ՄԱԿ-ը որոշում է կայացրել դադարեցնել որոնողական եւ փրկարարական աշխատանքներն ու արտակարգ միջոցառումները, որոնք մինչ այս կազմակերպությունն իրականացրել է հզոր երկրաշարժից տուժած Հայիթիում եւ ձեռնամուխ է լինում երկիրը վերականգնելու առաջին փուլին: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ Հայիթիում ՄԱԿ-ի հատուկ հանձնակատարների եւ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ հանդիպումից հետո: Միաժամանակ երեկ Հայիթիում տեղի է ունեցել նոր ուժգին երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումները եղել են 5,9 բալի սահմաններում: BBC-ի փոխանցմամբ, Հայիթիի ոստիկանությունը երեկ միջազգային հանրությանը խնդրել է օգնել ավերիչ երկրաշարժից հետո տեղի բանտից փախուստի դիմած եւ մարդկանց տեռորի ենթարկող հանցագործներին զսպելու համար: Հավելենք, որ Հայիթիից ստացվող տեղեկությունների համաձայն, երկրաշարժից զոհվածների թիվը հասել է շուրջ 100 հազարի: