Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՈՒՄ ՈՒԶՈՒՄ ԵՔ ԲՈՂՈՔԵՔ»

Հունվար 22,2010 00:00

Կամ՝ ինչպես ազատվել անցանկալի աշխատակիցներից

Կամերային երաժշտության տան մի խումբ աշխատակիցներ, այդ թվում՝ բազմամյա, «Առավոտին» դժգոհեցին, որ իրենց աշխատանքային պայմանագրերը հունվարի 1-ից չեն թարմացվել: Նրանք  տարակուսած են՝ եթե պատճառը միջոցների սղությունն է, եւ տնօրեն Արման Ծատուրյանը չի ցանկանում ավելորդ աշխատակիցներ ունենալ, այդ դեպքում ինչո՞ւ է նոր մարդկանց՝ երիտասարդ աղջիկների աշխատանքի ընդունում կամ ինչո՞ւ է 3 տեղակալ ու նույնիսկ մեկ խորհրդական պահում: Ի դեպ, Ա. Ծատուրյանին խորհուրդ է տալիս ճանաչված դերասան Ազատ Գասպարյանը: Կամերային երաժշտության տան արդեն նախկին աշխատակիցների փոխանցմամբ, Կամերային երաժշտության տան տնօրեն աշխատելու 1,5 տարիների ընթացքում Ա. Ծատուրյանը մի շարք կամայականությունների է դիմել, ավելին, դեռ հայտարարել է՝ ում ուզում եք դիմեք, ես ամեն տեղ մարդ ունեմ: Հավանաբար, երիտասարդ տնօրենը նկատի է ունեցել իր եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանի միջեւ քավոր-սանիկային հարաբերությունները, ինչը սակայն մամուլում Վ. Սարգսյանը հերքում է:
«Ձեզ ենք դիմում Կամերային երաժշտության  տան մի խումբ արդեն նախկին աշխատակիցներ՝ ակնկալելով  անդրադարձ Կամերային երաժշտության տան տնօրեն Արման Ծատուրյանի կամայական գործողություններին: Մենք երկար տարիներ աշխատելով մշակույթի այդ օջախում, ունենալով մեծ փորձ ու վաստակ, այժմ հայտնվել ենք գործազուրկի կարգավիճակում, այն դեպքում, երբ մեզանից որեւէ մեկը չի համապատասխանում թոշակի տարիքի: Ընդ որում, մենք նախապես, ըստ օրենքի, երկու ամիս առաջ տեղեկացված չենք եղել այն մասին, որ մեզ հետ պայմանագիր չի կնքվելու, ինչը համարվում է Աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտում: Մինչ այդ, դեկտեմբեր ամսին արդեն դադարեցվել էր Կամերային երաժշտության տան համերգային գործունեությունը՝ վերանորոգման պատճառով, եւ մի խումբ աշխատակիցներ ստացել էին գրավոր ծանուցագիր՝ ամբողջ աշխատավարձի փոխարեն 10000 դրամ կոմպենսացիա ստանալու մասին: Մենք երկար տարիներ այդ համերգասրահում աշխատած լինելու պարագայում անգամ չենք արժանանում տնօրենի այն վերաբերմունքին, որ անձամբ տեղեկացնի մեզ՝ ինչու պայմանագրերը չեն թարմացվում եւ նշի  այդ քայլի դրդապատճառները: Արման Ծատուրյանի պաշտոնավարման 1,5 տարիների ընթացքում աշխատակիցների նկատմամբ անարդարացի վերաբերմունքի բազմաթիվ դեպքեր են եղել, սակայն ինչ-որ տեղ հանդուրժել ենք, համարելով, որ ժամանակի ընթացքում դրանք  կշտկվեն: Սակայն վերջին գործողություններն արդեն ապացուցեցին, որ նա գործում է գիտակցաբար, իր սեփական շահը հետապնդելով՝ փոքր համերգասրահում պահելով 3 տեղակալ եւ 1 խորհրդական՝ շատ բարձր՝ 100 հազար դրամից ավելի աշխատավարձով: Փոխարենը փորձառու մասնագետները ստանում են չնչին՝ 34000-35000 դրամ, անտրամաբանական եւ օրենքին չհամապատասխանող կրճատումներով աշխատավարձ: Նման գործողություններն անհանդուրժելի են…»,- ասված է ազատված աշխատակիցների նամակում:
Հեռախոսով կապվեցինք նաեւ Կամերային երաժշտության տան տնօրեն Արման Ծատուրյանի հետ: Նա պնդեց, որ իր բոլոր գործողություններն օրենքի դաշտում են, այդ թվում՝ աշխատակիցների հետ պայմանագիր չթարմացնելը, 3  փոխտնօրեն եւ մեկ խորհրդական պահելը, ընդամենը 10 հազար դրամ կոմպենսացիա վճարելը: Նա հավելեց, որ իրեն անհրաժեշտ են ոչ թե տարիքով, այլ ավելի երիտասարդ աշխատողներ, որպեսզի, իր  խոսքով՝ ոչ թե սուրճ խմեն, այլ վազվզեն տարբեր հիմնարկներով,  մարդկանց հետ խոսել իմանան. «մի խոսքով, մեզ պետք են, անգլերեն ասած՝ պրոջեկտ մենեջերներ»: Ինչ վերաբերում է նախկին աշխատակիցների այն դժգոհությանը, թե իրենց ասվել է՝ ում ուզում եք բողոքեք, այս մասին էլ պարոն Ծատուրյանն ասաց. «Դա իրենց իրավունքն է, ի դեպ, ես չեմ ասել, իմ փոխտնօրեններից մեկը… Ի դեպ, հիմա ընդունված է, մարդիկ հենց մի բանից դժգոհ են մնում, իսկույն վազում են թերթեր ու շանտաժ անում»:
Նա հավելեց, որ իր գալուց հետո ահագին գործ է արվել Կամերային երաժշտության տանը եւ այնտեղ արդեն հնարավոր է բարձրակարգ համերգներ  անցկացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել