Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՈՎՔԵ՞Ր ԵՆ «ԶԶՎԵԼԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ»

Հունվար 23,2010 00:00

\"\"ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելելով Վերահսկիչ պալատ՝ հայտարարեց, որ պետական միջոցներին ձեռք մեկնող պաշտոնյան պետք է լինի ամենազզվելի մարդը մեր հասարակության համար:

Վերահսկիչ պալատը, Իշխան Զաքարյանի գլխավորությամբ, վերջին երկու տարում բավականին աղմկահարույց բացահայտումներ է կատարել, որոնց մասին մարդիկ խոսում են, եւ որոնք դեռ ոչ ոք չի հերքել: Գաղտնիք չէ նաեւ, որ այդ բացահայտումների արդյունքում ոչ մի պաշտոնյա չի ենթարկվել քրեական պատասխանատվության: Երեկ հանրապետության նախագահը հանդիպեց ՎՊ անդամների հետ: ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ ՎՊ-ի կողմից երկու տարվա ընթացքում վերահսկվել են գրեթե բոլոր նախարարությունները, ամեն ինչի մասին պարբերաբար զեկուցվել է հանրապետության նախագահին, 21 գործ ուղարկվել է դատախազություն, բազմաթիվ օրենքներում եւ կառավարության որոշումներում առաջարկվել են փոփոխություններ. «ՎՊ խորհուրդը ձեւավորվում է հանրապետության նախագահի հրամանագրերով, եւ այդ իսկ պատճառով ՎՊ-ն առաջին հերթին հաշվետու է հանրապետության նախագահին»,- հիշեցրեց պարոն Զաքարյանը:

Իսկ ՀՀ նախագահը հայտարարեց. «Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր երկրում կան բազմաթիվ պրոբլեմներ, եւ միայն միամիտներին կարող է թվալ, թե մեկ հարվածով կարելի է այդ բոլոր պրոբլեմները լուծել: Դրա մասին կարող են խոսել մարդիկ, ովքեր պատկերացում չունեն եւ պրոբլեմների ծավալի, եւ կառավարման մեթոդների, մարդկային հնարավորությունների մասին: Ուստի մենք պետք է տրամադրվենք տեւական, նպատակասլաց, համառ աշխատանքի: Անշուշտ, այդ տեւական, նպատակասլաց, համառ աշխատանքը չի կարող պատրվակ լինել, որ մենք մեր ժողովրդին ասենք՝ սպասեք, հինգ տարի հետո լավ է լինելու, տասը տարի հետո լավ է լինելու: Մենք պիտի կարողանանք պրոբլեմներից տարբերակել կարեւորները, պիտի կարողանանք նպատակաուղղված քայլեր կատարել այդ պրոբլեմները լուծելու համար: Իմ համոզմամբ, ՎՊ դերակատարությունը կայանում է նաեւ նրանում, որպեսզի կարողանա նկատել պրոբլեմները, թերությունները եւ, առաջին հերթին՝ կառավարման ոլորտում, եւ ոչ միայն նկատել այդ թերությունները, այլ նաեւ ակտիվ մասնակցություն ունենալ այդ թերությունների վերացման, պրոբլեմների լուծման գործում»:

Սերժ Սարգսյանը նաեւ հայտարարեց, որ ՎՊ-ի 2009 թվականի գործունեությունից ինքը գոհ է: Ըստ ՀՀ նախագահի, մեր հանրության մեջ արդարացի հարցեր են առաջանում, օրինակ՝ ինչպե՞ս է պատահում, որ ՎՊ-ն կոնկրետ խնդիրներ է վեր հանում, բացահայտում է կոնկրետ վատնումները, չարաշահումները, բայց դրանց արդյունքում այդպես էլ աղմկոտ գործեր չեն առաջանում եւ ոչ ոք քրեական պատասխանատվության չի ենթարկվում, պետական բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք չեն դատապարտվում: «Իհարկե, հարցադրումները օբյեկտիվ են: Այս առումով ես կարծում եմ, որ 2010-ին ձեր խնդիրը պետք է լինի շատ ակտիվ աշխատել նաեւ իրավապահ մարմինների հետ»,- հայտարարեց ՀՀ նախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել