Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԵԽԽՎ-ն Հայաստանի դայակը չէ»

Հունվար 23,2010 00:00

\"\"Հիշեցնում է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության նախկին ղեկավար Տիգրան Թորոսյանը

Մեր ընդդիմությունը մշտապես մեղադրել է միջազգային ու մասնավորապես՝ եվրոպական կառույցներին, թե պատրաստ են հանուն Հայաստանի իշխանությունների զիջողականության (անցած տարիներին նշվում էր Ղարաբաղի խնդրի լուծումը, վերջին շրջանում ավելացավ նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը) աչք փակել մեր երկրում ժողովրդավարական խնդիրների վրա: Մեր խնդրանքով անդրադառնալով այս պնդմանը՝ ԱԺ նախկին նախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին ղեկավար Տիգրան Թորոսյանն ասաց. «Առանձին երկրների դեպքում դա, բնականաբար, ոչ միայն գոյություն ունի, այլեւ նկատելի է: Սա ակնհայտ իրողություն է եւ բխում է այդ երկրների շահերից: Եվ այս մոտեցումը տարածվում է ոչ միայն Հայաստանի նկատմամբ:

Բայց ԵԽԽՎ-ում մենք բախվում ենք բոլորովին այլ խնդրի: Շատ հաճախ Հայաստանի ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունն ընտրում է բոլորովին այլ լեզու, այլ մոտեցումներ, այլ սկզբունքներ՝ այդ կառույցին ինչ-որ մի բան համոզելու համար: Եվ հաճախ ինչ-ինչ հարցեր, որոնք անգամ կարող են շատ կարեւոր լինել՝ այլ մոտեցումներ ընտրելու պատճառով կարող են դուրս մնալ ԵԽԽՎ-ի կամ համազեկուցողների ուշադրությունից: Կարող է նաեւ մատուցման ձեւը լինել այնպիսին, որ բոլորովին այլ տպավորություն ձեւավորվի, քան իրականում կա այդ հարցի վերաբերյալ: Անգամ հաճախ մեղադրանքներ են հնչում զեկուցողների անաչառ չլինելու կապակցությամբ. ընդ որում՝ դրանք երկուստե՛ք են հնչում՝ պայմանավորված այն հանգամանքով, թե զեկուցողներն իրենց այս կամ այն արտահայտությամբ ում հետ կապված են խնդիրներ առաջադրում՝ իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության:

Կարծում եմ՝ նման դեպքերում ավելի ճիշտ կլինի, որ քաղաքական ուժերն ավելի ուշադիր լինեն իրենց գործունեության եւ Վեհաժողովի ներկայացուցիչների հետ հարաբերությունների նկատմամբ: Եվ եթե իսկապես ուշադիր լինեն՝ կարծում եմ, կկարողանան գտնել մոտեցումներ, որոնցով կարելի է հասնել տարբեր հարցերի լուծման:

Եվ վերջինը՝ սրա հետ կապված. ԵԽԽՎ-ն Հայաստանի կամ որեւէ անդամ երկրի դայակը չէ: Այդ կառույցը ունի բազմաթիվ խնդիրներ, եւ սա շատ կարեւոր հանգամանք է, որը պետք է հաշվի առնել: Նույն զեկուցողներն իրենց երկրներում ու ԵԽԽՎ-ում ունեն բազմաթիվ հետաքրքրություններ: Ցավոք՝ Հայաստանն ամենամեծ հետաքրքրությունն առաջացնող երկրների մեջ չի մտնում. սա էլ պիտի հաշվի առնել: Այսինքն՝ իրենց վերաբերմունքը պայմանավորված է առաջին հերթին այն հանգամանքով, թե ի՛նչ փաստեր են իրենց ներկայացվում եւ ինչպե՛ս են ներկայացվում՝ սա է ամենակարեւորը: Մի դեպքում կարող ես հասնել նրան, որ ուշադրությունը մեծ լինի, եւ արվեն լուրջ քայլեր, իսկ մյուս դեպքում կարող ես «հասնել» նրան, որ բացարձակապես ուշադրություն չդարձվի, եւ անգամ կարող է բացասական վերաբերմունք ձեւավորվել՝ միգուցե, չարտահայտելով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել