Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԻՆՈՅՈՒՄ ՉՊԵՏՔ Է ԻՐԱՎԱԲԱՆ ԼԻՆԵԼ

Հունվար 23,2010 00:00

Կինոն՝ գերմանաբնակ կինոռեժիսոր Դոն Ասկարյանի ընկալմամբ

Հայաստանում է գերմանաբնակ կինոռեժիսոր, լուսանկարիչ Դոն Ասկարյանը: Նախօրեին «Նարեկացի» արվեստի միությունում մեկնարկեց արվեստագետի ցուցահանդեսային շարքը: Մեծամասամբ կնոջ եւ մանուկների լուսանկարները, արվեստագետի մեկնաբանմամբ, հատուկ նշանակություն ունեն. «Նրանք ինձ հոգեհարազատ կերպարներ են, մի խոսքով՝ իմ կյանքում ամենա-ամենան են…»: Լուսանկարչական աշխատանքներից բացի, առաջիկա օրերին կցուցադրվեն նաեւ արվեստագետի վերջին տարիների ֆիլմերը: «Կարծում եմ՝ հայ հանդիսատեսից տարբեր ու հետաքրքիր արձագանքներ կլինեն, որովհետեւ առաջիկա օրերին կցուցադրվեն ֆիլմեր, որոնք խիստ հակասական գաղափարներ են արծարծում եւ ավելի շատ երկխոսություն են, քան պարզ ինֆորմացիայի փոխանցում»: Երեսուն տարի Հայաստանից դուրս բնակվող կինոռեժիսորը դժվարացավ խոսել արդի հայ կինոարվեստի մասին՝ պարզաբանելով, որ արտերկրում աշխատելու պատճառով չի կարողանում տեղեկանալ վերջին նորություններին. «Ես շատ վատ էի վերաբերվում խորհրդային կինեմատոգրաֆին, քանի որ Սովետն ինձ համար ստրուկների համակարգ էր, եւ կինոն օգտագործվում էր ընդամենը որպես ընկեր Լենինին պրոպագանդելու միջոց: Այդ տարիներին բռնաբարում էին եւ՛ ժողովրդին, եւ՛ ֆիլմը՝ որպես արտահայտչամիջոց, իսկ թե ինչ է կատարվում հիմա Հայաստանում, տեղյակ չեմ»: Առաջիկայում պարոն Ասկարյանը կէկրանավորի Լ. Տոլստոյի «Հաջի Մուրադը» ստեղծագործությունը եւ «Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը»: Պարոն Ասկարյանի համոզմամբ՝ կինոռեժիսորը չպետք է կինոյի մեջ իրավաբան լինի. «Եթե կինոյի համակարգում ասելիք ունես՝ կինոյի լեզվով պետք է խոսես, իմ առաջնային նպատակն է ֆիլմի տեսանկյունից դիտվող որակյալ գործ ստեղծելը, ինձ համար ճշմարտությունն ավելի բարձր է, քան էժանագին, կեղծ հայրենասիրական հովերը: Ես իմ աշխատանքներում փորձում եմ ճշմարտությունն իր դրսեւորումներով մատուցել»: Ինչ վերաբերում է հայ-թուրքական վերջին «տաքացումներին», դրանք, արվեստագետի բնորոշմամբ, ոչ թե մերձեցման գործընթացներ են, այլ տիկնիկային թատրոն են հիշեցնում:

Կինոասպարեզից եւ լուսանկարչությունից բացի, Դոն Ասկարյանը նաեւ ֆիլմերի սցենարիստ է եւ գրող, ու դրանք իր մեկնաբանմամբ դժվար չէ համատեղելը. «Այդ ամենը նույն մարդն է անում, բայց տարբեր գիտակցությամբ, արվեստի տարբեր ճյուղերում գործելու ժամանակ ոչ թե ես եմ թելադրում, այլ ենթարկվում եմ ինչ-որ ներքին օրենքների՝ թե լուսանկարչության, թե կինեմատոգրաֆիայի»: Դոն Ասկարյանի ֆիլմերի 3 սցենարները՝ «Նորադուզ», «Ավետիք» եւ «Կոմիտաս», տեղ են գտել «Վտանգավոր լույս» գրքում, այստեղ ներառվել են նաեւ նրա հոդվածներն ու գրախոսությունները:

Առաջիկա օրերին Դոն Ասկարյանը իր ստեղծագործական առանձնահատկություններն ու հաջողությունները կկիսի երիտասարդ գործընկերների հետ: Վարպետության դասերին փորձի փոխանակումը հիմնված կլինի ոչ միայն արվեստագետի աշխատանքների քննարկման, այլեւ մասնակիցների աշխատանքների վերլուծության վրա:

Հավելենք, որ Դոն Ասկարյանը ծնվել է Ստեփանակերտում: Պատմություն եւ արվեստ է ուսանել Մոսկվայում եւ ուսումն ավարտելուց հետո աշխատել է որպես կինոքննադատ եւ ռեժիսորի օգնական: Վերջին երեսուն տարիներին Դոն Ասկարյանն ապրել ու աշխատել է Գերմանիայում, Նիդեռլանդներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել