Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի պաշտպանություն Նիկոլի

Հունվար 23,2010 00:00

Այս նշանաբանով երեկ տեղի ունեցած երթն անցավ առանց միջադեպերի

Երեկ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ներկայացուցիչները, այդ թվում՝ «Հատուկ գունդ», «Հիմա», «Լինենք տերը պետության» կազմակերպություններից, ի պաշտպանություն «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի եւ ընդդեմ նրա նկատմամբ կայացված դատավճռի բողոքի երթ էին կազմակերպել:

Նախապես շեշտենք, որ այս անգամ բողոքի երթի ընթացքում որեւէ միջադեպ չգրանցվեց, եւ հասարակական կարգը պահպանող ոստիկաններն էլ որեւէ մեկին չքաշքշեցին եւ ոստիկանության բաժին չտարան, որովհետեւ ակցիայի մասնակիցներին մոտենալով՝ նախ ճշտել էին երթի ուղղությունն ու նաեւ նախապես զգուշացրել, որ երկրի իշխանության ներկայացուցիչների հասցեին վիրավորանք կամ կարգախոսներ չհնչեցվեն: Երիտասարդները համաձայնեցին եւ կատարեցին իրենց խոստումը երթի ողջ ընթացքում՝ վանկարկելով միայն Կոնգրեսի ավանդական մյուս կարգախոսները՝ «Ազատ, անկախ Հայաստան», «Ազատություն Նիկոլ Փաշինյանին» եւ «Հայաստանի փրկությունը կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես»: Ոստիկաններն էլ «հարամություն» այս անգամ չարեցին: Այս անգամ ընդամենը երկու ոստիկան էր ուղեկցում ակցիայի մասնակիցներին:

Իսկ երթը, ինչպես ասացինք, Կոնգրեսի գրասենյակի մոտից՝ Կորյունի փողոցից, շարժվեց դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ գտնվում է Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակը, անցավ նաեւ ՀՀ ԱԳ նախարարության եւ ՀՀ գլխավոր դատախազության շենքերի մոտով, որտեղ արդեն ոստիկանության աշխատակիցները շարք էին կազմել:

ԵԽ գրասենյակի մոտ երթի մասնակիցները մի պահ կանգ առան, վանկարկեցին իրենց կոչերը, ապա ԵԽ-ին ուղղած իրենց նամակը հանձնեցին ԵԽ քաղաքական եւ տեղեկատվական հարցերի պատասխանատու Վահագն Մուրադյանին, որն էլ խոստացավ նամակը փոխանցել վերադասին: Դրանից հետո երթի մասնակիցները շարժվեցին դեպի ՀԱԿ-ի գրասենյակ:

Իսկ նամակում երիտասարդական կազմակերպությունները դիմել են ԵԽ-ին՝ պահանջելով հետամուտ լինել եւ միջոցներ ձեռնարկել, որպեսզի Հայաստանը կատարի այն պարտավորությունները, որոնք ստանձնել է այդ կառույցի առջեւ: Նրանք նաեւ պահանջել են, որպեսզի բոլոր այն բանաձեւերը, որոնք ընդունվել են ԵԽԽՎ-ում եւ առնչվում են «Մարտի 1»-ի գործի եւ Հայաստանում քաղբանտարկյալների հետ, ի կատար ածվեն եւ բոլոր քաղբանտարկյալներն ազատ արձակվեն: Ի դեպ, երեկվա երթը ուղեկցում էին ոչ միայն ոստիկանները, այլեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները:

Երթն ավարտվեց Կոնգրեսի գրասենյակի մոտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել