Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՓՐԿԵ՛ՆՔ ՀԱՅԻԹԻԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Հունվար 23,2010 00:00

Վերջերս Հայիթիում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) նախագահ Գուստավո Առաոզը, «Արմենպրեսի» փոխանցմամբ, ուղերձով դիմել է կազմակերպությանն անդամակցող ազգային եւ միջազգային կոմիտեներին՝ համախմբվելու այդ երկրի հարուստ ու եզակի մշակութային ժառանգությունը փրկելու եւ պաշտպանելու առաջիկա գործընթացում: «Այժմ արդեն ժամանակն է կազմելու ԻԿՕՄՕՍ-ի այն անդամների ու խմբերի ցանկը, որոնք ունակ եւ ի վիճակի կլինեն օգնել, անգամ մեկնել Հայիթի՝ որպես կամավորներ, այն պահից, երբ կարիքները կլինեն ճշտված»,- ասել է միջազգային կառույցի նախագահը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում Հայիթին ներկայացված է 1982 թվականից՝ «Հայիթիի ազգային պարկ» հուշարձանախմբով, որի կազմում ընդգրկված Հանրիի միջնաբերդը, Սան-սուսի պալատը եւ Ռամիերների հնավայրը Հայիթիի ժողովրդի անկախությունը խորհրդանշող առաջին հուշարձաններն են՝ կառուցված 19-րդ դարասկզբին, սեփական անկախության համար մարտնչած սեւամորթ ստրուկների կողմից: Միջազգային ԻԿՕՄՕՍ-ը տարածել է նաեւ «Կապույտ վահան» կազմակերպության դիմումը՝ ուղղված միջազգային հանրությանը, պատասխանատու իշխանություններին եւ տեղական բնակչությանը՝ Հայիթիի մշակութային ժառանգությանը պատճառված վնասի գնահատման աշխատանքներին աջակցելու նպատակով: «Կապույտ վահանը» փորձում է տեղում, հայիթյան գործընկերների ղեկավարությամբ, իր անդամ-կազմակերպություններից ձեւավորել ցանց եւ փորձաքննություն՝ աջակցելու այդ երկրի մշակութային ժառանգությանը պատճառված վնասի գնահատման աշխատանքներին՝ ներառյալ գրադարանները, արխիվները, թանգարանները, հուշարձաններն ու տեսարժան վայրերը, իսկ հետագայում նաեւ՝ վերականգնման ու վերանորոգման համար անհրաժեշտ միջոցները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել