Լրահոս
Օրվա լրահոսը

Չկար պետական վերաբերմունք

Հունվար 23,2010 00:00

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի ու թուրքագետ Րաֆֆի Քորթոշյանի դիտարկումները՝ Հայաստանի տարածքից դուրս գտնվող հայկական հուշարձանների մասին:

«Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայի՝ Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչ չտեղադրելու, եկեղեցու ներսում արարողություններ չիրականացվելու մասին հայտարարությունները ոչ մի կապ չունեն օրեր առաջ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման եւ այդ առիթով Թուրքիայի վարած քաղաքականության հետ»,- երեկ «Տեսակետ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ, պատմաբան Րաֆֆի Քորթոշյանը:

Հիշեցնենք, որ վերջերս Վանի նահանգապետ Մունիր Քարալօղլուն հայտնել էր, որ 2010 թ. սեպտեմբերի 12-ին Աղթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցին կբացվի ժամերգությունների ու պատարագների համար, մինչդեռ Թուրքիայի մշակույթի նախարարությունը հավանության չի արժանացրել այդ գաղափարը եւ իր հերթին հայտարարել է, որ Սուրբ Խաչը վերաբացվել է զուտ որպես թանգարան:

Ինչ վերաբերում է Թուրքիայի նախարարի ասածին, Ր. Քորթոշյանը նկատեց, որ դա իսկական թուրքական պատասխան էր. խաչի տեղադրումը Էրթուղրուլ Գյունայն անհնար էր համարել՝ պատճառաբանելով, թե իբր իրենք չեն կարող ներկայումս հայտնաբերել այն խաչը, որը ի սկզբանե տեղադրված է եղել, իսկ նորը ձուլելը եւ տեղադրելն անիմաստ է: «Այժմ թերեւս ոչ այնքան կարեւոր է հիշյալ խաչի տեղադրումը, որքան այն, թե ի՞նչ ճակատագրի են արժանանում մեր եկեղեցիները Թուրքիայի տարածքում: Հարկավոր է բարձրացնել բազում քանդվող եկեղեցիներին վերաբերող հարցը»,- հավելեց պարոն Քորթոշյանը:

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հ/կ-ի նախագահ Սամվել Կարապետյանը, ի պատասխան Ր. Քորթոշյանի, նշեց, որ ներկայումս Անիում մի եկեղեցի է վերականգնվում՝ քաղկեդոնական Տիգրան Մուղնեցին՝ վրաց ճարտարապետների հետ համագործակցությամբ. «Ըստ ամենայնի, վերականգնվում էր որպես վրացական եկեղեցի: 1215 թ. հիմնադրված Տիգրան Մուղնեցի եկեղեցին, հայ քաղկեդոնական համայնքին է պատկանել… Ի դեպ, վրացիները Հայաստանի հյուսիսային մի շարք եկեղեցիների նկատմամբ եւս հավակնություններ ունեն: Իսկ մյուս եկեղեցիների վերականգնման հետ կապված գործընթացները խոսակցությունների մակարդակից չեն բարձրանում»:

Հարցին՝ ի՞նչ դերակատարում ունի այս առիթով ՀՀ մշակույթի նախարարությունը, Ր. Քորթոշյանն ասաց. «Մշակույթի նախարարությունը միայնակ կդժվարանա պատերազմել մշակութային պատերազմում, մեծ դեր պիտի ունենա նաեւ մամուլը: Լրատվամիջոցներն են հող պատրաստում ամեն ինչի համար: Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերություններ չկան, որ նախարարության մակարդակով այս խնդիրները լուծվեն»:

Ս. Կարապետյանն էլ հավելեց. «Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հուշարձանները, որ մեր հարեւան 4 երկրների տարածքում կան, դեռ խորհրդային տարիներից սկսած՝ մինչեւ այս տարի պետական մակարդակով վերաբերմունքի չեն արժանացել, նույնիսկ հաշվառվել: Ի դեմս մեր կազմակերպության, այս տարվանից սկսած, պետական բյուջեից ամեն տարի հատկացվելու է 60 մլն դրամի չափով գումար՝ Հայաստանից դուրս գտնվող հայկական հուշարձանների վերականգնման եւ հաշվառման համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել