Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանում քի՞չ են թանկացումները

Հունվար 23,2010 00:00

Շաքարավազի միջազգային գինը անցած տարվա ընթացքում ավելացել է 90%-ով, իսկ Հայաստանում՝ 37%-ով: Ներկրված բարձրակարգ կարագի գինն էլ մեր երկրում թանկացել է 25%-ով, այնինչ՝ համաշխարհային շուկայում թանկացել է 58%-ով: Այդ մասին երեկ հայտնեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Պատասխանելով այն հարցին, թե ներկրողներն այդ դեպքում վնասո՞վ են աշխատում, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Վնասի հարցը չէ: Դա նաեւ ծավալների եւ մրցակցային գների հետ է կապված»: Անդրադառնալով դեղերի շուկայի մոնիտորինգին, որը հենց հանձնաժողովի մասնագետների կողմից է իրականացվել, նա ասաց, որ այդ մոնիտորինգի արդյունքները դեռ ամփոփվում են եւ կներկայացնեն առաջիկայում, սակայն նախնական նշեց, որ դեղերի շուկայում գների բարձրացում գրեթե չկա:

2010-ին հանձնաժողովը նախատեսում է իրականացնել մի շարք նորարարություններ, առաջին հերթին դա կվերաբերի մեթոդաբանական բազայի ամրապնդմանը, մարզերում մրցակցային իրավիճակի գնահատմանը: Նա ասաց նաեւ, որ անցյալ տարի հանձնաժողովի կողմից իրականացվել է ավելի խիստ մոնիտորինգ՝ Ամանորի թանկացումների նախաշեմին, ինչի արդյունքում կանխվեց գների սրընթաց բարձրացումը: Այն հարցին էլ, թե՝ եթե հանձնաժողովը հայտնաբերում է խախտումը, պատժում է, տուգանքը մուտքագրվում է պետբյուջե, ինչո՞ւ սպառողին որեւէ փոխհատուցում չի տրվում իր կրած վնասի դիմաց, նա պատասխանեց. «Նման խնդիր կա ամբողջ աշխարհում: Դրա միակ ելքը առողջ մրցակցության դաշտի ապահովումն է, ուրիշ տարբերակ այս պահին չեմ տեսնում սպառողներին փոխհատուցելու: Մեզ համար դեռեւս շատ վաղ է մտածել նման մեխանիզմների մասին: Ասեմ, որ դրա համար կա դատարան, եւ սպառողները կարող են համատեղ հայցով դիմել դատարան՝ փոխհատուցման համար, սակայն վնասի չափը հստակ չափել՝ պրակտիկորեն անհնար է: Կարծում եմ, որ այն երկրից, որ ունի բազում պրոբլեմներ յուրաքանչյուր բնագավառում, չպետք է ակնկալել, որ կգործի կատարյալ եւ կկարողանա ապահովել կատարյալ ազատ մրցակցություն»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել