Երեկ Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ դիմել են ԵԽԽՎ անդամներին նամակով, որում, մասնավորապես, ասված է. «Դիմում ենք ձեզ ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակության կազմի մեջ Ազգային ժողովի նախագահի կողմից վերջերս պարտադրված փոփոխությունների խնդրով: Այս փոփոխությունները հստակ եւ կոպիտ կերպով խախտում են ԵԽԽՎ-ի Ընթացակարգային կանոնների 6.2 կանոնի հիմքում դրված սկզբունքները, որոնց համաձայն՝ ազգային խորհրդարանական պատվիրակությունները պետք է կազմված լինեն այնպիսի անդամության կազմով, որը կապահովի իրենց համապատասխան խորհրդարաններում ներկայացված քաղաքական կուսակցությունների կամ խմբերի արդար ներկայացուցչականությունը: Այս կեղծավոր ձեւակերպված փոփոխության վերջնական նպատակը Հայաստանի խորհրդարանում ներկայացված միակ իրական ընդդիմության՝ միանշանակորեն ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության զրկելն է ԵԽԽՎ-ում Հայաստանի ժողովրդի իրական մտահոգությունները բարձրաձայնելու իրավունքից: Այսօր մենք դիմում ենք ձեզ՝ պահանջելով մերժել ՀՀ պատվիրակության դեռեւս չվավերացված հավատարմագրերը եւ հստակ ուղերձ հղել ՀՀ իշխանություններին առ այն, որ յուրաքանչյուր նման որոշում, որը կփորձի անարդար կերպով մերժել միակ ընդդիմադիր կուսակցության ձայնը եւ արդար ներկայացուցչությունը ԵԽԽՎ պաշտոնական պատվիրակության կազմում, խստորեն հակասում է մեր ընդհանուր սկզբունքներից յուրաքանչյուրին, այդ թվում՝ իշխանությունների տարանջատման սկզբունքին»: