Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքում երրորդ տեղը զբաղեցրած թեկնածու, նախկին բանկիր Սերգեյ Տիգիպկոն չի բացառել, որ Ուկրաինայի նոր նախագահի ընտրվելուց հետո կարող է համաձայնել զբաղեցնել երկրի վարչապետի պաշտոնը:
BBC-ին տված հարցազրույցում վերջինս ասել է, թե պատրաստ է քննարկել այդ հարցը, եթե նոր նախագահը ներողություն խնդրի իր պոպուլիզմի համար: Ընդսմին, նա չի հստակեցրել, թե երկրորդ փուլ անցած երկու թեկնածուներից հատկապես ում նկատի ունի եւ ում հետ է պատրաստ համագործակցել:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ի ընտրությունների արդյունքում Տիգիպկոն հավաքել է ընտրողների քվեների 13 տոկոսը, եւ նրա հետ, մինչեւ ընտրությունների երկրորդ փուլը, բանակցում են ե՛ւ Յանուկովիչը, ե՛ւ Տիմոշենկոն: Տիգիպկոն հաստատել է, թե բանակցություններ են եղել երկու թեկնածուների հետ էլ, բայցեւ հայտարարել է, թե հավասար հեռավորություն է պահպանում երկու թեկնածուների հետ էլ եւ առայժմ չի փոխել իր դիրքորոշումը՝ չդիմել իր ընտրողներին եւ թեկնածուներից որեւէ մեկի օգտին քվեներ տալու կոչ չանել: Ինչ վերաբերում է առայժմ գործող եւ ընտրությունների առաջին փուլում ավելի քան 5 տոկոս հավաքած Վիկտոր Յուշչենկոյին, ապա նա, «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, հայտարարել է, թե հեռանում է իր զբաղեցրած պաշտոնից, որպեսզի կրկին վերադառնա: