Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անհամարժեք վարք՝ ոչ համարժեք արձագանք

Հունվար 22,2010 00:00

\"\"Կրելով երեք պարտություն ԱՊՀ եւ բալթյան երկրների չեմպիոնների գավաթի 18-րդ խաղարկությունում, լինելով մրցաշարի մասնակից 16 թիմերից միակը, որ իր ակտիվում գրանցեց 0 միավոր՝  Երեւանի «Փյունիկն» արդեն վերադարձել է տուն:

Ինչպես արդեն հայտնել էինք, Մոսկվայում մեր չեմպիոնի կազմում հանդես էին եկել բացառապես թիմի պոտենցիալ նորեկները: Նրանցից ոչ ոք, սակայն, առայժմ Երեւան չի ժամանել եւ միայն մարզչական շտաբում տեղի ունեցած քննարկումներից հետո պարզ կլինի՝ 18 ֆուտբոլիստներից որեւէ մեկը կմիանա՞ «Փյունիկին» Սոչիում անցկացվելիք առաջիկա հավաքի ընթացքում, թե՞ ոչ: Իսկ մինչ մեր չեմպիոնի մարզչական շտաբը ընտրություն կատարելու ու որոշումներ ընդունելու փուլում է, Մոսկվայում Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահի պաշտոնակատար Նիկիտա Սիմոնյանը չորեքշաբթի օրը հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձ է կատարել մեր թիմին: Լրագրողների հետ իր տպավորությունները կիսելով, Սիմոնյանը մասնավորապես նշել է հետեւյալը. «Մենք անցկացնում ենք մրցաշարի 18-րդ խաղարկությունը, ինչը հիանալի պատասխան է բոլոր հոռետեսներին: Իհարկե, ժամանակները փոխվում են եւ շատ թիմեր ներկայանում են երկրորդ կազմերով՝ մրցաշարն օգտագործելով փորձաշրջանի համար: Միակ ակումբը, որ տարակուսանք առաջացրեց՝ «Փյունիկն» էր, իր փորձաշրջան անցնող բազմաթիվ ֆուտբոլիստներով։ Անհասկանալի էր, հայկակա՞ն թիմ է խաղում, թե՞ աֆրիկական։ Դա ճիշտ չէ։ Այս հարցը մենք դեռ կքննարկենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ։ Մանավանդ որ, «Միկան» պատրաստ էր ուժեղագույն կազմով ներկայանալ Մոսկվա»:
ՌՖՄ նախագահի պաշտոնակատարի վերոնշյալ արձագանքը այլ պարագայում գուցե համարժեք համարվեր, սակայն Նիկիտա Սիմոնյանի խոսքերը առնվազն զարմանալի եւ անգամ անհեթեթ են թվում, եթե հիշենք, որ «Փյունիկի» ղեկավարությունն ի սկզբանե հակված չէր մրցաշարին մասնակցել, իսկ մասնակցության հարցը լուծվեց նույն Սիմոնյանի առաջադրած դե ֆակտո ուլտիմատումից հետո: Ռուսաստանի ֆուտբոլային միությունը խստացրեց պահանջները մասնակիցների նկատմամբ՝ պահանջելով, որ Մոսկվա ժամանեն միայն ԱՊՀ երկրների չեմպիոնները: Հակառակ դեպքում՝ պատվիրակ երկիրը կզրկվեր մասնակցությունից եւ չեմպիոնի փոխարեն այլ թիմ չէր հայտավորվի: Խուսափելով Հայաստանի համար նման տհաճ հեռանկարից՝ «Փյունիկը», այնուամենայնիվ, Մոսկվայում «հավաքեց» 18 ֆուտբոլիստի՝ ներկայացնելով գերակշռող մեծամասնությամբ սեւամորթներից կազմված այդ «բանակը» որպես իր երկրորդ կազմ, մինչդեռ՝ իրապես երկրորդ կազմը Երեւանում երկկողմանի հանդիպումներ էր անցկացնում առաջին թիմի հետ: Ցանկության դեպքում նման վերաբերմունքը, մեղմ ասած, անհարգալից կարելի է համարել թե մրցաշարի կազմակերպիչների եւ թե մրցակիցների նկատմամբ: Սակայն համարժեք չէր նաեւ արձագանքը:
Ինչեւէ, մենք փորձեցինք պարզաբանումներ ստանալ ՀՖՖ-ից, սակայն այս օրերին ՀՖՖ ղեկավարությունը, մասնավորապես՝ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, գտնվում է Մոսկվայում, որտեղ նախատեսված է ՈՒԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի նախագահների հանդիպումը ԱՊՀ եւ բալթյան երկրների ֆուտբոլի ազգային ֆեդերացիաների նախագահների եւ գլխավոր քարտուղարների հետ: Ըստ ամենայնի, Նիկիտա Սիմոնյանը հենց առաջիկա օրերի ընթացքում ՀՖՖ նախագահի հետ կքննարկի «Փյունիկի» վարքը»  Համագործակցության գավաթի 18-րդ խաղարկությունում:
«Առավոտը» այս թեմայի զարգացմանը առաջիկայում դեռ անդրադարձ կկատարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել