Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բազմաստիճան կենսաթոշակային համակարգ

Հունվար 23,2010 00:00

2011-ի հունվարի 1-ից կենսաթոշակների կուտակային համակարգը կգործի: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը նորից հիշեցրեց, որ նոր համակարգը ներառում է 2 բաղադրիչ՝ կամավոր եւ պարտադիր: Վերջինիս դեպքում ընդգրկվելու են մինչեւ 40 տարեկան քաղաքացիները: Նրանց կենսաթոշակները ձեւավորվելու են աշխատանքային տարիների ընթացքում՝ իրենց կատարած սոցիալական վճարումներից, այս դեպքում՝ արդեն աշխատավարձի տեսքով:

Քաղաքացու անհատական հաշվում, աշխատավարձի 5%-ից բացի, կավելանա նաեւ կառավարության կողմից տրամադրվող 5% համաֆինանսավորումը: «Այս համակարգը մեզ նաեւ հնարավորություն կտա մեղմել այն հնարավոր բացասական հետեւանքները, որ կարող են կապված լինել ֆինանսական տարբեր ճգնաժամերի հետ, այս համակարգով յուրաքանչյուր քաղաքացի կորոշի իր կենսաթոշակի չափը»: Կամավոր կենսաթոշակային բաղադրիչն էլ նախատեսված է նրանց համար, ովքեր կամովի կմասնակցեն մասնավոր ֆինանսական կառույցների կողմից առաջադրած տարբեր կենսաթոշակային մեխանիզմներին:

Պարոն Խաչիկյանի տեղեկացմամբ, կուտակային ֆոնդերը տնօրինելու են կառավարիչ ընկերությունները, մասնավոր կենսաթոշակային հիմնադրամները, որոնք շահույթ չհետապնդող ընկերություններ են ու բացառվում է, որ սնանկանան. «Գործելու են կարգավորման խիստ մեխանիզմներ, վերջին 10 տարիների փորձը ցույց է տալիս, որ ՀՀ թե՛ բանկային, թե՛ ապահովագրական շուկայում չեն եղել ցնցումներ եւ սնանկացումներ»: Պարոն Խաչիկյանի խոսքով, հաշվի են առնելու նաեւ մինչեւ 40 տարեկան քաղաքացիներին, որոնք ունեն աշխատանքային ստաժ. «Այդ քաղաքացիների համար կգործի բանաձեւ, որի դեպքում կհաշվարկվեն ինչպես աշխատանքային ստաժը, այնպես էլ կուտակված միջոցները»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել