Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դանիելի բանաստեղծական անակնկալը

Հունվար 23,2010 00:00

99 օրինակով լույս է տեսել գյումրեցի բանաստեղծ, ճարտարապետ Դավիթ Դանիելի «Դղյակներ, որ էլ իմը չեն» բանաստեղծությունների ժողովածուն: Հեղինակն այն նվիրում է ընծայագրով, գիրքը չի վաճառվում: 70-ական թվականների ինքնատիպ պոետներից է Դավիթ Դանիելը, որին գիտեն նրա սերնդակիցները: «70-80-ականներին գրական բանավեճ էր ծավալվում անգամ նրա անտիպ գործերի շուրջ… Ավելորդ աղմուկը խանգարեց նրա առանձնատիպ գրքի լույսընծայմանը, եւ Դավիթի առաջին գիրքը տպագրվեց 1987թ.՝ պոետական «Տասը ձայներ» ժողովածուի մեջ, իբրեւ նոր ձայներից մեկը: Չնայած ջերմ արձագանքներին, բանաստեղծի առանձնատիպ գիրքն այդպես էլ լույս չտեսավ»,- գրքի առաջաբանում տեղեկացնում է գյումրեցի բանաստեղծ Արա Արթյանը:

Վերջինիս բնորոշմամբ, պատճառը Դանիելի «ազատ տեսակն էր», որը չէր տեղավորվում «խորհրդահայ բանաստեղծության պրոկրուստյան մահճում»:

Դանիելը գիրքը «նվիրել» է իր 60-ամյակին:

Նշենք, որ Դանիելին հաջողվել է ներկայանալ բանաստեղծական թարմ տողերով ու պատկերներով: Ահավասիկ այդ պատկերները… «Հիմա մեկ ուրիշն է կացնահարում իմ մարմնի համբույրների անտառը», «Մեզ տեսան տեսակցության ցորենահասկեր դարձած», «Մի վախեցիր երկինք իմ, Թափառման տեսիլքներն արեւածաղիկներ են, թարմ ցողերի շշուկները հավաքող», «Գետափին մի ճերմակ ճյուղ կլողա, փաթաթվիր նրան-շփոթված աշուն…»: Սիրերգության շարքերի կողքին Դանիելի հայրենասիրական բանաստեղծություններն են: Դրանք ծնվել են իրական ապրումներից (ի դեպ, նա չվարանեց երկրաշարժից հետո բարեգործությամբ օգնել Գյումրու թիվ 18 դպրոցի ծնողազուրկ երեխաներին): Այդ ժամանակ էր, որ «Քամին սարսափի դագաղներից բաց ծով նետվեց», եւ «Խաչի սֆինքսներ թաղեց երկրի կողքին»…

Հետո բանաստեղծը պիտի վերագտներ իրեն եւ գրեր. «Ես ծառ եղա-քո ոտքերով երկիր տանող, ես տուն եղա-ծնվող երեխաների ճիչից…»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել