Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կան հետաքրքրելու այլ հնարքներ

Հունվար 22,2010 00:00

Երգիչ Արսեն Սաֆարյանը չի պատրաստվում «թրաշ» թողնել կամ ներկել մազերը

\"\"Երգիչ Արսեն Սաֆարյանը չերեւաց Ամանորի հեռուստաեթերներում, թեեւ վերջին շրջանում նրան հատուկենտ հեռուստատաղավարներում ենք տեսել:
«Ես ոչ մեկից էլ չեմ նեղացել»,- պարզաբանեց երգիչը ու հավելեց, որ, իսկապես, աշխատում է հնարավորինս քիչ երեւալ հեռուստաեթերնեում:
«Երբ հրավեր եմ ստանում մասնակցել այս կամ այն հեռուստածրագրի, ընտրության առջեւ եմ կանգնում: Պատճառն այն չէ, որ հոգնել եմ, թեեւ դա էլ կա, ուղղակի այդ շրջանն արդեն անցել եմ… Եվ հետո կան հեռուստածրագրեր, որոնց ձեւաչափն ինձ համար չէ: Նշեմ, որ անցյալ տարվա վերջն ինձ համար ծանրաբեռնված էր: Դեկտեմբեր ամսին, երբ սկսվել էին Ամանորի ծրագրերի տեսագրությունները, ես շրջագայությունների մեջ էի: Համերգներ եմ ունեցել Արցախում, Մոսկվայում, Իրանում: Մոսկվայից հետո առողջական լուրջ խնդիրներ ունեցա, ուժեղ մրսածություն էր՝ բավական տհաճ հետեւանքներով: Փառք Աստծո, հիմա ամեն ինչ լավ է»: Երգիչը պատմեց նաեւ, որ Ամանորը դիմավորել է Թեհրանում: Սա, թերեւս, առաջին Նոր տարին է եղել, որ նա անցկացրել է ընտանիքից հեռու, դեկտեմբերի 31-ն էլ իր համար աշխատանքային օր է եղել:
Մի ժամանակ Ա. Սաֆարյանը փորձեց երգիչ Միհրան Ծառուկյանի պրոդյուսինգով զբաղվել, հաջողվե՞ց դա եւ արդյո՞ք այլ ճանապարհով փող վաստակելու խնդիր ուներ: «Ոչ թե փորձեցի, այլ աշխատեցի եւ շարունակում եմ աշխատել Միհրանի հետ: Ինձ դուր է գալիս այդ երգիչը, որը նաեւ ազնիվ տղա է: Եվ մենք համատեղ ծրագրեր ունենք: Ինչ վերաբերում է փողին, դա էլ կա»,- պատասխանեց մեր զրուցակիցը: Հարցրի՝ դրամ վաստակելու խնդի՞րն է Արսենին շարունակում պահել «ակումբային» աշխատանքում, եւ դա այն դեպքում, երբ շատ երգիչ-երգչուհիներ պատճառաբանում են, թե ակումբում աշխատանքը բացասաբար է անդրադառնում ձայնի վրա:
«Ես չեմ պատրաստվում ապրել որեւէ երգչի պես, մանավանդ երգիչներս իրար նման չենք: Ինձ միշտ էլ դուր է եկել ակումբում աշխատելը, հատկապես այն ակումբում, որտեղ ես աշխատում եմ»,- ասում է Արսեն Սաֆարյանը ու չի համաձայնում այն մտքի հետ, թե իբր ակումբում ընկնում է երգչի ձայնի որակը:
Արսենը հայտնեց, որ չնայած որոշակի պասիվությանը, չի պատրաստվում ստեղծագործական դադար հայտարարել: «Շարունակում եմ աշխատել նոր երգերիս վրա, որոնց մեծամասնության երաժշտության հեղինակը ինքս եմ: Խոսքեր գրել են եղբայրս` Արթուրը, Ավետ Բարսեղյանը: Մտադրություն ունեմ հավաքելու փոքրիկ անսամբլ, որի ելույթները կհնչեն որեւէ հեռուստաալիքի ուղիղ եթերում: Դա դեռ մշակման փուլում է, որոշված չէ նույնիսկ հեռուստաալիքը»,- ասում է Արսենը:
Մի քանի հարց էլ երգչին տվեցինք ընտանիքի մասին եւ բեմական իմիջի փոփոխության վերաբերյալ: Պարզվեց, որ ասեկոսեներից պրծում չունեցող հայ էստրադայի մաչոն հոգնել է պատասխանել այն հարցին, որ ինքը եւ Սաթենը չեն ամուսնալուծվել: «Բամբասանքներ վերջերս համեմատաբար քիչ են ականջիս հասնում: Դրանից չեմ նեղվում եւ շատերի նման չեմ ասում՝ եթե չեն խոսում՝ ուրեմն մոռացել են… Վերջին բամբասանքը եղել է այն, որ թանկարժեք առանձնատուն եմ գնել…,- շարունակում է Արսենը ու պատասխանում է իմիջային կտրուկ փոփոխություններին վերաբերող հարցիս,- ճիշտն ասած, չեմ պատրաստվում «թրաշ» թողնել, մազերս ներկել եւ ասել՝ ժողովուրդ, իմիջս փոխել եմ… Եվ, անկեղծ ասած, ո՞վ է մեր երգիչներից կտրուկ փոփոխել իմիջը: Կան այլ հնարքներ հանդիսականի մեջ հետաքրքրություն առաջացնելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել