Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԵՐ ՇԱՀԵՆՆ ՈՒ ՆՐԱՆՑ ՇԱՀԻՆԸ

Հունվար 23,2010 00:00

 Ադրբեջանի տնտեսական զարգացման ներկայիս նախարարը դպրոցական տարիներին գիշերը «Հայոց բերդն» էր կարդում եւ սիրահարված էր հայ աղջկա:

\"\" \"\"
Վալերիկ Վարդանյան        Շահին Մուստաֆաեւ

Երբ 2008-ի հոկտեմբերի 31-ին Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար դարձավ Շահին Մուստաֆաեւը, «Առավոտը» գրեց, որ սույն նախարարը ՀՀ Տավուշի մարզի Ջուջեւան գյուղի նախկին բնակիչ Շահեն Մուստաֆաեւն է: Ադրբեջանում ներկայումս իշխում է Ալիեւների կամ, ինչպես Ադրբեջանում են ասում՝ նախիջեւանա-հայկական կլանը՝ քաղաքական-տնտեսական վերնախավում հիմնականում Հայաստանից ու Նախիջեւանից սերվածներն են ու նրանց «դաբրոյով» այլոք: Խորհրդային տարիներին, երբ Հեյդար Ալիեւը ԿԳԲ-ի գեներալ էր, Ադրբեջանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար, ապա ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, նրա կենսագրության մեջ նշված էր, որ ծնվել է 1922 թվականին՝ Հայկական ԽՍՀ Սիսիանի շրջանում: Խորհրդային Միության փլուզումից հետո Ալիեւը «սրբագրեց» սեփական կենսագրությունը, նշելով, որ ծնվել է Նախիջեւան քաղաքում, բանվորի ընտանիքում: Ադրբեջանի Հանրապետության որոշ ղեկավարներ չեն հրապարակում, ծածուկ են պահում, որ ծնվել ու ապրել են Հայաստանում: Օրինակ, Հայաստանում ծնված Ադրբեջանի կրթության նախարար Միսիր Մարդանովի կենսագրությունում նշված է, որ ծնվել է 1946-ին, սակայն չի նշված՝ որտեղ: Նախարարին ինտերնետում հարց է տրված՝ ո՞րն է քո ծննդավայրը:

Ինչպես ասվեց, 2008 թվականի հոկտեմբերի 31-ին Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար է նշանակվել Շահին Մուստաֆաեւը: Նախարարության պաշտոնական կայքում (www.economy.gov.az) տեղադրված կենսագրականում մի պահ նշված էր, թե նախարարը ծնվել է Արեւմտյան Ադրբեջանի Նոյեմբերյանի շրջանում: Ադրբեջանցիների կեղծարարությունն այն աստիճան է հասել, որ Նոյեմբերյանի շրջանը դարձել է Արեւմտյան Ադրբեջան: Սակայն նախարարը «մոռացել» է նշել Ջուջեւան գյուղը, ուր ծնվել եւ ապրել է: Այժմ Շահեն Մուստաֆաեւի կենսագրականում, ինչպես Միսիր Մարդանովի պարագայում, նշված է միայն ծննդյան տարեթիվը՝ 1965, առանց ծննդավայրի:

Ջուջեւանը անտառներով գոտեւորված փոքրիկ, գեղատեսիլ գյուղ է, ուր լավ են հիշում Շահինին: Ջուջեւանում նա Շահեն էր, ըստ փաստաթղթերի, այդ հետագայում է Շահենը Շահին դարձել: 1990 թվականից Ջուջեւանի դպրոցի տնօրեն Վալերիկ Վարդանյանը լավ է ճանաչում Մուստաֆաեւների ընտանիքին, քանի որ դրկից էին: Նրա խոսքերով, Շահինի հայրը՝ Աբդըլան, Ջուջեւան է եկել, երբ հազիվ 16 տարեկան էր: Նա անասնապահ է աշխատել գյուղի կաթնաանասնապահական տնտեսությունում: Այստեղից էլ Աբդըլան խորհրդային բանակ է զորակոչվել: Ծառայությունն ավարտելուց հետո ամուսնության նպատակով փախցրել է 16-ամյա Մահուզարին: Հարս գալուց հետո կինը գյուղի թռչնաֆերմայում էր աշխատում: Աբդըլայի եւ Մահուզարի նախնիները Ադրբեջանի Ղազախի շրջանի Ղայմախլի գյուղից են եղել: Ամուսինները 3 աղջիկ եւ մի տղա են ունեցել: Ավագ աղջիկը՝ Լալազարը, Վանաձորում ավարտել է բժշկական ուսումնարան, որից հետո աշխատանքի է անցել Նոյեմբերյանի շրջանի սանէպիդկայանում: Շահինը գերազանց առաջադիմությամբ ավարտել է Ջուջեւանի 8-ամյա դպրոցը, ապա՝ Նոյեմբերյան քաղաքի թիվ 1 միջնակարգը՝ ստանալով ոսկե մեդալ: Գյուղում ադրբեջանական միակ ընտանիքին յուրայինի պես են ընդունել: Ջուջեւանցիները վկայում են, թե անասնապահ, 8-ամյա կրթությամբ Մահուզարն ինչ հափշտակությամբ էր կարդում մեր պատմավեպերը եւ հուզվում:

«Շահենը ռուսերեն էլ լավ էր սովորում, գեղեցիկ ձեռագիր ուներ», -հիշում է ռուսաց լեզվի ուսուցչուհի Կարինե Մանվելյանը: Ադրբեջանի ապագա նախարարը նաեւ շատ պատվախնդիր էր: «Մի անգամ կարմրած, ուռած աչքերով դասի էր եկել: Նախանձել էր, որ իր դասընկերներն արդեն կարդացել էին Ստեփան Զորյանի «Հայոց բերդը» եւ ողջ գիշերը չէր քնել, վեպն էր ընթերցել»,- հիշում է հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Անուշ Ալեքսանյանը:

Մուստաֆաեւների ընտանիքը կենցաղով, տանը տիրող մաքրությամբ չէր տարբերվում հայերից, բայց շահեկանորեն տարբեր էր Ղազախի շրջանի ադրբեջանական գյուղերի ցեղակիցներից, ովքեր մաքրության խնդրում թերանում էին: Մուստաֆաեւներն աշխատասեր էին, լավ էին վաստակում, հերթագրվել եւ «Ժիգուլի-2106» էին գնել, որը Շահենն էր վարում: Ադրբեջանական ընտանիքի անդամները հայկական սովորույթներով էին առաջնորդվում, սակայն իրենց տանը միայն ադրբեջաներեն էին խոսում: «Երբ Մահուզարի մայրը հյուր էր գալիս Մուստաֆաեւների տուն, այստեղ հաց չէր ուտում, ասելով, որ նրանք խոզի միս են ուտում»,- վերհիշում է Վալերիկ Վարդանյանը:

1986 թվականին, երբ ապագա նախարար Շահենի ավագ քրոջը՝ Լալազարին ամուսնացնում էին Նոյեմբերյանի Այրում ավանում բնակվող հայ մոր եւ ադրբեջանցի հոր զավակի հետ, Մուստաֆաեւները որոշել են հարսանիքը հայկական ձեւով, առանց «կալիմի»՝ գլխագնի անել: Սակայն Ղազախի շրջանի նրանց հարազատները սպառնացել են՝ այդ դեպքում նրանց հետ կապերը խզել, եւ արդյունքում հարսանիքը ադրբեջանական ավանդույթով է անցկացվել, եւ Մուստաֆաեւները հարսնացուի համար գլխագին են վերցրել: Բնավորությամբ ինքնամփոփ, սակայն համեստ ու աշխատասեր Շահենը սիրահարվել էր կիրովականցի մի հայ աղջկա: Մուստաֆաեւները կողմնակից էին իրենց տուն հայ հարս բերելու, սակայն չէին ցանկանում իրենց աղջիկներին հայերի հետ ամուսնացնել: Իմիջիայլոց նկատենք, որ սա Հայաստանում ապրող բոլոր ադրբեջանցիներին է հարազատ. հայ աղջիկ ուզում էին, հային աղջիկ չէին տալիս:

Միջնակարգը գերազանց ավարտելուց հետո Շահենն ընդունվել է Երեւանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտ, սակայն հայտնի իրադարձությունների պատճառով չի հասցրել ավարտել, Երեւանում մինչեւ 4-րդ կուրսն է սովորել, շարունակել Բաքվում եւ 1989-ին ավարտել Մոսկվայի Վոզնեսենսկու անվան ֆինանսատնտեսագիտական ինստիտուտի Բաքվի մասնաճյուղը:

Ջուջեւանի դպրոցի տնօրեն Վարդանյանի ընտանիքի հետ ադրբեջանցի ընտանիքի կապը շատ ջերմ է եղել, Նոյեմբերյանի Գիժսար հեռավոր ամառանոցում նրանց երեխաները նույն քոլիկում են քնել: Սակայն Սումգայիթի ջարդերից հետո Ջուջեւանի միակ ադրբեջանական ընտանիքի եւ գյուղի բնակիչների միջեւ հարաբերությունները սառել են: «Սումգայիթից հետո ինձ տեսնելիս Շահենը մշտապես փոխում էր ճանապարհը, խուսափում էր հանդիպումից»,- ասում է հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Անուշ Ալեքսանյանը:

Մահուզարը սկզբում դատապարտել է Սումգայիթում հայերի կոտորածը՝ անհանգստանալով, թե ինչ կարող է պատահել իրենց ու իրենց կառուցած տան հետ:

Ջուջեւանում, սակայն, հիշում են նաեւ, որ Մահուզարն այդ ժամանակ հայերի եւ ադրբեջանցիների ու թուրքերի քանակը համեմատելով ասել էր՝ «Դուք՝ հայերդ, քիչ եք, մի բուռ կուտ եք»:

Մի անգամ դպրոցում աշակերտներին հանձնարարված էր Թուրքիայի վերաբերյալ գրավոր առաջադրանք: Աշակերտներից մեկը Թուրքիան փոքրատառով է գրել: Շահենի կրտսեր քույրը՝ Գյուլնարան, ի նշան բողոքի՝ փոքրատառով է գրել Հայաստան անունը: Սակայն Մուստաֆաեւ ընտանիքի անդամները վիրավորվում էին, երբ ջուջեւանցիները նրանց, սովորույթի համաձայն, թուրք էին կոչում: Երբ հայ-ադրբեջանական հարաբերությունները սրվել էին, գյուղի մի քանի երիտասարդներ Մուստաֆաեւների ընտանիքին խորհուրդ են տվել հեռանալ Ջուջեւանից: Նույնիսկ օգնել են ամբողջ ունեցվածքը բեռնատարին բարձել: Գյուղի սովխոզն էլ գնել է նրանց տունը, ինչը եւս օգնություն էր ադրբեջանցի ընտանիքին: Ազերի ընտանիքը ոչ մի արժեքավոր բան չի թողել, ոչ մի կորուստ չի ունեցել, վնաս չի կրել: Նույնիսկ իրենց գոմի դուռն է տարել Ադրբեջան: Գինի ստանալու համար իրենց արդեն ճզմած խաղողն էլ, որին տեղացիները վրացիների նման «ճաճա» են ասում, չեն թափել, այլ տեղափոխել են Ղազախի Բաղանիս-Այրում գյուղ՝ օղի թորելու:

Մուստաֆաեւ ընտանիքը Ջուջեւանից լավ հուշեր ունի: 1990 թվականին Գյուլնարան սովորում էր Մոսկվայում եւ այնտեղից բացիկ է ուղարկել Վալերիկ Վարդանյանի ընտանիքին՝ հետաքրքրվել է վերջինիս երկու զավակների, ինչպես ինքն է անվանել՝ «գիժ թողլիների» մասին:

Ջուջեւանցիները լսել են, որ իրենց նախկին համագյուղացին հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին կռվել է Հայաստանի դեմ՝ քաջատեղյակ էր Նոյեմբերյանի շրջանի տեղանքին: Ըստ պաշտոնական կենսագրականի, պատերազմի տարիներին Շահին Մուստաֆաեւը հարկային մարմիններում է աշխատել, մի կարճ հատված էլ՝ բիզնեսով զբաղվել: «Մի կողմից հպարտանում եմ, որ մեր դպրոցի աշակերտը նման հաջողությունների է հասել, մյուս կողմից՝ ափսոսում…»,- ասում է Ադրբեջանի տնտեսական զարգացումների թիվ մեկ պատասխանատուի կայացման գործում մեծ ավանդ ունեցող Վալերիկ Վարդանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել