Շեշտում է արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը
«Սահմանադրական դատարանի յուրաքանչյուր որոշում ամբողջական փաստաթուղթ է, ինչից բխում է, որ դրանում ամրագրված դրույթները հավասարազոր իրավական արժեք ունեն, անկախ այն հանգամանքից, թե դրա որ հատվածում են զետեղված»,- «Ա1+»-ի հարցին, թե ՍԴ որոշման պրիամբուլան, մեկնաբանությունները ե՞ւս պարտադիր են խորհրդարանի համար, պատասխանել է ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: «Այլ կերպ ասած, ՍԴ որոշմամբ ամրագրված բոլոր դրույթները համապարտադիր են»,- ասաց նախարարը:
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Սահմանադրական դատարանի գործով ըստ էության ընդունված որոշումները պարտադիր են բոլոր պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար՝ ՀՀ ամբողջ տարածքում»:
«Ինչ վերաբերում է ՀՀ ԱԺ կողմից արձանագրությունները՝ ՍԴ-ի որոշմամբ ամրագրված մեկնաբանություններով վավերացնելու իրավական հնարավորությանը, ապա օրենսդիր մարմինը, որոշման հիման վրա վավերացնելով միջազգային պայմանագրերը, արդեն իսկ ամբողջությամբ ընդունում է այդ իրավական ակտը, քանզի այն մեկ ամբողջական իրավունքի աղբյուր է: Ոչ ոք չի կարող ՍԴ-ի որոշումն ընդունել մասնակի կամ դրան հակասող վերապահումներով»,- ասաց Գեւորգ Դանիելյանը:
Արդարադատության նախարարը նաեւ հավելեց, որ նշված 61-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «ՍԴ-ի որոշումները եւ եզրակացությունները վերջնական են եւ ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, ինչից բխում է, որ դրանք չեն կարող վերանայվել որեւէ միջնորդության արդյունքում»: Այդ առիթով «Ա1+»-ը հիշեցնում է, որ թուրքական կողմը պահանջում է վերանայել ՍԴ որոշումը:
Հակառակ նախարարի վերոհիշյալ մեկնաբանության, հունվարի 20-ին ԱԺ մեծամասնության՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ ՍԴ որոշումը՝ հայ-թուրքական արձանագրությունների մասին, միայն այն է, որ դրանք համապատասխանում են Սահմանադրությանը, այլ ոլորտներ, ըստ Սահակյանի, չեն կարող պարտադրաբար լինել ՀՀ ԱԺ-ի համար: