Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՈՒՆՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ

Հունվար 23,2010 00:00

\"\"Շահարկելով, որ կա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի «դաբրոն», «ԳԱԶ ԷՖԷՄ» ՍՊԸ-ն Փարաքարի ճանապարհին, խախտելով քաղաքաշինական մի շարք նորմեր ու անտեսելով տեխնիկական անվտանգության կանոնները, կառուցում է հսկայական գազալցակայան:

Վերջերս մեր երկրում քիչ թե շատ կշիռ ունեցող մարդիկ իրենց ապօրինի օբյեկտները կառուցելու կամ արդեն կառուցվածներն օրինականացնելու համար փաստաթղթեր «դասավորելիս», սկսել են շահարկել հանրապետության նախագահի անունը, իբր՝ խնդիր չկա, Սերժ Սարգսյանը տեղյակ է: Նման արտահայտություններ լսելով՝ չինովնիկներն էլ օրենք են խախտում՝ մտածելով, եթե նախագահը հավանություն է տվել, ապա իրենք «քանի գլուխ ունեն՝ մերժեն»: Այս հրապարակմամբ հրավիրում ենք ՀՀ նախագահի ուշադրությունը, քանի որ հենց այսպիսի մեթոդներով էլ Փարաքար գյուղում ապօրինի գազալցակայանի կառուցման իր գործերն առաջ է տանում «ԳԱԶ ԷՖԷՄ» ՍՊԸ-ն: Մեր տեղեկություններով, «ԳԱԶ ԷՖԷՄ»-ի իրական սեփականատերը առողջապահության ոլորտում կշիռ ունեցող մի պաշտոնյա է: Օգտվելով առիթից, որ ամենացածր չինովնիկից սկսած մինչեւ բարձրաստիճան պաշտոնյան՝ առողջական խնդիրներով շատ հաճախ են իրեն դիմում, գազալցակայանի համար փաստաթղթեր ձեռք բերելու ժամանակ այս պաշտոնյան որեւէ խոչընդոտի հանդիպելիս աջ ու ձախ հայտարարում է, որ նախագահն այս գործից տեղյակ է եւ իր «դաբրոն» տվել է:

Գազալցակայանը կառուցվում է քաղաքաշինական նորմերի կոպիտ խախտումներով եւ այդ տարածքում շահագործելու դեպքում այն կարող է մարդկանց կյանքին լուրջ վտանգներ հասցնել:

Օրերս «Առավոտի» խմբագրություն այցելած Փարաքարի մի խումբ բնակիչներ մեզ հետ զրույցում պատմեցին, որ գազալցակայանը կառուցվում է իրենց գյուղի սեփականաշնորհված հողերի անմիջապես հարեւանությամբ: Բացի այն, որ արտադրական վտանգավոր օբյեկտը թվով 2-րդն է այդ տարածքում եւ էլ ավելի կաղտոտի մթնոլորտը, այն կառուցվում է առանց շինթույլտվության. «Երբ անցյալ տարի աշնանը դիմեցինք ՀՀ նախագահին, մասնագետներ եկան, ուսումնասիրեցին եւ մեզ պատասխանեցին, որ շինարարական աշխատանքներն այլեւս չեն իրականացվի, քանի որ հակասում են ՀՀ օրենքներին եւ գազալցակայանի կառուցման կարգին»:

Նշենք, որ անցյալ տարվա ապրիլի 1-ից մեր երկրում գործում է ԱԳԼՃԿ-ների (գազալցակայանների) կառուցման ու շահագործման նոր կարգ, որը նախորդի համեմատ ավելի խստացված է: Չնայած այս նոր կարգով հստակ սահմանված է, որ գազալցակայանները միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհներին պետք է կառուցվեն միմյանցից նվազագույնը 2 կմ հեռավորության վրա, սակայն «ԳԱԶ ԷՖԷՄ»-ի եւ գյուղի մյուս գազալցակայանի միջեւ հեռավորությունը ընդամենը 800-900 մետր է: Մեկ այլ կարեւոր հանգամանք եւս. նշյալ հատվածով մեկ այլ գազատար չի անցնում, որից կսնվի նորակառույց գազալցակայանը: Իսկ գործող մագիստրալից օգտվելու դեպքում, մասնագետների մեկնաբանմամբ, Փարաքարի գազ սպառող բնակիչները լուրջ խնդիրներ կունենան:

Տեխնիկական անվտանգության ծառայության փորձագետ Արթուր Ղազարյանի խոսքերով, բացի այն, որ բիզնեսի տեսանկյունից նպատակահարմար չէ այդքան մոտ տարածության վրա միանգամից 2 գազալցակայան կառուցել, գյուղի մագիստրալից օգտվելու դեպքում, եթե գազալցակայանն իր ճնշակը միացնի, բնակիչների գազի մատակարարումը կխափանվի. «Բնակիչը գազը բացում է եւ այդ պահին գազ չի ունենում, պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ մոռանա եւ գազը չանջատի, ու երբ գազամատակարարումը վերականգնվի՝ ինչպիսի դժբախտ դեպքեր կարող են պատահել»:

Ճիշտ է, այս օրերին գազալցակայանի շինարարությունը կասեցված է, սակայն, մեր տեղեկություններով, գազալցակայանի փաստաթղթերի փաթեթը կրկին ուսումնասիրություն է անցնում քաղաքաշինության նախարարությունում: Նկատենք, որ այս փաթեթը մեկ անգամ արդեն ուսումնասիրվել է եւ քաղաքաշինության նախարարի կողմից մերժվել ու հետ է ուղարկվել: Ըստ որոշ լուրերի՝ չի բացառվում, որ այս անգամ այն հավանության արժանանա եւ դրական եզրակացություն ստանա:

Երեկ մեր հարցին ի պատասխան՝ քաղաքաշինության նախարարությունից հայտնեցին, որ այս պահին գազալցակայանի շինարարությունը կասեցված է: Սակայն «Առավոտի» հարցին, թե հնարավո՞ր է, որ այն դրական եզրակացություն ստանա, անկախ այն բանից, որ քաղաքաշինական նորմերին չի համապատասխանում, ասացին, որ իրենք հավելյալ ոչինչ չեն կարող հայտնել: Փարաքարցիների խոսքերով, մի քանի օր առաջ էլ իրենց կրկին այցելել են ընկերության ներկայացուցիչներն ու նախազգուշացրել, որ բողոքեն-չբողոքեն, միեւնույն է՝ գազալցակայանը կառուցվելու է. «Նրանք ասացին, որ իրենց բացարձակ չի հետաքրքրում մեր կարծիքը, քանի որ կա ՀՀ նախագահի համաձայնությունը, եւ իրենք այն կառուցելու են: Նախագահական ընտրությունների ժամանակ մենք մասնակցել ենք ընտրարշավին, եղել ենք նախագահի կուսակցության աջակիցները եւ վստահ ենք, որ պարոն Սարգսյանը թույլ չի տա, որպեսզի խախտվեն ՀՀ օրենքներն ու սահմանված կարգերը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել