, տեղեկացվածության, առողջության եւ սեփականության վերահսկողություն»: Ամբողջ աշխարհում, եթե կրոնական կազմակերպությունները չեն համապատասխանում միջազգային կոնվենցիաներին, նման կազմակերպություններին իրավաբանական կարգավիճակ չեն տալիս, ոչ թե գործունեությունն արգելում են: Ուստի «Առավոտի» հարցին՝ ինչո՞ւ է մեր պետությունը անձնական վերահսկողության համար միանգամից ուզում արգելել այդ կազմակերպությունների գործունեությունը՝ հայր Մեսրոպը պարզաբանեց. «Անձնական կյանքի, տեղեկացվածության, առողջության եւ սեփականության վերահսկողության մասին իրապես կան մի շարք կրոնական կազմակերպությունների հետ կապված փաստացի օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե որքան վտանգավոր կարող են լինել նման կազմակերպությունները՝ մարդու անձնական, ընտանեկան եւ հասարակական կյանքի համար: Օրինակ՝ Հայ առաքելական եկեղեցում խոստովանությունը գաղտնի է, եւ դրա ժամանակ պետք է ներկա լինեն միայն քահանան ու խոստովանող անձը: Իսկ ժամանակակից կրոնական ուղղություններից շատերի մոտ խոստովանությունը տեղի է ունենում երեք հոգու ներկայությամբ եւ գաղտնիություն բնավ չի ապահովվում: Հավատացյալից կորզված խիստ անձնական տեղեկությունները հետագայում օգտագործվում են նրանց իսկ դեմ «անհնազանդության», կազմակերպությունը լքելու ցանկության դեպքում»: Այսինքն՝ պարզվում է, որ նախապես անկեղծ մղումներից ու հավատքից տվյալ կրոնական կազմակերպությանն անդամագրված մարդիկ, երբ հասկանում են, որ խաբված են եւ ցանկանում են հրաժարվել տվյալ կրոնական կազմակերպությունից, այդժամ գործի է դրվում «թանկարժեք» ինֆորմացիան, եւ նրանք հայտնվում են անելանելի կացության մեջ:

Ինչպես նշեց հայր Մեսրոպը, կան կրոնական կազմակերպություններ, ովքեր օգտագործում են մեր եկեղեցու խորհրդանիշները, որպեսզի նմանության պատրանք ստեղծեն եւ մարդկանց խաբեն: Նոր օրինագծով արդեն կարգելվի մեր եկեղեցու խորհրդանիշների անհարկի ու ոչ տեղին օգտագործումը: Օրինակ, Առաքելական եկեղեցու գմբեթները ճարտարապետական ուրույն տեսք ունեն, եւ եթե որեւէ այլ կրոնական կազմակերպություն նույն ոճով այստեղ ցանկանա եկեղեցի կառուցել, օրենքը կկանխի, որ մեր հավատացյալները չխաբվեն ու այն չշփոթեն Հայ առաքելական եկեղեցու հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել