Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՍԱՐԳԻՍ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ԴԵՌ ԿԽԱՂԱ

Հունվար 23,2010 00:00

Ֆուտբոլային երկարակյացները

Վերջին օրերին հայկական ֆուտբոլի աշխարհում ամենաշրջանառվող լուրերից մեկը Սարգիս Հովսեփյանի՝ ֆուտբոլային կարիերան ավարտելու վերաբերյալ խոսակցություններն էին: Վերջիններիս համար հիմք էր ծառայել այն իրողությունը, որ Հայաստանի ազգային հավաքականի եւ «Փյունիկի» ավագը չէր մասնակցում թիմի մարզումներին եւ ենթադրվում էր, որ ծնկի վնասվածք ունեցող Հովսեփյանը որոշել է խաղակոշիկները կախել պատից: Սակայն, ինչպես հենց ֆուտբոլիստը հետագայում պարզաբանեց, հեռանալ դեռ չի պատրաստվում եւ կմասնակցի առաջիկա մրցաշրջանին: Ավելին, վնասվածքի պատճառով մի քանի մարզում բաց թողած ֆուտբոլիստին թեեւ որոշակի հանգիստ էր տրամադրվել, սակայն բարձրացած աղմուկի պատճառով Հովսեփյանը որոշել է ընդհատել իր «արտահերթ» արձակուրդն ու վերադառնալ մարզումներին:

Իսկ Հովսեփյանի կարիերան շարունակել-չշարունակելու վերաբերյալ հարցերի առատության պատճառը «Փյունիկի» ավագի ֆուտբոլային «պատկառելի» տարիքն է: 37-ամյա ֆուտբոլիստն արդեն 18 տարի հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականում, որի կազմում ռեկորդային՝ 109 հանդիպում է անցկացրել: Իհարկե, նա միակ երկարակյացը չէ մեր ֆուտբոլում: Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի վերջին՝ 18-րդ առաջնությանը Հովսեփյանից զատ մասնակցում էին եւս 5 ֆուտբոլիստներ, որոնք խաղադաշտ են մտել մեր անդրանիկ առաջնությունում: Խոսքը վերաբերում է Արամ Ոսկանյանին, Հովհաննես Թահմազյանին, Համլետ Մխիթարյանին, նախորդ առաջնության գլխավոր ռմբարկու Արթուր Քոչարյանին, ինչպես նաեւ Արսեն Ավետիսյանին (նա Հայաստանի ազգային հավաքականի առաջին գոլի հեղինակն է՝ Մալթայի ընտրանու հետ խաղում): Այս վեց ֆուտբոլիստները մրցաշրջան 2009-ի ընթացքում իրենց թիմերի առաջատարներն էին: Ուստի, շատերը նայելով մեր ֆուտբոլի իրական պատկերին, իրավամբ կարծում են, որ մեր «վետերաններին» խաղակոշիկները պատից կախել դեռ վաղ է: Մանավանդ որ, համաշխարհային ֆուտբոլի պատմությանը ծանոթ են «պատկառելի ծերուկների» հաջողությունները: Հիշենք, թեկուզ, Սթենլի Մեթյուզին, որն իր ակումբային կարիերան ավարտեց 50 տարեկանում: Ավելին, անգլիացի հարձակվողը «Ֆրանս ֆուտբոլի» սահմանած «Ոսկե գնդակ» մրցանակին արժանացավ միայն 41 տարեկան հասակում, իսկ 48-ում ճանաչվեց Անգլիայի լավագույն ֆուտբոլիստ: Մեկ այլ հարձակվող՝ կամերունցի Ռոժե Միլլան, 42 տարեկանում աշխարհի առաջնության շրջանակներում գոլի հեղինակ դարձավ՝ տարիքային ռեկորդ սահմանելով: Մեկ այլ ռեկորդակիր է դարպասապահ Դինո Ձոֆֆը՝ աշխարհի ամենատարեց չեմպիոնը, որը 1982 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցում էր 40 տարեկան հասակում: Իսկ ընդամենը մեկ մրցաշրջան առաջ ֆուտբոլային կարիերան ավարտած Պաոլո Մալդինին էլ խաղակոշիկները «ճամպրուկը դրեց» 41 տարեկանում՝ Իտալիայի ազգային հավաքականի կազմում անցկացնելով ռեկորդային՝ 126 հանդիպում: Ի դեպ, նա, ի տարբերություն մյուս երկարակյացների, իր ողջ ֆուտբոլային կյանքը՝ քառորդ դար, նվիրել էր մի ակումբի. 16 տարեկանում նշելով նորամուտը «Միլանի» կազմում՝ Պաոլո Մալդինին 5 անգամ արժանացել է Չեմպիոնների լիգայի գավաթին, 7 անգամ դարձել Իտալիայի չեմպիոն… Մալդինիի մրցանակները երկար կարելի է թվարկել, սակայն դրանց շարքում ամենակարեւորը, թերեւս, իր անվանն ամրակցված ռոսսոներիների՝ N3 մարզաշապիկն է…

Դժվար թե Սարգիս Հովսեփյանը կամ Հայաստանի առաջնության երկարակյացներից որեւէ մեկն արժանանա Մալդինիին բաժին հասած երջանկությանը, Մեթյուզի վետերանական հաջողություններին կամ էլ սահմանի Միլլայի ռեկորդը: Ցավոք: Սակայն նրանք դեռ իրենց ասելիքն ունեն մեր ֆուտբոլում:

Քանի որ երկրորդ Հովսեփյան, Քոչարյան կամ Ոսկանյան, ինչպես ցույց տվեց վերջին առաջնությունը, մենք դեռ չունենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել