Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԵՐ ԱՌԱՋԻՆ ԾԻԾԵՌՆԱԿՆԵՐԸ

Հունվար 22,2010 00:00

\"\"2010 թվականի օգոստոսի 14-26-ը Սինգապուրում անցկացվելու են պատանեկան առաջին օլիմպիական խաղերը, որոնց ծրագրում ընդգրկված է 25 մարզաձեւ:
Միջազգային օլիմպիական կոմիտեն ազգային օլիմպիական կոմիտեներին, ըստ մարզաձեւերի, հատկացրել է մասնակցության սահմանափակ տեղեր, որոնք համալրելու համար մարզիկները վարկանիշային մրցումներում պետք է համապատասխան վարկանիշային միավորներ վաստակեն:
ՀԱՕԿ-ի կայքը տեղեկացնում է, որ մեր ազգային օլիմպիական կոմիտեն ՄՕԿ-ից ստացել է պաշտոնական գրություն, որով տեղեկացվում է, որ մեր երկիրն արդեն Սինգապուրի երեք ուղեգիր ունի, որոնցից մեկն անվանական է: Խոսքը վանաձորցի ձյուդոիստ, 60 կգ քաշային Դավիթ Ղազարյանի մասին է: Պատանի մարզիկն ուղեգիրը նվաճել է 2009 թվականին Եվրոպայի (3-րդ տեղ) եւ աշխարհի (5-րդ տեղ) առաջնություններում:
ՄՕԿ-ն անցած տարի Թաիլանդում անցկացված աշխարհի պատանեկան առաջնության արդյունքներով առավելագույն՝ երկու տեղ հատկացրել է ծանրամարտին: Իսկ թե մեր երկիրը ովքե՞ր եւ ո՞ր քաշային կարգերում կներկայացնեն, կորոշի մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիան:
Հայաստանի պատանի մարզիկները Սինգապուրի ուղեգրերի համար այս տարի էլ շարունակելու են հանդես գալ համապատասխան վարկանիշային մրցումներում: Հատկապես ակնկալիքներ կան բռնցքամարտից, հրաձգությունից, նետաձգությունից, մարմնամարզությունից:
Մրցաշրջան-2010-ում նախապատրաստական լուրջ անելիքներ ունեն նաեւ մեր ձմեռային մարզաձեւերի ազգային ֆեդերացիաները, քանի որ նախատեսված է 2012 թվականին Ավստրիայի Ինսբրուկ քաղաքում անցկացնել նաեւ պատանեկան ձմեռային անդրանիկ օլիմպիական խաղերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել