Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԹՅՈՒՐԸՄԲՌՆՈՒՄ ԿԱՄ՝ ՈՉ ՃԻՇՏ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունվար 23,2010 00:00

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը այսպես է բացատրում իրանական ԶԼՄ-ներում Քոչարյանին վերագրված արտահայտությունները՝ միաժամանակ հայտարարելով, թե նա որեւէ հայտարարություն էլ չի արել:

\"\"Հունվարի 21-ին հայաստանյան ԶԼՄ-ները հղում կատարելով իրանական «Tehran Times» օրաթերթին՝ հաղորդել էին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետական հրավերով գտնվել է Թեհրանում եւ հանդիպումներ է ունեցել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի եւ ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքիի հետ։ Նույն աղբյուրի փոխանցմամբ, Քոչարյանն իր այցի ընթացքում նաեւ որոշակի հայտարարություններ էր արել, օրինակ՝ ասելով, թե «Հայաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը Իրանի հետ», Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը որակել էր որպես «տարածաշրջանի երկրների կայունությունը եւ անվտանգությունը խաթարող երեւույթ», նաեւ՝ «Կովկասի ճգնաժամերը կարգավորելու՝ օտար տերությունների դեղատոմսերը վնասակար են» եւ այլն: Այս առնչությամբ ԶԼՄ-ների մոտ տրամաբանական հարց էր ծագել՝ արդյոք Ռ. Քոչարյանը լիազորված եղե՞լ է Հայաստանի անունից հայտարարություններ անելու համար:

Ի պատասխան այս տարակուսանքին, երեկ Քոչարյանի գրասենյակը հանդես է եկել միանգամից երկու հայտարարությամբ: Ըստ այդմ, ՀՀ երկրորդ նախագահն իր տիկնոջ հետ երկօրյա այցով Իրան է այցելել այդ երկրի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքիի հրավերով: «Այցի օրերին տպագիր եւ էլեկտրոնային մամուլում «Tehran Times» պարբերականի եւ իրանական այլ ԶԼՄ-ների վրա կատարած հղումներով հայտնվել են Քոչարյանի հանդիպումների մանրամասները ներկայացնող ոչ հավաստի տեղեկություններ, մասնավորապես՝ ԻԻՀ նախագահի եւ ԱԳ նախարարի հետ հանդիպումների ժամանակ ՀՀ երկրորդ նախագահի կողմից, իբր, արված հայտարարություններ։ Իրականում, ամբողջ այցի ընթացքում, որը բարեկամական եւ ոչ պաշտոնական բնույթ է կրել, ինչպես նաեւ նշված հանդիպումների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը հայտարարություններով հանդես չի եկել։ Ըստ ամենայնի, տեղի ունեցածը թյուրըմբռնման կամ լրատվամիջոցների կողմից ոչ ճիշտ թարգմանության արդյունք է»։

Մյուս հաղորդագրությունից, սակայն, պարզ է դառնում, որ Քոչարյանը Թեհրանում, այնուամենայնիվ, որոշակի հայտարարություններով հանդես եկել է: Ըստ հաղորդագրության, մասնավորապես Իրանի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ «տեղի է ունեցել մտքերի փոխանակում երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանում առկա իրավիճակի շուրջ։ Ռոբերտ Քոչարյանը իր տեսակետներն է հայտնել միջազգային եւ տարածաշրջանային արդի զարգացումների վերաբերյալ»։

Մինչ այս հաղորդագրությունները ստանալը՝ «Առավոտը» փորձել էր պարզել, թե ինչպե՞ս են մեկնաբանում Քոչարյանի այս այցն ու նրա արած հայտարարությունները հայաստանյան քաղաքական ու հասարակական գործիչները, առավել եւս, որ այդ այցին հետեւած առաջին արձագանքներից մեկն էլ այն է եղել, թե Քոչարյանը դրանով ցույց է տալիս, որ պատրաստվում եւ հավակնում է մեծ քաղաքականություն վերադառնալ:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն, օրինակ, շատ ցավագին չի վերաբերվում այդ փաստին՝ արձանագրելով, որ Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները ե՛ւ Քոչարյանի պաշտոնավարումից առաջ, ե՛ւ հետո, միշտ էլ եղել են բավականին սերտ ու բարեկամական: «Նախկին նախագահը քաղաքական ֆիգուր է, միգուցե նա իր մասնավոր կարծիքն է ասել: Հնարավոր է՝ մի փոքրիկ նյուանս բաց թողնվի ԶԼՄ-ների կողմից, եւ տպավորություն ստեղծվի, որ հայտարարությունը ՀՀ-ի անունից էր: Բայց եթե այդպես է՝ շատ ոչ կոռեկտ չէ: Իսկ եթե հայտարարությունն արվել է բացարձակապես ՀՀ-ի անունից՝ այստեղ, իրապես, խնդիր կա: Դրանք նկրտումներ են կամ անտակտություն»: Հարցին՝ արդյոք ՀՀ երկրորդ նախագահի հնարավոր վերադարձի միտումները կամ հնարավորությունն այսօր նկատելի՞ են, տիկին Խառատյանը պատասխանեց. «Նման զգացողություն միշտ էլ եղել է, բայց դա մի տեսակ քողարկված է եղել, ցայտուն չի դրսեւորվել: Իմ կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանը ոչ թե ակտիվ քաղաքականություն վերադառնալու ծրագրեր ունի, այլ երբեք էլ այդ ծրագրից բաժանված չի եղել»:

Ի տարբերություն տիկին Խառատյանի, ԳԽ նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը զարմացած է ՀՀ երկրորդ նախագահի պահվածքից. «Նման բան աշխարհում անհնար է, երբ երկրի ղեկավարը ողջ-առողջ՝ ինչ-որ մեկը գնա եւ հանդես գա պետության անունից: Նորմալ, ինքնիշխան երկրում դա աբսուրդ կհամարվի: Բայց Հայաստանի նման երկրի համար այլ գնահատական կա. ասենք, Իգոր Իվանովն անձեռոցիկի վրա գրել է՝ «Ռոբերտ, գնա Իրան»: Հայաստանի իրականությունն այդպիսին է, եւ այդ սխեմայի մեջ նման քայլերը միանգամայն տեղավորվում են: ՀՀ իշխանությունների ինքնուրույն խաղը սահմանափակվում է միայն այն հատվածով, ինչը վերաբերում է իշխանապահպանմանը: Հայաստանի ապագա, հեռանկարներ եւ նմանատիպ մնացյալ հարցերը վաղուց արդեն Հայաստանում չեն քննարկվում»: Նրա ասելով, դա վերաբերում է նաեւ Քոչարյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու հնարավորությանը. «Եթե այդ նույն կենտրոններում որոշեն, որ նա պետք է վերադառնա, եւ մի որեւէ «Նաիրի Հունանյանի» գործուղեն՝ «հերոսական սխրանքներ» անելու, կամ գործեն 1998-ի փետրվարի 2-ի ինքնահրաժարականի սցենարով՝ հնարավոր է, որ վերադառնա: Ժողովրդի կամքով Հայաստանում որեւէ բան չի եղել»:

ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովն էլ այդ այցի մեջ արտառոց ոչինչ չտեսավ. «Քոչարյանը Իրան է այցելել որպես երկրորդ նախագահ, ինչը ընդունված պրակտիկա է, եւ այդպիսի այցելություններ ունենում են աշխարհի շատ այլ պետությունների նախկին նախագահներ»: Ինչ վերաբերում է Քոչարյանի արած հայտարարություններին, ապա Էդ. Շարմազանովը կարծում է, որ Քոչարյանը հայտնել է իր մասնավոր կարծիքը, եւ դրանում եւս արտառոց ոչինչ չկա, եւ դրանք Հայաստանի անունից արած հայտարարություններ համարել չի կարելի, որովհետեւ Հայաստանի անունից հայտարարություններ անելու եւ ՀՀ պաշտոնական դիրքորոշումը հայտնելու լիազորություն ունեն երեք պաշտոնյաներ՝ ՀՀ նախագահը, վարչապետն ու ԱԳ նախարարը: ՀՀԿ խոսնակը ձեռնպահ մնաց կարծիք հայտնելուց, թե արդյոք ՀՀ-ին եւ տարածաշրջանին վերաբերող հարցերի այդքան լայն շրջանակի մասին հայտարարություններ արած Քոչարյանի վերադարձն ակտիվ քաղաքականություն հնարավո՞ր է: Շարմազանովը միայն ասաց, թե նման ցանկության դեպքում Քոչարյանն ինքը պետք է հայտարարի:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ասելով էլ՝ «Քոչարյանի ցանկություններին ժողովուրդը վաղուց է տեղյակ՝ երիտասարդ թոշակառուի մասին նրա հայտարարությունից: Համոզված եմ, որ որեւէ երկրորդ շնչառության հույս Քոչարյանը չունի, որովհետեւ քաղաքականություն վերադառնալու որեւէ հնարավորություն չունի»: Իսկ Թեհրանում նրա արած հայտարարությունները, Ա. Սարգսյանի ասելով, կարող էին «հերթապահ հայտարարություններ լինել՝ իրեն ցույց տալու համար: Թիթիզություն, ոչ ավելին»:

Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանն էլ էր համարում, որ Քոչարյանի՝ որպես ՀՀ երկրորդ նախագահի, Իրան կատարած այցի մեջ արտառոց ոչինչ չկա. «Նորմալ բան է, երբ իրեն հրավիրում են, եւ ինքը գնում է»: Իսկ թե՝ իրավունք ունե՞ր խոսելու երկկողմ հարաբերությունների, Իրանի հետ համագործակցությունն ընդլայնելու Հայաստանի պատրաստակամության եւ այլնի մասին, ՀԱԿ ներկայացուցիչն ասաց. «Դրա համար նա պետք է լիազորություններ ունենար: Նա չէր կարող առանց լիազորությունների այդպիսի հայտարարություններ անել: Վստահ եմ, որ ինքը կարգապահ մարդ է, եւ, ըստ երեւույթին, որոշակի պայմանավորվածություն եղել է, ու նա լիազորված է եղել: Իսկ նման լիազորություն, կարծում եմ, կարող էր տալ միայն երկու գերատեսչություն՝ կա՛մ նախագահականը, կա՛մ արտգործնախարարությունը: Իսկ եթե նրանք իսկապես տեղյակ չեն եղել, նշանակում է՝ Քոչարյանը նրանց արհամարհել է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել