Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԴ-ն թատերական ներկայացում խաղաց

Հունվար 23,2010 00:00

Երեկ Հայ ազգային կոնգրեսը հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Հայ-թուրքական արձանագրություններում առկա անընդունելի դրույթները դարձան վարչախմբի վարած արկածախնդրական ու տգետ արտաքին քաղաքականության հերթական արգասիքը։ Ծուղակը, որի մեջ հայտնվել էր Սերժ Սարգսյանն իր հայտնի «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանակներում, ու դրա արդյունք հիշյալ դրույթները մեծ հուզումներ առաջացրեցին ինչպես Հայաստանում, այնպես էլ հայության մեջ ամբողջ աշխարհում։ Ստորագրված արձանագրությունները, անկախ դրանց՝ խորհրդարանական վավերացումից, արդեն իսկ գործող արգելապատնեշ են Հայոց ցեղասպանության հետագա ճանաչման ճանապարհին։ Իսկ խորհրդարանական վավերացում պահանջող դրույթով Թուրքիան, ըստ էության, վճռորոշ դերակատարություն է ստացել ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում։ Մինչդեռ միակ բանը, որ պետք է ստանար Հայաստանը՝ ճանապարհների բացումը (ապաշրջափակումը), կարող էր իրականանալ միայն արձանագրությունների վավերացումից հետո։

ՀՀ Սահմանադրական դատարանը ընդունեց մի որոշում, որով արձանագրությունները ճանաչեց ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ այն օժտելով ընդարձակ մի նկարագրական-պատճառաբանական մաս՝ առաջաբանով։ Որքան էլ վերջինս իրավական որեւէ ուժ չունի, իշխանական քարոզչամեքենայի եւ այս խնդրում «ըննդիմադիր» Դաշնակցության կողմից այն թմբկահարվեց որպես «թուրքական նախապայմանների չեզոքացում», դրանցից ապահովագրում, ընդհուպ՝ գնահատվեց որպես «դիվանագետների անգրագիտությունների սրբագրում»։

ՍԴ-ն թատերական մի ներկայացում խաղաց՝ ընդունելով իրավական տեսակետից խայտառակ ու գավառամիտ մի փաստաթուղթ։ Կենցաղային մակարդակի այս խորամանկությունը, որ որպես քարոզչական նյութ նախատեսված էր միմիայն ներքին սպառման՝ ձախողումները սքողելու, ինչպես նաեւ ընդդիմադիր դաշտ գործուղված Դաշնակցության դեմքը փրկելու համար, սպառնում է դառնալ սեփական ձեռքերով հյուսված նոր մի ծուղակ Հայաստանի համար։ ՀՀ Սահմանադրական դատարանը թանկարժեք նվեր մատուցեց Թուրքիային, որքան էլ նրա որոշման ներածական մասը՝ հեքիաթ, իրավական ուժից զուրկ մի շարադրանք է, Թուրքիան, Հայաստանի իշխանությանը նմանակելով ու նույն մակարդակին լինելով, այն լրջի է տալիս։ Դրանում «նախապայմաններ» եւ «Արձանագրություններին հակասող» մտքեր տեսնելով՝ նա պահանջում է վերանայել այդ որոշումը՝ հակառակ դեպքում գործընթացի փակուղի մտնելու պատասխանատվությունը դնելով Հայաստանի վրա։ Ստորագրված արձանագրություններից (նաեւ չվավերացված վիճակով) առավելագույնը ստացած լինելով՝ Թուրքիան ստացավ նաեւ իր փնտրած «լեգիտիմ» առիթը՝ Հայաստանին չտալու այն նվազագույնը (ճանապարհների բացումը), որ հնարավոր էր միայն արձանագրությունների վավերացումից հետո։

Սեփական ձեռքերով հերթական ծուղակում հայտնվելը արդյունք է ոչ միայն Հայաստանի իշխանության ոչ լեգիտիմության եւ արկածախնդրական քաղաքականության, այլեւ համապատասխան պաշտոնյաների անձեռնհասության ու բացառիկ տգիտության»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել