Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ընդհանուր հայտարարի չեկան

Հունվար 22,2010 00:00

Ռազմավարական նշանակության հարձակողական սպառազինությունների պայմանագիրը քննարկելու համար երեկ երկօրյա այցով Մոսկվա են ժամանել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմի ներկայացուցիչները՝ Օբամայի՝ ազգային անվտանգության գծով օգնական Ջեյմս Ջոնսն ու ԱՄՆ ԶՈՒ շտաբների պետերի կոմիտեի նախագահ Մայքլ Մալլենը: Սակայն, «BBC»-ի մատուցմամբ, բանակցությունները կարող են բարդանալ Լեհաստանի իշխանությունների կողմից ռուս-լեհական սահմանից 100 կմ հեռավորության վրա «Պետրիոտ» (նկարում) ամերիկյան հրթիռային համակարգ տեղակայելու որոշման ֆոնի վրա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նախատեսվել էր, թե ամերիկյան հրթիռներն ու դրանք սպասարկող անձնակազմը պետք է տեղակայվեն Վարշավայի մերձակայքում գտնվող Վեսոլայի տարածքում: Հակահրթիռային կայանքների տեղակայումը Ռուսաստանի սահմանից ոչ հեռու՝ բացատրվում է «ոչ թե ռազմավարական բնույթի խնդիրներով, այլ նրանով, որ այնտեղ՝ Լեհաստանում, կարող են ամերիկացի զինվորների եւ սարքավորումների համար տեխնիկական լավագույն պայմաններ ապահովել»: Այդ մասին, «Newsru»-ի փոխանցմամբ, հայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Բոգադան Կլիխան: Թե կոնկրետ ե՞րբ այդ հրթիռները կտեղափոխվեն Լեհաստան՝ տակավին հայտնի չէ, թեեւ, ըստ նախնական տեղեկությունների, դա կարող է տեղի ունենալ այս տարվա ապրիլին: Ամերիկյան հրթիռների տեղակայումը Լեհաստանում տեղի է ունենալու 2008թ. օգոստոսին երկու երկրների միջեւ ստորագրված՝ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում:
Մոսկվան նախկինում էլ առարկել է հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի ստեղծման դեմ եւ սպառնացել է փոխարենը Կալինինգրադի մարզում տեղակայել իր «Իսկանդեր» համակարգերը: Այսօր արդեն, ՌԴ ռազմածովային նավատորմի հրամանատարությունը չի բացառել, որ, որպես ամերիկյան համակարգերը Լեհաստանում տեղակայելու պատասխան, կարող է բարձր դիպուկայնությամբ զենքերի հաշվին ամրապնդել իր բալթյան նավատորմը, թեեւ ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքել է այդ տեղեկությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել